Ասում է դեկան Տիգրան Սիմոնյանը
«Առավոտը» նախորդ ամիս անդրադարձավ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի դատական գործընթացներին, նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանից հետո բուհում ստեղծված իրավիճակին, Խիթարյանից հետո ժամանակահատվածին, երբ ռեկտորի ժամանակավոր պարտականությունները դրվեցին պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի վրա, ապա՝ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանի վրա, ուսխորհրդի անդամների՝ ՀՀ վարչապետին, նախարարին ուղղված նամակին («Ի՞նչ է կատարվում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում», «Առավոտ» օրաթերթ, նոյեմբեր 8):
Երեկ տեղեկացանք, որ դեկտեմբերի 19-ին ռեկտորի պարտականությունները կրկին ստանձնած Դավիթ Խիթարյանի աշխատանքային օրվա վերջում կայացրած հրամաններից մեկի համաձայն աշխատանքից ազատվել են պրոռեկտորներից՝ Անժելա Նուշիկյանը եւ Հիմնադրամի մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանը:
Ուշադրության արժանի է այն, որ նախորդ կարգապահական տույժը՝ նկատողությունը Տ. Սիմոնյանը ստացել էր խիստ նկատողությունից 3 օր առաջ, ռեկտորի պարտականությունները կատարող Լուսինե Ստեփանյանի հրամանով. «Ձեր կողմից ներկայացվել է հարց, որի հիմնավորվածությունը չի ներկայացվել գիտական խորհրդի անդամներին» հիմնավորմամբ:
Կարդացեք նաև
Սիմոնյանը եւ դասախոսներից շատերն այդ ժամանակ պահանջել էին Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ կապված բուհի անարդյունավետ կառավարման հետ:
Ի՞նչ ստացվեց. Դավիթ Խիթարյանի հրամանի հիմքում դրվեցին Լուսինե Ստեփանյանի նկատողությունները…
Տիգրան Սիմոնյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ ռեկտորի հրամանով իր հետ աշխատանքային պայմանագիրը խզել են հետեւյալ փաստական հիմքով. «Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանի հրամանները, Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը եւ աշխատանքային խմբի եզրակացությունը, գիտական խորհրդի թվով երկու նիստերին խորհրդի բնականոն գործունեությունը խոչընդոտելը»: Հրամանով հանձնարարվել էր ուսումնական հաստատության Ֆինանսավարչական գծով պրոռեկտորին, Ուսումնագիտական գծով պրոռեկտորին, Իրավական ապահովման բաժնի ղեկավարին կազմակերպել Սիմոնյանի հետ հանձնման-ընդունման գործընթացը:
Տ. Սիմոնյանն ասում է, որ դիմել էին Հոգաբարձուների խորհուրդ, ստեղծվել էր Հատուկ հանձնաժողով, որով հիմնավորվել էր, որ այդ նկատողություններն ապօրինի են:
Հանձնաժողովի որոշմամբ, այդ նկատողությունները պետք է չեղարկվեին: Սակայն մի կողմ թողնելով ղեկավարող մարմնի որոշումը, որոշվել է, որ պետք է ստեղծվի նորից հանձնաժողով: «Ինչ ստացվեց. մարդիկ որոշեցին չկատարել հոգաբարձուների որոշումը»,-ասում է Տ. Սիմոնյանը, որոնք հարկ չեն համարել մասնակցել գիտխորհրդի նիստին, նաեւ՝ դեկտեմբերի 19-ին կայացած խորհրդի նիստին:
«Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը հիմնավորված չէր, շինծու որոշում է կայացրել, անտեսելով մեր դիմումները, պատճառաբանելով, որ երկու նիստերին խոչընդոտել եմ: Այսինքն, պարտականությունները կատարողը դիմել է էթիկայի հանձնաժողով, նա տվել է եզրակացություն, իսկ ներկայիս ռեկտորը՝ Խիթարյանն էլ հրաման է տվել: Էթիկայի հանձնաժողովի ժամանակ ինձ մեղադրեցին, թե հարցազրույց ես տվել լրատվամիջոցին, որում ներկայացրել էի մեր ուսանողների ճնշման մասին իմ մեկնաբանությունները, փաստերը, որի մասին արձանագրությունում որեւէ բառ չկա: Հանձնաժողովից ութ հոգուց երկուսն են դեմ քվեարկել այդ որոշմանը»,-ասում է Տ. Սիմոնյանը:
Հարցիս՝ երկու նկատողություններն ստանալուց հետո արդյոք դատարան դիմելու մտադրություն չե՞ք ունեցել, Սիմոնյանը պատասխանեց. «Ինստիտուտի հեղինակությունը չգցելու համար հրաժարվել է, դիմելով Հոգաբարձուների խորհրդին: Չէի ուզում իմ ինստիտուտն իմ պատճառով ներքաշվի դատական գործընթացների մեջ: Մենք էլի դիմել ենք Հոգաբարձուների խորհուրդ, ըստ իս, մեր ինստիտուտին պատիվ չի բերում դատական շարանը: Հակակոռուպցիոնում մի քանի վարույթներ կան, դա պատիվ չի բերում մեր ինստիտուտին»:
Ի դեպ, Հոգաբարձուների խորհրդի երկու նիստ է հրավիրվել, օրակարգում ապօրինի որոշումների վերանայելն էր:
Զրուցակցիս դիտարկմամբ, ինստիտուտը կիսվել է. «Մենք չենք ասում պետք է կանգնել Սիմոնյանի կողքը, այլ ասում ենք՝ եկեք կանգնենք ինստիտուտի կողքը: Ամպագոռգոռ խոսքերի տեղ չի հիմա»:
Էթիկայի հանձնաժողովում Սիմոնյանն ասել է, որ կա դատական գործ, նշելով՝ Խիթարյանի ասածը՝ ընդդեմ ուսխորհրդի նախագահ Գայանե Չիլոյանի գործի մասին:
Նշենք, որ Հոգաբարձուների խորհրդում կա բողոք նաեւ ռեկտորի պարտականությունները նախկինում ստանձնած Ստեփանյան Լուսինեի դեմ:
Սիմոնյանի էլեկտրոնային փոստը, որպես «կորպորատիվ մեյլ», ստուգելու հրահանգ էր տվել Ստեփանյանը, հրապարակավ հայտնել էր, թե իր հրահանգով է նայվել նամակագրությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.12.2023