Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բնական ժողովուրդ ենք, ինչ արհեստական տոնածառ»․ վառվեցին Գյումրու գերհամեստ տոնածառի լույսերը

Դեկտեմբեր 22,2023 21:25

Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ թվով բնակիչների, հատկապես մանուկների մասնակցությամբ վառվեցին գլխավոր եղևնու լույսերը։

Հիշեցնենք, որ Գյումրու գլխավոր տոնածառը Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ ընտրվելուց ի վեր՝ 2012 թվականից մինչև օրս չի փոխվել։

Գյումրու քաղաքային իշխանությունները մշտապես պատճառաբանել են, որ չեն կարող սուղ բյուջեով շռայլ ծախսեր թույլ տալ, հատկապես պատերազմի ու կորոնավիրուսի տարիներին։

Ու թեև գյումրեցիներից շատերը սոցհարթակում քննադատում են քաղաքային իշխանությանն ամեն անգամ հին տոնածառով Նոր Տարի դիմավորելու համար, քաղաքային իշխանությունն այս դեպքում իր բյուջեին հարմար քայլեր է անում։

Եվ այսպես Գյումրու գերհամեստ եղևնու լույսերը վառվեցին՝ առանց ճոխությունների ու շոուների։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամոսոնյանը հորդորեց չխոսել քաղաքականությունից, այլ խոսել «լավ բաներից»։

«Հուսով ենք՝ 2024 թվականին քաղաքի համար ավելի շատ աշխատանքներ կկարողանանք իրականացնել, խաղաղություն լինի, առողջություն, միասնականություն։ Ներքին ամբիցիաները կողքի դնելով՝ թև թիկունքի տանք, բոլորս կարողանանք միասին մեր քաղաքը, մեր երկիրը շենացնել, բարեկեցություն պարգևել մեր ժողովրդին, ուրախանալ իրենցով, իրենք էլ՝ մեր արածով։ Մենք էլ զգանք, որ կարողացել ենք այս ժամանակաշրջանում մեր քաղաքացիների, բնակչության համար առավելագույնն անել, որն ակնկալում է մեր գյումրեցին», -ասաց քաղաքապետը։

Նա տեղեկացրեց, որ անցած տարվա համեմատ 1,5 միլիոնով պակաս են կազմել ամանորյա ծախսերը, կարողանում են տնտեսելով՝ տոն պարգևել։

Քաղաքագլուխը, սակայն նշեց, որ մյուս տարի փոխելու են գլխավոր տոնածառը, մասնագետներ են հրավիրելու, որ տեղը տեղին զարդարեն քաղաքը, գեղեցիկ դիզայնով։

Չնայած տոնածառի մասին հնչող քննադատություններին՝ քաղաքապետը գյումրեցիներին հորդորեց գլուխները գովելով՝ ման գալ, քանի որ Գյումրի տոնածառը յուրահատուկ է։

«Միակ բնական տոնածառն է այս բարձրությամբ, գյումրեցին գլուխը գովում է, գովելով ման գալիս, ճիշտ է անում, չկա տարածաշրջանում այս բարձրությամբ բնական տոնածառ, բոլոր տեղերում չինական և այլն, և այլն․․․ Գիտեցեք։ Բնական ենք միշտ դնելու, ավելի ենք կատարելագործելու, ավելի գեղեցկացնելու ենք։ Մենք բնական ժողովուրդ ենք, արհեստական չենք», -ասաց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանին գլխավոր տոնածառի, դեկորների տեղադրման ու լուսավորման աշխատանքների համար հատկացրել է 6 մլն դրամ։ Սոճու ճյուղերը բերվել են Լոռուց, այս տարի փոխել են զարդարանքը։

Լուսանկարը՝ Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031