««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Անուշ Քլոյանը:
Հիմնական զեկուցող Արփինե Դավոյանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի մասը փոփոխվում է, եւ ուժի մեջ մտնելու ժամկետը դարձել է 2024 թվականի հունվարի 1-ը, ինչի արդյունքում վերոնշյալ գործառույթների իրականացումը վերապահվում է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Արփինե Դավոյանի խոսքով Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»:
«Սահմանադրությունն ընտրական գործընթացի բոլոր փուլերի վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ընդգծել է համահեղինակը:
Կարդացեք նաև
Նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` որպես անկախ ու ապակուսակցական մարմին, շարունակի իրականացնել իրեն վերապահված վերահսկողությունը:
«Ինչո՞ւ գործառույթը չի վստահվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»,- հետաքրքրվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Զեկուցողը տեղեկացրել է, որ նախաձեռնության վերաբերյալ դրական դիրքորոշում է ներկայացրել ԿԿՀ-ն: Պատգամավորը նշել է, որ վերջնական եզրակացությունը կայացվել է ընդհանուր քննարկման արդյունքում:
Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տրդատ Սարգսյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, կարեւորելով ժամկետի երկարաձգմանն առնչվող փոփոխությունը, նշել է, որ այն միտված է ապահովելու գործող կանոնակարգերի պահպանումը մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:
Խորհրդարանը հարցն առաջին ընթերցմամբ քննարկել է դեկտեմբերի 22-ին գումարված արտահերթ նստաշրջանում:
ՀՀ ԱԺ