Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով լսումները: Դատարանը հետազոտում է գրավոր ապացույցները: Հանրային մեղադրողը ներկայացրեց Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջի դատահոգեբանական փորձաքննության արդյունքները: Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ միջնորդություն ներկայացրեց՝ փորձաքննության հեղինակներին հարցաքննելու մասին: Միջնորդությունը բավարարվեց:
Տիգրան Աթանեսյանը «սարսափելի անլուրջ» որակեց եզրակացությամբ ամրագրված այն միտքը, որ իր ուղիղ եթերներով Նարեկ Մալյանը բացասական վերաբերմունք է ձեւավորել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. «Մինչ այդ դրակա՞ն էր, Նարեկը խոսեց՝ դարձավ բացասակա՞ն: Բոլորը սիրում էին, Նարեկ Մալյանը խոսեց՝ սկսեցին չսիրել»:
Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Տիգրան Աթանեսյանն՝ անդրադառնալով փորձագիտական եզրակացությանն, ասաց, որ բարդ է այն, ինչը ներկայացվեց դատարանում, անվանել փորձագիտական եզրակացություն, քանի որ երկու օրում, երկու ինչ-որ փորձագետներ, գալիս են հիմնարար եզրակացությունների՝ զավեշտներով բավականին լի. «Մալյանը խոսում է իրողության մասին եւ դա դիտարկել քրեաիրավական տեսանկյունից, ինչին միտված է այս փորձաքննությունը, զավեշտ է»: Փորձագետների հարցաքննությունն, ըստ նրա, կբացահայտի փորձաքննության ողջ սնանկությունը:
Նարեկ Մալյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն էլ հավելեց, որ այս փորձագետների հարցաքննությունները կարեւոր են, այն առումով, որ դրանք բավական շատ բան կբացահայտեն: Նա տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը որպես ապացույց է ներկայացրել Նարեկ Մալյանի նախնական փորձաքննության եզրակացությունը, որը որեւէ հանցանք չէր արձանագրել: Այսօր դատարանում ներկայացվեց լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:
Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար, Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ