Այսօր ԱԺ-ում լրագրողները էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին փոխանցեցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի մի քանի «բլից» հարցերը՝ ինչքա՞ն հեռուստացույց է արտադրվել այն գործարանում, որի կարմիր ժապավենը կտրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քերոբյանը պատասխանեց, որ չգիտի. «Չեմ կարող ասել, չեմ տիրապետում»: Հարցրեցին՝ գոնե գործարանը կա՞՝ նախարարը պատասխանեց. «Հայաստանում գործում է 100 հազար ընկերություն եւ պարզ է, որ բոլոր ընկերությունների աշխատանքի մասին ես տեղեկություն չունեմ»:
Հաջորդ հարցը հետեւյալն էր՝ ինչքա՞ն «Սեպուհ 1» ավտոմեքենա է արտադրվել Հայաստանում, որի մասին տեսանյութեր հրապարակեցին, Քերոբյանը պատասխանեց՝ 8. «Գործարանը փորձնական փուլն անցել է, հիմա ընկերության ներդրողները հաջորդ փուլում են ներդրումների ներգրավման, որպեսզի կարողանան արդեն սերիական արտադրություն իրականացնել»:
Հետո լրագրողները հարցրեցին՝ ինչքա՞ն գազի բալոն է արտադրվել Հայաստանի այն գործարանում, որի ժապավենն էլի կտրեց Նիկոլ Փաշինյանը: Քերոբյանը պատասխանեց. «Չգիտեմ»:
Կարդացեք նաև
Այս բլից հարցաշարից հետո նախարարն ասաց, որ կարող է խոսել 3300 ընկերությունների մասին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում օգտվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման ծրագրից, ձեռք են բերել 189 մլրդ դրամի սարքեր, սարքավորումներ, գործարաններ, որոնք աշխատում են:
Քերոբյանի դիտարկմամբ՝ իրենք գնում են տարբեր գործարաններ, որ քաջալերեն գործարարներին. «Բնականաբար, մեզանից ոչ ոք էդ գործարաններից ոչ տերն է, ոչ էլ կառավարիչը: Եթե այդ գործարաններից ոմանք ձախողվում են, դա շատ նորմալ երեւույթ է: Ես հասկանում եմ ձեր հարցերի հետին միտքը: Դուք ասեցիք 3 ընկերություն, ես կարող եմ 3300 ընկերության անուն ասել, որոնք հաջող աշխատում են Հայաստանում եւ վերջին 2 տարվա մեջ օգտագործում են նախարարության ծրագրերից ընդամենը մեկը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ