Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հիմա ԵԱՏՄ-ում դուռ ենք բացում թուրքական ձկան առա՞ջ». Գառնիկ Դանիելյան

Դեկտեմբեր 22,2023 16:29

Այսօր ձկնաբույծները կրկին բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ. նրանք Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածով, քայլերթով շարժվեցին դեպի կառավարության շենք:

Լրագրողների հետ զրույցում ցուցարարները հայտարարում էին, որ 969 ապօրինի հոր կա եւ եթե կառավարությունում ուզում են ջրային ռեսուրսներ խնայել, նախ թող այդ հորերը փակեն. «Մենք պահանջել էինք հանդիպում եւ պահանջելու, որ նախ փակեն թափվող ջրերը, որը թափվում է 5 հազար լիտր վայրկյանում, նոր անցնեն մեզ: Ասում են՝ չէ, դրանք պետք է թափվեն, ձերը պետք է փակենք: Մենք տրամաբանություն չենք տեսնում այդտեղ: Մեզ ասում են՝ եկեք կարգը քննարկենք, բայց եթե մենք բովանդակության մեջ անգամ փոքրատառը մեծատառով փոխել չենք կարողանում, դա քննարկում չենք համարում: Համարում ենք՝ իրենց կարծիքը մեզ ստիպել, իսկ մեզ ստիպելու կարիք չկա»:

Հիշեցնենք, ձկնաբույծներն օրերս հանդիպել էին նաեւ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ. հանդիպման արդյունքում ընդհանուր հայտարարի չեկան:

«Հանդիպել ենք նախարարին, բայց իրենք չեն ուզում ոչ մի շտկում անել: Հակոբ Սիմիդյանն ասեց, որ ապօրինի հորերը պատրաստ են փուլային տարբերակով փակել, սկզբից 20 տոկոսը, հետո էլի 20 տոկոսը։ Եթե Սիմիդյանը չէ որոշողը, նրա հետ հանդիպում չենք ուզում, ուզում ենք հանդիպենք մեկի, որը ոլորտից հասկանում է, փոխվարչապետի հետ կամ վարչապետի հետ»,- հայտարարեցին ցուցարարները:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, որոնց դեմ ձկնաբույծները բողոքում են՝ արդեն տեւական ժամանակ՝ կառավարությունից երաշխիքներ պահանջելով, որ ջրօգտագործման ծավալները նվազեցնելու վերաբերյալ փոփոխություններ չեն լինի: Կառավարությունում, սակայն, առաջարկում են փակ-շրջանառու համակարգի ներդրում, որը, ըստ ձկնաբույծների, չի ապահովում ձկների բնականոն զարգացում եւ հանգեցնելու է իրենց բիզնեսների սնանկացման:

Փակ ցիկլով աշխատանքը նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։

Ձկնաբույծներին վրդովվեցնում է այն հանգամանքը, որ կառավարությունում անընդհատ փորձում են իրենց տնտեսական գործունեությունը հակադրել՝ հայտարարելով, որ մարդկանց խմելու ջրի պաշարներն են օգտագործվում: Իրենք, սակայն, հայտարարում են՝ այն ջրերը, որոնք իրենք օգտագործում են տնտեսության մեջ, խմելու ջրի պաշարներ չեն: Եթե կան բնակավայրեր, որտեղ խմելու ջրի խնդիր կա, դա կապված է խողովակաշարերի հետ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, որն այցելեց ցուցարարներին, լրագրողների հետ զրույցում նույնպես ասաց, որ ջրի շրջանառության խնայող համակարգերի տեղադրման եւ ջրաքանակի կրճատման պատճառով ձկնաբուծական տնտեսությունները փաստացի կանգնելու են սկանկացման եզրին. «Այն հարցերը, որ բարձրացրեցին ձկնաբույծները նախարարի հետ հանդիպմանը, նաեւ ես եմ այդ հարցերը փոխվարչապետին տվել, դրանց լուծում չեն տվել: Այս մարդիկ վարկեր են վերցրել, սա գյուղատնտեսության մեջ միակ ճյուղն է, որ աճեր է գրանցում եւ արտահանմանը միտված ոլորտ է: Փաստացի, այն 1000 ապօրինի տիրազուրկ հորերը, որ կան, ահռելի քանակությամբ ջուր է այդտեղից գնում: Փոխանակ այդ կորուստների հարցը լուծեն, ձկնաբույծներին են դժվար դրության մեջ դնում: Հայաստանում 70 տոկոս ջրի կորուստ կա, չեն կարողանում կրճատել դա: Եթե անգամ ձկնաբույծները ջրի քանակը կրճատեն, այդ ապօրինի հորերից է ջուրը գնալու, այսինքն` խնդիրը չի լուծվելու: Առաջնահերթ պետք է այդ խնդիրը լուծել»:

Պատգամավորի խոսքով, այսօր ձկնաբույծների ծախսերը մոտ են ինքնարժեքին. «Մի հատ էլ լրացուցիչ մարդիկ մտնեն ֆինանսական բեռի տակ, փաստացի սնանկացման եզրին են կանգնելու: Այսօր այս ոլորտը Ռուսաստանում մրցում է թուրքականի հետ: Թուրքիայի կառավարությունը դոտացիա է տալիս ձկնաբույծներին, որ էժան մուտք գործի ռուսական շուկա: Առանց այդ էլ մեր ձուկը թանկ է, բայց կարողանում է իր որակի, տնտեսվարողների քիչ եկամուտների հաշվին մրցունակ լինել: Այս պարագայում բացարձակ մրցունակ չի լինելու, ընկերությունները փակվելու են: Կառավարության ղեկավարը փաստացի ասաց՝ մեզ ձուկ պետք չի, մեզ պետք է ջուր: Այսինքն` այս ոլորտը կարող է փակվել: Մենք հիմա դուռ ենք բացում թուրքական ձկան առա՞ջ, որ ավելի տարածվի ԵԱՏՄ շուկայում: Բոլոր խելամիտ երկրներում այս ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն։ Պատերազմող երկիր ենք, մի օր, եթե շրջափակում եղավ, այդ ձուկն է այս ժողովրդին կերակրելու։ Կառավարության համար այս ոլորտը միշտ գերակա ոլորտ է եղել, ո՞նց է, որ Թուրքիան դոտացիա է տալիս իր ձուկ արտահանողներին, գումար է տալիս ամեն կգ ձկան համար։ Մեր ձկնաբույծները անգամ այդ դոտացիան չեն ուզում, ասում են, թողեք մենք աշխատենք։ Այս մարդկանց տները գրավի տակ են, մտել են վարկային մեծ բեռի տակ, փաստացի այս մարդիկ հայտնվել են փողոցում»:

Խորհրդարանում այս թեմայով տեղի ունեցած քննարկումները պատգամավորը ոչ բովանդակային է համարում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031