«Մենք հասել ենք մի կետի, որ Ալիեւն իր հրապարակային խոսքում նշում է Հայաստանը, որպես ոչ անկախ պետության օրինակ եւ չի ստանում որեւէ պատասխան: Կոնկրետ ինձ համար այս վերջին հարցազրույցում ավելի շատ տեսանելի էր տագնապ». «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
– Օրերս Նիկոլ Փաշինյանը հերթական ծավալուն հարցազրույցը տվեց Հ1-ին, թիրախը կրկին «նախկիններն» էին։ Ձեր դիտարկմամբ` ո՞րն էր Փաշինյանի հարցազրույցի հիմնական ասելիքը, ի՞նչ փոխանցեց նա արտաքին խաղացողներին, Բաքվին, Անկարային եւ մեզ` հանրությանը։
– Շատ կարեւոր է նախ առանձնացնել հիմնական թիրախային լսարանները, որոնց վերջերս ուղղված են Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները: Այս լսարանները, բնականաբար, ներքին եւ արտաքին են, ինչպես դուք նշում եք, սակայն այստեղ կարեւոր է ընդգծել, որ ներքին լսարանը ոչ թե համայն հայ հանրությունն է, այլ հիմնականում իր ընտրազանգվածն է: Բայց այստեղ մի շատ կարեւոր նրբություն կա՝ ներքին լսարանին ավելացել է մի շատ զգայուն եւ նրա համար շատ բարդ շերտ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ովքեր ամեն օր զգալով հայրենիքի եւ հարազատ օջախի, բնականոն կյանքի, շատ հարազատների կորստի դառնությունը, փնտրելու են մեղավորներ: Այստեղ Փաշինյանի համար խիստ կարեւոր է սլաքներն ուղղել ցանկացած կողմ, որպեսզի հանրապետության ներսում բողոքի, ցասման, պահանջի ալիք չհասունանա:
Անվերջ ձեւախեղելով բանակցային գործընթացը (որին նա, ի դեպ, ծանոթացել է ոչ թե հայկական կողմից, այլ հենց Ալիեւից), անվերջ մանիպուլացնելով քաղաքագիտական մի քանի տերմին եւ մոլորության մեջ պահելով սեփական ընտրազանգվածին, նա փորձելու է շարունակել գլխավոր մեղավորներ կարգել բոլորին անխտիր՝ նախկիններին, ռուսներին, հենց արցախցիներին, բոլորին, նպատակ ունենալով մաքրելու իրեն եւ իր թիմին՝ Արցախը լուռ հանձնելու այս դավաճանական առաքելությունից:
Կարդացեք նաև
Ցավոք, Արցախով ոչինչ չի ավարտվելու, եւ թշնամին այլեւս չի էլ թաքցնում իր նկրտումները մեր երկրի հանդեպ:
Բնականաբար, հարցազրույցի մեջ կար նաեւ մեսիջ Անկարային, Բաքվին, Մոսկվային եւ Արեւմուտքին, եւ այն ավելի շատ նման էր թվացյալ ուժի ցուցադրությանն, որը փորձում էր արտահայտել ռուսների հանդեպ դեմարշով: Ընդհանրապես, երբ կա խնդիր որեւէ պետության հետ, առավել եւս երբեմնի ռազմավարական գործընկերոջ, ճիշտը հմուտ մարտավարությամբ սեփական դժգոհություններն ու կարմիր գծերը հստակեցնելն է, այլ ոչ այն, ինչ անում է այսօր փաշինյանական իշխանությունը: Արդյունքում, մենք հասել ենք մի կետի, որ Ալիեւն իր հրապարակային խոսքում նշում է Հայաստանը, որպես ոչ անկախ պետության օրինակ եւ չի ստանում որեւէ պատասխան:
Կոնկրետ ինձ համար այս վերջին հարցազրույցում ավելի շատ տեսանելի էր տագնապ:
– Իշխանական ճամբարում գեներացվում է արտահերթ ընտրությունների թեզը. ինչի՞ են դրանք պետք Փաշինյանին, ի՞նչ խնդիր է նա դրանով լուծելու։
– Այս թեզն ասպարեզ նետելը եւս ունի երկու նպատակ՝ հանրության տրամադրությունների ստուգում եւ հերթական սեփական օրակարգի հաստատում:
Ըստ իս, Երեւանի ավագանու ընտրությունների խայտառակ արդյունքներից հետո իշխանական թեւն անհանգիստ է, հիմնական ջանքերն ուղղված են սեփական ուժերը գնահատելուն եւ «արբանյակային» քաղաքական միավորների ուժեղացմանը: Շատ շուտով մենք կտեսնենք մերձիշխանական ուժերի կողմից «կոշտ ընդդիմադիր» կեցվածք եւ ակտիվացում: Կգնա,՞ արդյոք, Նիկոլն արտահերթ ընտրությունների, կարծում եմ, նա ինքն էլ դեռ չգիտի: Այստեղ մեծ գործ ունի անելու իրական ընդդիմությունը, ում բոլորով փորձելու են ասպարեզից դուրս թողնել:
– Ո՞րն է իրական ընդդիմությունը, ո՞ր ուժերին նկատի ունեք, խորհրդարանակա՞ն ընդդիմադիր ուժերը, որոնք այս ընթացքում ցույց տվեցին իրենց ամլությունը:
– Իրական ընդդիմությունը հավաքական ուժ է, մարդիկ են, ովքեր օր ու գիշեր մեծ նվիրմամբ, հավատով, ինչու ոչ՝ մեծ ցավ ապրելով, կրելով զրկանքներ, դժվարություններ, իրենց կյանքի գործն են համարում մեր հայրենիքի արժանապատվության վերականգնումը, Արցախի վերադարձը, մեր սահմանների անվտանգության ապահովումն ու մեր երկրի միջազգային հեղինակության արժանավայել դիրքավորումը: Թե խորհրդարանական եւ թե ոչ խորհրդարանական ուժերում այդպիսի մարդիկ շատ են, նրանք շատ են քաղաքական, հասարակական, մշակութային, լրատվական, վերլուծական եւ փորձագիտական շրջանակներում, եւ այն ուժը, որը կկարողանա միավորել բոլորին, կլինի եւ իրական ընդդիմության իրական առաջնորդ: Ցավոք, իշխանական ուժերի մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում, որին գումարվում են նաեւ պարզ մարդկային ամբիցիաներ, ընդդիմության պայքարը չի տալիս ցանկալի տեսանելի արդյունք, սակայն հավատացած եմ, որ հենց նույն խորհրդարանում կան ուժեր, որոնք ազնիվ պայքարի մաս են:
– Գալ տարին ընտրական է նաեւ Ադրբեջանում` արտահերթ, ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում. ի՞նչ սպասելիքներ ձեւավորել։
– 2024 թվականն իրոք բարդ տարի է լինելու մեծ պետությունների ներքաղաքական կյանքում, սակայն արտաքին քաղաքական վեկտորներում դժվար թե լինեն շրջադարձային փոփոխություններ: Ցավոք, մեր երկրի ապագան եւ ճակատագիրն այսօր մեծապես կախված է հենց այդ վեկտորներից, մեր տարածաշրջանը հիմնական կռվախնձորն է Արեւմուտքի եւ Ռուսաստանի պայքարում:
Որքան էլ զավեշտալի հնչի, Ուկրաինայի պատերազմի ավարտը կարող է իրավիճակ փոխել մեզ մոտ, սակայն մենք պետք է աշխարհաքաղաքական օբյեկտից կրկին դառնանք սուբյեկտ: Որպեսզի շատ մռայլ չլինի ներկայացրածս իրավիճակը, ուզում եմ հիշեցնել, որ դիվանագիտությունը հնարավորի արվեստ է, մնում է միայն լինի կամք եւ նպատակ:
Զրույցը՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
22.12.2023