«Իրավական պետության կայացումից շեղվել ենք այնքան, որ թվում է, թե ընթանում ենք հակառակ ուղղությամբ: Այն համեստ նվաճումների դեպքում, որոնք ունեցել է հասարակությունն այս տարիների ընթացքում՝ լինի ժողովրդավարական գործիքների ու մեխանիզմների հաստատում, թե իրավական այս կամ այն մարմինների՝ պետությանը հարիր կեցվածք, ունեցել ենք մեծ հետընթաց, եթե չասեմ՝ պարզապես տապալում»,-«Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնում ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսին էր 2023 թվականը իրավական բաղթողումների և ձեռքբերումների առումով:
Հավելում է, որ ունի կարգախոս՝ եթե տեսնում ես՝ այսօր չի ստացվել, նշանակում է՝ պետք է քաղես դասեր և այնպես լծվես աշխատանքի, որ վաղը ստացվի: «Այս տարին մեզ համար դասեր քաղելու, նոր մոտեցումներ ցուցաբերելու և այն կամայականությունը կանգնեցնելու համար է, որն ամենուր է: Խոսքն իրական քաղաքացիական հասարակության մասին է, այլ ոչ թե գործիք դարձած ՀԿ-ների: Այստեղ երբևիցե չպետք է կորցնենք մեր լավատեսությունը: Սա մեր երկիրն է, ով էլ ու ինչ էլ անի, պետք է ավելի տոկուն լինենք և քաղաքացիական առումով ավելի խիզախ: Այս տարի, չնայած առանձին իրավաբանների ու իրավապաշտպանների մեծածավալ աշխատանքին, չենք կարծում, որ համակարգային առումով որևէ ձևով դրական արդյունքներ կունենանք: Նույնիսկ հակառակը, մեկ-երկու դեպքեր կան, երբ արդարացնում են մի քանի ամիս անազատության մեջ պահված մարդկանց, և դրանից ուրախանում ենք:
Հիշեցնեմ, որ մարդու իրավունքների վերականգնումը ոչ թե տեղի ունեցած սխալի ճանաչումն է, այլ դրանից հետո այն անձանց տրվող փոխհատուցումը, որոնց հանդեպ անարդար գործողություններ են տեղի ունեցել, և պատասխանատվության հրավիրումը այն մարդկանց, որոնք պատասխանատու են այդ հակաիրավական և հակասահմանադրական գործողությունների համար: Մյուս տարի պետք է ուշադրություն դարձնենք մարդու իրավունքների ամբողջական վերականգնմանը, այսինքն՝ եթե ոտնահարվել են իրավունքները, ոչ միայն հասնենք նրան, որ մերժվի այդ հերյուրանքը, այլ կարողանանք հաստատել, որ դա սուտ է, սխալ, երկրորդ՝ փոխհատուցումներ տրամադրվեն այն անձանց, որոնք վնասներ են կրել այդ հերյուրանքի կամ սխալ քայլերի հետևանքով, երրորդ՝ պատասխանատվության կանչեն բոլոր նրանց, ովքեր ինքնուրույն կամ վերևից կարգադրությամբ նման գործողություններ են իրականացրել: Եթե դրանք համապատասխանում են «հանցավոր անգործություն» եզրույթին, բոլորը պետք է համարժեք պատիժ կրեն»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
2024 թ.-ից սպասելիքների մասին խոսելիս նշում է՝ ինչին ազգովի արժանի ենք, այն էլ լինելու է: «Խոսքը այն մասին չէ, որ, օրինակ՝ մեկ տասնյակ կամ ավելի մարդ ակտիվ ու ազնիվ պայքարում են մարդու իրավունքների, մասնավորաբար խոսքի ազատության համար: Լուսահոգի Արմեն Գրիգորյանի վերաբերյալ կայացվել է մի դատավճիռ, որը խայտառակություն է երկրի համար: Ստացվում է, որ հայկական դատարանը «թուրք» խոսքն ընդունում է որպես վիրավորանք: Այնպիսի վիճակում ենք, որ կամազուրկ դատավորը չի հասկանում, չի ուզում հասկանալ կամ վախենում է հստակեցնել, բացատրել այդ հրաման տվողին, որ այդ դատավճիռը նշանակում է, որ Հայաստանում «թուրք» խոսքը համարվում է վիրավորանք: Գոնե մի քիչ խելք ունե՞ն: Զարմացած եմ ուղղակի, չնայած էլ զարմանալու տեղ չկա»,-հավելում է նա:
Կարդացեք նաև
Խոսքի ազատության մասին խոսելիս տիկին Ալավերդյանը գովասանքի խոսքեր է ուղղում այն լրագրողներին, որոնք, ի հեճուկս բոլոր խոչընդոտների, շատ բարձր մակարդակով կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները: Ներկա իշխանությունները, որոնք կառավարում են արդեն հինգ տարուց ավելի, իրավական կամ այլ ոլորտներում մշտապես համեմատություններ անելիս խոսում են «նախկին» ժամանակների ու պաշտոնյաների մասին: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենն առաջարկում է համեմատականներ անցկացնել:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում