«Մեր երկրում նույնիսկ նախագահն է վարչապետի մոտ աշխատում»,- Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Այս նախագծերի շրջանակներում վերանայվել են գործող կարգավորումները, եւ ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին պետք է պաշտոնի նշանակի եւ պաշտոնից ազատի վարչապետը։
Արթուր Խաչատրյանն ասաց․ «Նախագահին դաշնամուր նվագելուց բացի ինչ-որ մի լծակ տալու եք, թե՞ չէ։ Գեներալական կոչումներ շնորհելու իրավունքն իր ձեռքից վերցրեցիք, հիմա ԱԱԾ տնօրենի նշանակում ենք վերցնում։ Լավ, էդ մարդը դուրներդ չի գալիս, հանեք դրեք նորմալ նախագահ, որը երկրում ասելիք ունի, անելիք ունի, բալանսը պահելու իրավունք ունի։ Բայց միայն այն պատճառով, որ այսօր քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ պետք է, որ ԱԱԾ տնօրենին նշանակի կառավարության ղեկավարը, որը քաղաքական մարդ է․․․ Այսօրվա կոնյուկտուրային խնդիր լուծելու համար այդ ինստիտուտը վերջնականապես մի վարկաբեկեք»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ