Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ամփոփել է 2023 թվականը և Նիկոլ Փաշինյանին երկար-բարակ զեկուցել, թե ինչ վիթխարի նվաճումներ են արձանագրվել, քանի նոր աշխատատեղ է ստեղծվել, որքան է աճել մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, որ ոլորտում ինչքան ներդրումներ են արվել, քանի հարյուր միլիոն դոլար է ներդրվելու «դահուկային համալիր» ու «գոլֆի ակադեմիա» կառուցելու համար և այլն։ Նիկոլ Փաշինյանն էլ գոհունակությամբ լսել է ու իր հերթին մտքեր հայտնել աննախադեպ տնտեսական աճի տեմպերը պահպանելու մասին։
Նույն օրը նույն ժամին Ալիևը Ստեփանակերտի մարզադաշտում ֆուտբոլ էր խաղում, ադրբեջանցի լրագրողներն էլ լուսաբանում էին դա ու ռեպորտաժներ հեռարձակում «ազատագրված Խանքենդիից»։ Կադրերում էլ մեկ-մեկ հայտնվում էին Ստեփանակերտի երբեմնի շքեղ հյուրանոցներն ու ռեստորանները, իսկ մարզադաշտի ֆոնին երևում էր կիսակառույց բազմահարկ «էլիտար շենքը»․․․ Այդպես է, եթե դու ճոխությունների վրա ահռելի գումարներ ես ծախսում՝ երկրորդ պլան մղելով անվտանգության հուսալի համակարգի կառուցումը, ստեղծածդ ճոխություններն ուրիշներն են վայելում։ Սա, ի դեպ, Արցախի իշխանություններին ինչ-որ բանում մեղադրելու համար չենք ասում, պարզապես այսօր Հայաստանում ու հատկապես Երևանում տեղի ունեցողի հետ նմանությունն աչք է ծակում։ Որովհետև, եթե փոքր-ինչ խտացնենք գույները, իրավիճակը մոտավորապես նույնն է․ եթե Հայաստանն անվտանգության հուսալի երաշխիքները երկրորդ պլան է մղում՝ դժվար է ասել, թե վաղը-մյուս օրը ով է վայելելու հարյուրավոր կիսակառույց «էլիտարները» կամ «դահուկային համալիրներն» ու «գոլֆի ակադեմիաները»։
Անվտանգության հուսալի համակարգ կառուցելը ցանկացած իշխանության թիվ մեկ խնդիրն է, ու կապ չունի, թե ինչպես է կառուցվում՝ հզոր բանակո՞վ, միջուկային զենքո՞վ, թե՞ ճկուն ու հեռատես արտաքին քաղաքականությամբ։ Մինչդեռ «տնտեսական աննախադեպ նվաճումներով» պարծեցող Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանում, որ Հայաստանն անգամ «կադաստրի թուղթ» չունի, «խաղաղության դարաշրջանը» մեզանից չի կախված, ու անգամ մեր պետականությունն ու ինքնիշխանությունը պահպանելու հնարավորություններն են կասկածելի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում