ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 22-ի աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել են «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» հայեցակարգը, որը հաստատվել է Կառավարության կողմից: Հայեցակարգին հաջորդելու է օրենսդրական փաթեթի ընդունումը խորհրդարանում:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի ընդունումը կարեւոր նշանակություն է ունենալու քաղաքացիների, հատկապես՝ բնակչության խոցելի խմբերի համար: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ հարցը հետաքրքրում է հանձնաժողովի անդամներին, քանի որ բնակչության աղքատացումը երբեմն ուղիղ կապվում է բժշկական ծառայությունների հետ: «Այսինքն՝ ստացվում է այնպես, որ պատահած հիվանդացությունների պատճառով ընտանիքը հայտնվում է աղքատության եզրին, ինչը նշանակում է, որ մենք ժամանակին չենք անում բավարար խնայողություններ առողջության պահպանության կամ բժշկական որակյալ օգնություն ստանալու համար»,- պարզաբանել է հանձնաժողովի նախագահը:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հայտնել է, որ նախագծի հիմնական նպատակը բժշկական ծառայությունների հասանելիության մեծացումն է: Այն վերաբերելու է Հայաստանի ամբողջ բնակչությանը եւ լուծելու է բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Համակարգը նախատեսվում է ներդնել 2024 թվականի երկրորդ կիսամյակում, ամբողջապես այն ներդրված կլինի 2027 թվականին: Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն պետպատվերի համակարգում գտնվողները՝ 0-18 տարեկան երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, նպաստի համակարգում գտնվող անձինք, այնուհետեւ՝ փուլ առ փուլ կենսաթոշակառուները, աշխատող քաղաքացիները, ինքնազբաղվածները եւ այլն: Այն անձինք, որոնք ընդգրկված չեն լինի համակարգում, նույնպես կօգտվեն առողջության բժշկական ապահովագրությունից, սակայն նվազագույն չափով:
Կարդացեք նաև
Նշվել է, որ ապահովագրական վճարը լինելու է ֆիքսված, մինչեւ 300 հազար դրամ ստացող քաղաքացիների պարագայում պետությունը սուբսիդիա կիրականացնի:
Լենա Նանուշյանը եւ Սամվել Խարազյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
ՀՀ Ազգային ժողով