Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեգործությունը զարդ է»

Դեկտեմբեր 23,2023 12:00

Այս նախաձեռնության շնորհիվ երեք զարդագործ կին արվեստագետներ միացել են արցախահայ ընտանիքին իրենց զարդերի բարեգործական աճուրդի վաճառքով օգնելու նախագծին. զարդերը Աստղաշենի միլիոն տարվա վաղեմության աստղիկներով են պատրաստվել եւ մեկ օրինակից են, ունեն անուններ՝ «Հույս», «Հավատ» եւ «Սեր»:

Անհատների բարի կամքի դրսեւորումներով է, որ պատմության մեջ ունեցել ենք մարդիկ, որոնցով այսօր էլ հպարտանում ենք, մարդիկ՝ ովքեր իրենց անվան ու դրամի նժարի մյուս կողմում չեն վարանել դնել խիղճն ու այն նույնպես ծանր կշռել, կանգնել են իրենց ժողովրդի կողքին նրա օրհասական պահերին, եղել մեկենասներ արվեստագետների համար, նրանց ստեղծագործությունների կյանքի կոչման ճանապարհին լույս վառել։ Իրենց վաստակից ի վերջո այդ հայտնի անունների միայն բարի գործի մասին պատումներն են, որ հարատեւել են, վառ պահելով հիշատակն ու անունները հայ երեւելի մեկենասների ու բարեգործ-բարերարների։

«Բարեգործությունը զարդ է» նախաձեռնությունը արցախահայության բռնագաղթի առաջին իսկ օրից դարձավ դառն իրականության այս փոթորկող մթնոլորտում փոքրիկ, բայց լուսավոր, օրինակելի մի քայլ, երբ հայ մարդը որոշում է, հույսն ինքն իր վրա դրած՝ կանգնել իր հայրենակցի կողքին։ Մի ընտանիքի պատմություն է դրվում մեր առջեւ, ով կորցրել է ամեն ինչ, մասնակի փրկելով սեփական ընտանիքի կյանքը միայն, մի ողջ կյանքի հիշողություն, հպարտություն դրած այդպես էլ չհավաքված մտքի՝ ցավի ճամպրուկում, հայտնվել մայր հայրենիքի փողոցներում, անտուն, անհեռանկար, մշուշոտ ապագայով, բայց ապրելու եւ կրկին արարելու տոկունությունը չկորցրած, որին ամեն օր ստիպված է կերակրել հույսով ու հավատով, պահել ու պաշտպանել պետական, չինովնիկական, նաեւ պարզ մարդկային անարդարություններից, մանիպուլյացիաներից, տարատեսակ վերաբերմունքներից, որոնք հույս վառող չեն, հավատ ներշնչող չեն, սեր տալ չեն կարող եւ այլն, եւ այլն:

«Առավոտն» իր էջերում անդրադարձել էր արցախցի Իննա Բաղրյանի պատմությանը, աղջկա կողմից յոթ աստղիկների ընծային զինհաշմանդամ, գեղանկարիչ, ժողվարպետ, տեսակով ու էությամբ բնապաշտ՝ Գարիկ Միքայելյանին (լուսանկարում), որն էլ դարձավ հետագայում դժվարին կացության մեջ հայտնված աղջկա ընտանիքին օգնելու առիթ եւ հնարավորություն։ Երբ ուզում ես լավ բան անել դիմացինի հանդեպ, ճանապարհն ու միջոցները գտնում ես, իսկ երբ չկա նման ցանկություն՝ գտնում ես հազար ու մի պատճառներ այն չանելու համար, կասեմ ես։ Մարդ կա՝ ում համար ապրելակերպ է բարին ու բարեգործությունը, այն չունի սահմաններ ու սահմանումներ, ամենատարրական քայլերից՝ մինչ ճակատագրական զոհաբերություններ, բոլորն էլ իրենց պահի մեջ շատ կարեւոր են ու արդարացված։

«Աստղաշենի աստղիկները առաքելություն ունեին, նրանք հենց այնպես չէին հայտնվել մեզ մոտ, նրանք մի անծանոթ աղջկա բարի կամքի վկայությունն էին, որը նոր ընթացք ու կյանք պիտի ստանար, նաեւ առաքելություն ձեռք բերեր, շարունակելու իր բարի ճանապարհը, որպես մասունք հայոց ու հայկական Արցախից, որը աշխարհագրական տարածք որպես ժամանակավոր կորսված է հիմա մեզ համար, բայց մարդկանցով է մեր մեջ ներկա ու ապրող»,-ասում է Գարիկ Միքայելյանը, շեշտելով նման նախաձեռնությունների հանրայնացման կարեւորությունը մեր հուզական դաշտերը ինչով ասես լցնող առօրյայի մեջ, ուր մոռացվում, անտեսվում է հումանիզմն ու մարդկային շատ արժեքներ… Համոզված եմ, որ արվեստի իրական նվիրյալ մարդիկ կարող են լավագույն օրինակը լինել, ինչպես երեք տաղանդավոր, ստեղծագործ հայուհի զարդագործներ, ովքեր նաեւ նկարիչ դիզայներներ են, ունեն իրենց հիմնած բրենդային զարդերը, նրանք միացան այս նախաձեռնությանը, պատրաստելով մեկական օրինակից, էքսկլյուզիվ զարդ՝ Աստղաշենի աստղիկներով։

«Piafchik» բրենդ, Լինա Գագիկյան, «Հույս» զարդի հեղինակը, Հեղնար Պետրոսյան «Gisaneh jevelri» բրենդի հիմնադիր, «Հավատ» զարդի հեղինակը եւ Լուսինե Նիկողոսյանը` վինտաժ ոճի «Nikoghosyan» բրենդի հիմնադիրն ու «Սեր» զարդի հեղինակը իրենց մասնակցությունը որպես վարակիչ օրինակ ներկայացնելով՝ շեշտեցին նաեւ նման նախաձեռնությունների կարեւորությունը, նշելով իրենց մասնակցության հիմնավոր դրդապատճառները։

Լինա Գագիկյան, զարդ՝ «Հույս»

– «Բարեգործությունը զարդ է» բարեգործական նախաձեռնությանը ինչպե՞ս միացաք եւ ին՞չ մոտիվներ է կրում այն զարդը, որը Լինա Գագիկյանն է ստեղծել, «Հույս»-ի ի՞նչ մեսիջ ունի այն իր կրողի համար, ի՞նչ մտորումներով եք այն ստեղծագործել։

– Տարիներ շարունակ երազել եմ արցախյան աստղիկներով զարդ պատրաստել, բայց չեմ կարողացել գտնել այդ եզակի երեւույթներից, եւ երբ տեսա այդ հրաշալի առաջարկը, առանց վարանելու կամ մտածելու միանգամից ուզեցի երազանքս ի կատար ածել։ Ավելի պարտավորեցնող էր պատրաստել զարդ բարեգործության համար՝ «Հույս» անվանումով, մեր օրերում։ Եվ ի՞նչ, եթե ոչ հրեշտակ ձեռքերում՝ սրտին մոտ, ամուր պահած Արցախից մի անգին գանձ։

Հեղնար Պետրոսյան, զարդ՝ «Հավատ»

– Բնության ներկայությունը Հեղնար Պետրոսյանի զարդագործության ու գեղանկարչական աշխարհում հիմնաքարային է, պատահական չէ, որ «Բարեգործությունը զարդ է» նախաձեռնության մեջ, երեք զարդագործներից մեկը դուք եք, նախաձեռնություն, որը արցախցի ընտանիքին օգնելու նպատակ ունի։ Ձեր պատրաստած զարդը նաեւ կրում է Աստղաշենի հայտնի աստղերից, որը ըստ էության՝ համաշխարհային Թետիս օվկիանոսից մնացած ծովաշուշանի աստղանման, քարացած սերմերից մեկն է, որը կոչվում է «Հավատ», ինչպիսի՞ իմաստ ու ասելիք է կրում ձեզ համար այն զարդը, որը դուք եք պատրաստել։

– Այս նախաձեռնությանը մասնակցելու իմաստը բարություն տարածելն է, որին սիրով միացա։ Մեր ապրանքանիշի՝ «Գիսանե» բրենդի գաղափարախոսությունը տարածվում է նաեւ այս զարդի վրա, այն է՝ զարդերի միջոցով մարդկանց ավելի մոտ դարձնել բնությանը։ «Հավատ» անունը կրող, արծաթե աղավնի բրոշն ամբողջովին սերմերով, չորացրած անմոռուկներով է ամբողջացել, որոնք հոգեւոր նուրբ իմաստ են կրում, արտահայտում զարդի հոգեւոր կողմը նաեւ, իսկ արցախյան աստղիկը թռչնի աչքն է։ Թռչունը հավատում է, որ գարուն կգա: Կարծում եմ, որ ասելիքը ամբողջական է արտահայտվել։

Լուսինե Նիկողոսյան, զարդ՝ «Սեր»

– Որպես վինտաժ ոճի ստեղծագործող, զարդարվեստում որքանո՞վ էր պատկերացումը ամբողջական՝ ստեղծել մասունք կրող մի զարդ եւ «Բարեգործությունը զարդ է» նախաձեռնությանը միանալու Լուսինե Նիկողոսյանի որոշումը ինչպե՞ս կայացրեցիք։ «Սեր» զարդի ասելիքը որքանո՞վ եք համարում արտահայտված։

– Վինտաժը հնի եւ նորի համադրությունն է, ժամանակների մեջ կամուրջ է իր ոճային առումով, հնի պահպանման ու նորովի մատուցման մի հրաշալի ձեւ, որը հարուստ պատմություն ունի, իսկ աշխարհի ամենահին օվկիանոսներից մեկից մնացած այս մասունքները, որոնք մեր Արցախի տարածքում էին հայտնաբերվել, որպես ժամանակի գտածո ապացույցներ՝ կրում են իրենց մեջ մի ահռելի, հսկայական բանական կամուրջ, ժամանակների քարե ապացույց: Որոշեցի միանալ նախաձեռնությանը, հասկանալով, որ փոքրիկ ներդրում կարող ես ունենալ մարդկանց օգտար լինելու գործում, ռեալ իրագործել այն այդ գեղեցիկ ընթացքի մեջ։ «Սեր» անունը կրող զարդը ցանկացա պատրաստել այն պատճառով, որովհետեւ Նիկողոսյան զարդերի ստեղծման հիմքը հենց սերն է։ Կախազարդը, որը պատրաստել եմ, խորհրդանշում է աշխարհը եւ այն փրկող սիրո գեղեցկությունը, որը ուժ է։ Ուժեղանանք սիրով։

Երեք զարդագործները իրենց իմաստային առումով հարուստ ու մասունք կրող զարդերով թերեւս արծաթասիրաց աշխարհում այս փոքրիկ քայլով մեծ հեղաշրջում են իրականացնում, երբ մարդու մտքին ենթարկվելով է, որ ազնվանում են կյանքում ամեն ինչ գնած ու վաճառած մետաղներն ու ծառայում բարուն, որպեսզի ինչպես հայտնի երգում է ասվում՝ «Երնեկ չէր այս Նոր Տարին, վերջ տար հայի ցավերին, չարը կորչեր ու բարին բույն դներ մեր սրտերին»։

Արմինե ՄԵԼԻՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031