Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ երբ դուք լսում եք Լավրովը եկել է Երեւան, հետո գնացել է Բաքու ու Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանների վրա, դրանից ի՞նչ հետեւություններ եք անում, արդյոք ռուսական կողմը հրահրե՞լ է պատերազմ Հայաստանի դեմ:
Հիշեցնենք, որ այդ մասին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում:
Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Վատ է, շատ վատ է, ի՞նչ հետեւություններ պետք է անեմ: Դուք հիմա սպասում եք, որ ԱԺ նախագահը պետք է մեղադրանք հնչեցնի հարեւան պետության ուղղությա՞մբ: Ես չեմ հնչեցնելու նման հայտարարություն: Կարծում եմ, իրականությունը Հայաստանի եւ ԼՂ բնակչությունը շատ լավ գիտի եւ այն հուսախաբությունը, որը տեղի ունեցավ Ղարաբաղում, հիշո՞ւմ եք, «Z» տառն էին դնում, Պուտինի նկարն էին դնում, գրում էին՝ Спасибо, Россия: Այդ ամեն ինչը մի օրվա մեջ փոխվեց, երբ տեսանք, որ ռուսական խաղաղապահները անգործությամբ թույլ տվեցին եւ դուրս ուղեկցեցին հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղից: Մնացած հետեւությունները թողնում եմ, պետք չի ուղիղ հայտարարություններ արվեն»:
Հարցին՝ հիմա ՌԴ-ն մեզ համար դաշնակի՞ց է, թե՞ ոչ՝ Սիմոնյանը պատասխանեց. «Մենք ունենք չէ՞ դաշնակցային պայմանագիր: Այս պահի դրությամբ, այո, դաշնակցային պետություն է, եւ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բերենք այն բանին, որ այդ դաշնակիցն իր պարտավորությունները ինչ-որ պահի գոնե սկսի իրականացնել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ