Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական մարմինների ղեկավարների հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները: Այս հայտարարությանն արձագանքել են ՔՊ մի քանի պատգամավորներ։
Փաստորեն, Արցախի կապիտուլյացիան ստորագրած, ամբողջ զինամթերքն ու տեխնիկան հակառակորդին նվիրած, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձին նպաստած Արցախի նախագահը և յուր «պաշտոնյաները» նախ նեղսրտում են, որ Հայաստանում աշխատավարձ չեն ստանում, հետո էլ խոսում Հայաստանի Հանրապետության ներսում ինչ-որ ինստուտուտների գործարկման մասին:
Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Երևանում և Հայաստանում գործում են միայն և բացառապես ՀՀ օրինական ղեկավարության հրամանագրերն ու որոշումները:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը ընտրել է իր լեգիտիմ Ազգային ժողովին, Վարչապետին, ձևավորել ինստիտուտներ և վերջ: Հայաստանում կա մեկ իշխանություն և այդ մեկ իշխանությունը Հայաստանի օրինական իշխանությունն է:
Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից:
Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները` խստագույնս պատժվելու են»։
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից շաբաթներ առաջ նախագահ ընտրված Շահրամանյանի խորհրդականը երեկ «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները շարունակելու են գործել նաև հետագա տարիներին, քանի որ Շահրամանյանի՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնավարման շարունակությանն առնչվող հրամանագիրը փաստացի չեղարկել է Լեռնային Ղարաբաղի և դրա ինստիտուտների լուծարման մասին հրամանագիրը: Մի կողմ թողնենք այս պնդման իրավական ողջ անհեթեթությունը:
Նախ, ըստ որոշ խելքի պուտուկների ԼՂ ինստիտուտները շարունակում են գործել, ապա գուցե իրենց վրա վերցնեն ՀՀ բանկերի նկատմամբ ունեցած Լեռնային Ղարաբաղի՝ 315 մլրդ ՀՀ դրամի չափով պարտքը, որն այսօր ՀՀ կառավարությունը ստիպված եղավ վերցնել իր վրա:
Երկրորդ՝ ՀՀ տարածքում կա մեկ իշխանություն, ՀՀ՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ընտրված օրինական իշխանությունները: ՀՀ տարածքում գործում են բացառապես ՀՀ ինստիտուտները:
Եվ վերջապես դուք ձեր տկարամտությամբ (լավագույն դեպքում) Լեռնային Ղարաբաղը բերեցիք կործանման: Հույս չունենաք, որ նույնը կարողանալու եք անել Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանը տեր ունի, որը ձեզ թույլ չի տալու նույն օյինը խաղալ մեր պետության/ հայրենիքի հետ: Հանգիստ նստեք տեղներդ։
Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Լեռնային Ղարաբաղի կապիտուլացիան ստորագրած անձինք պետք է քաջ գիտակցեն, որ Երևանում ստորագրված` Ղարաբաղին վերաբերվող որևէ փաստաթուղթ ոչ մի իրավական ուժ չունի: Նմանատիպ ցանկացած «օրենք», ցանկացած «որոշում» առոչինչ են և ոչ մի կապ չունեն Հայաստանի Հանրապետության պետական և իրավական կառուցվածքի հետ: Բացի սադրանք լինելուց, դրանք ոչ մի օգտակար արժեք չեն ներկայացնում: Իսկ ՀՀ անվտանգության դեմ ցանկացած սադրանք պետք է ստանա կոշտ իրավական արձագանք ՀՀ իրավապահ մարմինների կողմից:
Իսկ «Պետական մարմինները» ըստ տրամաբանության պետք է սպասարկեն ժողովրդի շահերը: Ի՞նչ կամ ու՞մ շահն են սպասարկելու Շահրամանյանի ստեղծած «պետական մարմինները», եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տեր է կանգնում այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր