Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իր կատարած տքնաջան աշխատանքը ներկայացնելու համար հայտարարեց. «2022-2023-ին Հայաստանի տնտեսությունը աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է, առաջին տասնյակում, կարծում եմ, այս տարի կլինի առաջին հնգյակում: Դա ցույց է տալիս, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունը, ընդհանուր առմամբ կարելի է համարել հաջողված»:
Ճոխ թվերը լսելուց հետո լրագրողների դիտարկմանը, որ տնտեսագետներն ասում են՝ դա «փուչիկ» տնտեսական աճ է, որովհետեւ հիմնված է ոչ արտադրողական աճի վրա՝ Քերոբյանն արձագանքեց. «Իսկակա՞ն տնտեսագետներն են ասում, թե՞ փուչիկ տնտեսագետները»:
Խոսելով խելացի անասնագոմերի մասին՝ նախարարն ասաց, որ 51 նման անասնագոմ կա. «Էկոնոմիկայի նախարարությունը անընդհատ աշխատում է, որպեսզի իրականացվող ծրագրերը լինեն այսպես ասած scalable եւ ունենան մեծ ազդեցություն տնտեսության վրա: Չենք դիտարկում ծրագրեր, որոնք փոքր նիշային ազդեցություն ունեն տնտեսության վրա: Այդ ծրագիրն արդեն փոփոխման փուլում է, գիտենք ինչ է պետք փոխել, որ այդ ծրագիրը վերաբերվի մեծ թվով տնտեսվարողների եւ տա մեծ արդյունք: 51 անասնագոմն ինքնին մեծ արդյունք չի: Մեր ծրագրերից է այդ ծրագրի լավարկումը»:
Նախարարը հայտարարեց հաջորդ տարվա «նորամուծությունների» մասին. «Պետք է ասեմ, որ մյուս տարի մենք սկսում ենք կովերի արհեստական սերմնավորման ծրագիր, որի ներքո մենք գյուղացիներին, ֆերմերներին աջակցելու ենք արհեստական սերմնավորման գործընթացում, որպեսզի, ընդհանուր առմամբ գենետիկան լավացնենք: Առաջարկելու ենք գրավիչ պայմաններ, որպեսզի ֆերմերները նախընտրեն բարձրակարգ սերմնահեղուկով սերմնավորել իրենց խոշոր եղջերավոր կենդանիներին, որը կբերի արտադրողական աճի 2-3 տարի հետո»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ