Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր էր բողոքի ցույց են անում ընդդեմ Երեւանի իշխանությունների կողմից նախատեսվող տեղական տուրքերի, վճարների կտրուկ ավելացումների։
«Ո՛չ թալանին» խորագրով այսօրվա ցույցը մեկնարկել է Արաբկիր վարչական շրջանում։
«2018-ին այս թալանչի ձեռքը, որ մտել է հայ մարդու, երեւանցու գրպանը, դուրս չի գալիս մեր գրպաններից։ Ամեն օր տեսնելով, որ այս մեկը մարսեց, այն մեկը մարսեց, նորից է իրականացնում թանկացումներ։ Սարսափելի թանկացումներ են սպասվում»,-հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։
Նույն խմբակցությունից Մանուկ Սուքիասյանն էլ հայտարարեց՝ սպասվող թանկացումներն ընդգրկում են ոչ միայն տեղական տուրքերը, սպասվում է, որ այն տարածվելու է նաեւ հանրային տրանսպորտի վրա։
Կարդացեք նաև
«Այս իշխանությունները հինգ տարում ձեզ խոստացել էր, որ էլեկտրաէներգիայի էժանացում, սակայն դա տեղի չունեցավ, մի բան էլ թանկացավ, խոստացել են, որ ջուրը չի թանկանա, բայց թանկացավ, խոստացել էին, որ գազամատակարարումը չի թանկանա, բայց թանկացավ։ Այժմ էլ կարմիր գծերի տուրքերի հետ կապված ստեղծելով խնդիր, մարդկանց ուղղորդելով տաքսի ծառայություններ եւ հանրային տրանսպորտ, այս իշխանությունները պատրաստվում են հունվարի 1-ից թանկացնել տաքսի ծառայությունը՝ լրացուցիչ հարկային բեռով, ինչպես նաեւ հավանաբար, քննարկման ներկայացնել տրանսպորտի սակագների փոփոխությունը։
Այս իշխանությունները համատարած խաբել են ու շարունակում են խաբել»,-շրջելով Արաբկիրի փողոցներով ու դիմելով քաղաքացիներին, ասաց Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունը ինչ հայտարարել է, դրա հակառակն է անում, օրինակ՝ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է, բայց հետո ստիպված եղավ հայտարարել, որ Արցախը Ադրբեջան է․«Այս իշխանության օրոք զոհերի թիվն ավելացավ, տարածքային կորուստներ եղան, ավելացան թմրամոլների եւ խաղամոլների թիվը, ավելացավ գերիների թիվը»։
Սուքիասյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 26-ի ավագանու նիստը «Մայր Հայաստանը» բոյկոտելու է, փորձելու է քվորում չապահովելու միջոցով կանխել նիստի կայացումը։
«Մայր Հայաստանը» քաղաքացիների դեկտեմբերի 26-ին հրավիրում է Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ բողոքի ցույցի։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ