Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող արդեն ընդգրկվել է ՀՀ դպրոցներում. Սվաջյան

Դեկտեմբեր 22,2023 17:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով՝ լրագրողներին ներկայացնելով հանրակրթության, նախադպրոցական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում 2023 թվականին իրականացված աշխատանքները:

Նախադպրոցական անվճար կրթություն՝ զինվորականների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտին՝ նախարարի տեղակալն ընդգծել է՝ շարունակվել են բովանդակային զարգացման և բարելավման աշխատանքներ. մասնավորապես՝ նախադպրոցական պետական չափորոշիչը ներդրվել է 180 մանկապարտեզներում:

«Այս բոլոր հաստատություններում իրականացվել են կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումներ ինչպես ղեկավար անձնակազմի, այնպես էլ նախադպրոցական ոլորտի մանկավարժների համար, որոնց ավելի քան 2500 մասնագետներ են մասնակցել: Նախադպրոցական կրթության հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու նպատակով հանրապետության ողջ տարածքում այս տարվանից արդեն իսկ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, որի շրջանակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հազարից ավելի երեխաներ անվճար հաճախում են մանկապարտեզներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման նպատակով այս տարվա սեպտեմբերից զինծառայողների ընտանիքների երեխաները նախադպրոցական ուսհաստատություններ են հաճախում անվճար. նրանց համար վճարում է պետությունը: Հաջորդ տարվանից նույն ծրագրով կիրականացվի նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը:

Նախադպրոցական հաստատության տնօրենների պարտադիր հավաստագրում

Կրթության որակի բարելավման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման բարեփոխումներին ուղղված քայլերը, որոնց շրջանակում պարտադիր է դարձել տնօրենների հավաստագրումը:

«Այս տարի բավականին մեծ ծավալով ունեցել ենք նախադպրոցական ուսումնական հաստատության հավաստագրվող տնօրեններ և հավակնորդներ: Օրենքի հստակ դրույթ է սահմանվել, ըստ որի՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը բոլոր ղեկավարող տնօրենները պետք է հավաստագրված լինեն, այլապես իրենց գործունեությունը շարունակել չեն կարողանա: Մյուս կարևոր փոփոխությունը կապված է նախադպրոցական ծառայությունների և զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջի հետ»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել, որ այդ գործընթացի վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է, բայց այն կազմակերպությունները, որոնք մինչ այդ դիմած կլինեն, կհամարվեն լիցենզավորման գործընթացում:

Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթության ոլորտում աշխատանքները շարունակվել են երեք հիմնական ուղղություններով՝ բովանդակության զարգացում, մասնագիտական կարողությունների զարգացում և ենթակառուցվածքների ապահովում:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ Տավուշի մարզի բոլոր ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում ուսուցումն արդեն իսկ իրականացվում է հանրակրթության պետական նոր չափորոշչով, իսկ ուսումնական տարվա ավարտին առաջին անգամ ավարտական, պետական ավարտական քննությունները կիրականացվեն նոր ձևաչափով՝ չափորոշչի պահանջներին համապատասխան: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ առկա է Համաշխարհային բանկի կողից իրականացված երկամյա ուսումնասիրության զեկույցի նախնական տարբերակը, որը հաջորդ տարեսկզբին կհանրայնացվի:

Հանրակրթության նոր չափորոշչի արդյունքների գնահատում

«Արդյունքները վկայում են, որ երկու տարվա ընթացքում ունենք 6 ամսվա դինամիկ աճ, որը բավականին տպավորիչ ցուցանիշ է: 2023-2024 ուստարում ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է նոր չափորոշիչը, և այդ նպատակով վերապատրաստվել են բոլոր դպրոցների տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ստեղծվել են նոր դասագրքեր

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նոր ձևաչափով դասագրքերի ստեղծման ու տպագրման գործընթացին, որն այս տարի իրականացվել է առաջին անգամ, և որի արդյունքում 30 անուն դասագիրք է ստեղծվել: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ սա հնարավորություն է տվել դասագրքաստեղծ գործընթացում ապահովելու ավելի մեծ մասնակցայնություն, իսկ մեկ դասագրքի ստեղծման արժեքն ավելի քան 30 %-ով նվազել է: Ծնողների համավճարի պարագայում ևս առկա է վճարների նվազում:

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է, որ որակյալ կրթության ցուցանիշները ևս մեկ անգամ ստուգելու նպատակով 2025 թվականին առաջին անգամ PISA (The Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսին կմասնակցի նաև Հայաստանը: Սա հնարավորություն  կտա տարբեր երկրների համեմատությամբ գնահատել բնագիտական առարկաների, ֆունկցիոնալ գրագիտության և մի շարք այլ ուղղություններով հանրակրթության որակը՝ հստակ արդյունքային ցուցիչներով:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այժմ իրականացվում է նոր դասագրքերի վերաբերյալ կարծիքների հավաքագրում: Վերջերս հանդիպում է տեղի ունեցել «Հայոց պատմություն 7» դասագրքի շուրջ հրապարակային մտահոգություններ արտահայտած ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ, որին նաև գրքի հեղինակն է մասնակցել: Նախարարությունը դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների ամփոփաթերթը կներկայացնի անկախ փորձաքննության:

Նոր հնարավորություն՝ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ ուսուցչի մասնագիտական զարգացման ու վարձատրության փոխկապակցված մեխանիզմների ներդրման ծրագրի շրջանակում այս տարի ևս շարունակվել է կամավոր ատեստավորման գործընթացը, որին 2023 թվականին ավելի քան 4 հազար ուսուցիչներ են  մասնակցել:

Նշենք՝ 1018 ուսուցիչ ցուցաբերել է 70-79 տոկոս արդյունք, 714-ը՝ 80-89 տոկոս, 246-ը՝ 90-100 տոկոս արդյունք: 998 ուսուցիչ համարվում է ատեստավորված և ունի դրույքաչափի փոփոխություն: Կամավոր ատեստավորման երեք տարվա վերլուծության արդյունքում /առանց կրկնակի մասնակցության/՝ 70-100 տոկոս արդյունք է ցուցաբերել և համապատասխան տոկոսով հավելավճար է ստանում 2697 ուսուցիչ,  իսկ  1133  ուսուցիչ ունի դրույքաչափի փոփոխություն:

2021-2023 թթ. կամավոր ատեստավորման արդյունքում հայտ է ներկայացրել 11575 ուսուցիչ/անձ, գործընթացին մասնակցել է 7618 ուսուցիչ, 70-79 տոկոս արդյունք է ցուցաբերել 1705-ը, 80-89 տոկոս՝ 1284-ը, 90-100 տոկոս՝ 560-ը, իսկ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերել է 1630 ուսուցիչ: Վերջին խմբի ուսուցիչները դրույքաչափի փոփոխություն են ունեցել. աշխատավարձը սահմանվել է 200 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ շուրջ 200 ուսուցիչների աշխատանքային պայմանագրերը պետք է լուծարվեին, քանի որ կամավոր ատեստավորմանը բավարար արդյունք ցույց չտալուց նրանք հետո երկու անգամ չեն մասնակցել վերաատեստավորման գործընթացին: Այդուհանդերձ, իրավական ակտերի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո որոշում է կայացվել նրանց երրորդ անգամ վերաատեստավորմանը մասնակցելու հնարավորություն ընձեռել:

«Նրանք կշարունակեն դասավանդել, բայց նրանց առջև ևս մեկ անգամ ատեստավորվելու պահանջ կդրվի: Սա մեզ համար մեխանիկական գործընթաց չէ. ցանկանում ենք նպաստել, որպեսզի ուսուցիչն աշխատի իր կարողությունների զարգացման ուղղությամբ, և ատեստավորման միջոցով ունենանք հավաստի փաստեր առ այն, որ նա տիրապետում է իր դասավանդած առարկայի գիտելիքների առնվազն 60%-ին»,- շեշտել է Արաքսիա Սվաջյանը:

Վերանայվել է պարտադիր ատեստավորման ընթացակարգը

Ուսուցիչների կարողությունների զարգացման համատեքստում Արաքսիա Սվաջյանը նաև նշել է, որ վերանայվել են ուսուցիչների՝ 5 տարին մեկ անցկացվող պարտադիր հերթական ատեստավորման գործընթացի սկզբունքները. այսուհետ այն իրականացվելու է ուսուցչի՝ մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա: Հաշվի է առնվելու ուսուցչի աշխատանքային փորձը, կիրառվելու են գնահատման տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ ինքնագնահատում: Ըստ այդմ՝ իրականացվելու է 4 տեսակի վերապատրաստում:

109 ուսուցչի շնորհվել է տարակարգ

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ 2023 թվականին մեկնարկել է տարակարգի շնորհման գործընթացը՝ նոր կարգի պահանջներին համապատասխան: 2023 թվականին 109 ուսուցչի շնորհվել է տարակարգ՝ 1–ին աստիճան՝ 36 ուսուցիչ, 2–րդ աստիճան՝ 29, 3–րդ՝ 26, 4–րդ՝ 18: Նախարարի տեղակալի խոսքով՝ մեխանիզմի վերանայման արդյունքում 2013 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում առաջին անգամ ուսուցիչները ստացել են 4-րդ աստիճանի տարակարգ (20 ուսուցիչ), ինչն աշխատավարձի 50%-ի ավելացման հնարավորություն է ընձեռել:

Հավելավճար ԲՏՃՄ և մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչներին

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների դրույքաչափի բարձրացմանը, որի արդյունքում շուրջ 4000 ուսուցիչներ ունեցել են աշխատավարձի բարձրացում՝ ավելի քան 40 հազար դրամի չափով: ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների պարագայում էլ սեպտեմբերից աշխատավարձի 25% բարձրացում է եղել. շուրջ 8 հազար ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են ավելի քան 30 հազար դրամով:

«Բնականաբար, այն ուսուցիչները, որոնք հանդիսանում են վերոնշյալ ծրագրերի շահառու, հաղթահարել են կամավոր ատեստավորման շեմն ու նաև տարակարգ ունեն, աշխատավարձի նշանակալի բարձրացում ունեն»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև միջազգային օլիմպիադաներում մասնակցությանը՝ նշելով, որ հայ դպրոցականները տարվա ընթացքում 52 մեդալ են նվաճել, որոնցից 9-ը՝ ոսկե: Ընդ որում՝ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել «Քիմիա» առարկայից:

Դպրոցների կառավարման նոր մոդել և ենթակառուցվածքների զարգացում

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ուսումնական հաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև: Նրա խոսքով՝ երկու ղեկավարների ընտրությունը հնարավորինս պատշաճ կազմակերպելու արդյունքում ակնկալվում է արհեստավարժ և արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ: 2023 թվականին կառավարման նոր համակարգի անցած հաստատությունների թիվը 170 է: 50 դպրոցում նշանակվել է տնօրեն, 97 դպրոցում՝ վարչատնտեսական մասի համակարգող:

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, ապա այս տարվա արդյունքներով բոլոր հիմնանորոգված և կառուցված դպրոցներն ու մանկապարտեզներն ապահովվել են անհրաժեշտ գույքով, ինչն աննախադեպ է: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցվել, հիմնանորոգվել և վերակառուցվել է 46 մանկապարտեզ: 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել և վերանորոգվել են 51 նախակրթարան և 114 մանկապարտեզ: Մինչև 2023 թվականի ավարտը շինարարական աշխատանքները կավարտվեն 4 նախակրթարանում և 38 մանկապարտեզում: Շինարարության փուլում են գտնվում 14 նախակրթարան և 48 մանկապարտեզ: Նախագծանախահաշվային փուլում են գտնվում 3 նախակրթարան և 31 մանկապարտեզ:

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է, որ 107 ավագ դպրոցներ, ինչպես նաև հանրակրթական պետական չափորոշչի ներդրման շրջանակում Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցները համալրված են ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Արմավիրի մարզի 100 դպրոցներ, Արագածոտնի մարզի 4 դպրոցներ համալրվել են անհրաժեշտ գույքով և ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Համաձայն ժամանակացույցի՝ 2024թ. ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով կհամալրվեն Արագածոտնի մարզի մնացած 117 դպրոցները:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթության համակարգում

Մամուլի ասուլիսի ընթացքում Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման մասին:

«Ավելի քան 17 հազար սովորողներ արդեն ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում: Ամեն ինչ արել ենք, որպեսզի նրանց ինտեգրումը սահուն ընթանա: ԼՂ-ից բռնի տեղահանված 200 ուսուցիչ էլ աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել է ՀՀ մարզեր՝ ստանալով նաև որոշակի արտոնություններ ու հավելավճար: Եվս 200 ուսուցիչ ընդգրկված է Երևանի հանրակրթական դպրոցներում կամ էլ մարզերի դպրոցներում, բայց ոչ պետական ծրագրի շրջանակում»,-նշել է փոխնախարարը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031