Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ պատասխանը կարող է ավելի ոչ կոռեկտ լինել, դրա համար չեմ պատասխանում… չեմ պատրաստվում ՌԴ դեսպանին մեկնաբանեմ որեւէ ձեւով». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 22,2023 14:44

Ինչպե՞ս է տացվում, որ հակառուսական այս ֆոնին նոր ռազմատեխնիկական համաձայնագրեր են քննարկվում ՌԴ-ի հետ. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ո՞ւմ մոտ է հակառուսական ֆոն: Կարծում եմ, հակառուսականություն բառը սխալ է ասված, որովհետեւ հայ ժողովուրդը եւ ռուս ժողովուրդը բարեկամ են եւ ժողովուրդների մասին չի կարելի նման բան ասել: Հայաստանում հակառուսականություն չկա, կա հակակրանք այն քաղաքականության նկատմամբ, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են, բայց խնդրում եմ, դա չվերածենք հակառուսական ֆոնի»:

Ալեն Սիմոնյանը, իրեն ու իր թիմակիցներին թողած՝ լրատվամիջոցներին սկսեց մեղադրել. «Բազմաթիվ լրատվամիջոցներ նույնպես ձեր ասած տրամադրություններով աչքի են ընկնում»:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը Հանրայինի եթերում ասում էր՝ «Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը և գործողություններ իրականացնելու անկարողությունը բարդել հայկական կողմի վրա»:

Ալեն Սիմոնյանը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային ասում էր․ «Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: Թող ինքն իր դարդերով տապակվի»:

Ալեն Սիմոնյանի թիմակից, ՔՊ խմբակցության անդամ Գագիկ Մելքոնյանն ասում էր՝ ռուսական ալիքները պետք է փակել. «Ռուսաստանը Արցախում երկրորդ «Կոլցո» օպերացիան է իրականացնում» եւ այլն:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ քննարկվում են ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր: Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա չի բացառում: Հարցին՝ ո՞ր փուլում են զենքի շուրջ բանակցությունները, որովհետեւ ՌԴ-ն հրաժարվում էր զենք մատակարարել՝ նա պատասխանեց, որ բացի հրաժարվելուց, երեւի չէր կարողանում մատակարարել. «Ես վստահ էլ չեմ, որ կարող ենք ասել՝ կունենանք այն, ինչ կբանակցենք: Կապրենք՝ կտեսնենք»:

Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ Հայաստանը հաջորդ տարի կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը. «Այդ համագործակցության շնորհիվ նաեւ մեր տնտեսությունն աճ է ապահովում: Կարծում եմ, ճիշտ որոշում կընդունի կառավարությունը»:

Հարցին՝ ՀԱՊԿ քարտուղարը Հայաստանում է եւ փաստաթղթեր է բերել, այդ փաստաթղթերը կստորագրվե՞ն՝ ԱԺ նախագահը պատասխանեց, որ տեղյակ չի ինչ փաստաթղթերի մասին է խոսքը. «Պիտի տեսնեմ: Համենայնդեպս, մենք որեւէ ձեւով գործունեությունը տորպեդահարելու նպատակ չունենք: Այն պարագայում, երբ որ դա կհակասի ՀՀ շահերին, ո՛չ, չեն ստորագրվի, դրա օրինակները եղել են»: Թե ե՞րբ են վերսկսել ՌԴ-ի հետ զենքի մատակարարման շուրջ բանակցությունները՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դրանք մշտապես եղել են. «Ասել ենք՝ գումար ենք փոխանցել, գիտեք, մեր զինանոցում կան ինչ-որ բաներ, որոնց սպասարկման առումով նաեւ ռուսական կողմը պետք է զբաղվի եւ պարտավորություններ ունի»: Լրագրողները փոխանցեցին Կոպիրկինի խոսքը, որ նոր համագործակցության մասին էր խոսում եւ ասում էր, որ ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով եւ ժամանակին, դուք պարտավորությունների մասին եք խոսում՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ հարցը կոռեկտ չի եւ իմ պատասխանը կարող է ավելի ոչ կոռեկտ լինել, դրա համար չեմ պատասխանում: Ես դեսպանի հետ երեւի թե վերջին անգամ մի 8 ամիս առաջ եմ շփվել, չեմ պատրաստվում նաեւ իրեն մեկնաբանեմ որեւէ ձեւով, դա իմ գործը չի»:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ բազմիցս հայտնել են, որ գումար են փոխանցել ու զենք չի մատակարարվել. «Դա եղել է մեր ամենա-ամենաբան ժամանակահատվածում: Հիմա տպավորություն կա, որոշ գործընկերների թվում է, եթե մի բան հաճախ ասեն, օրինակ՝ ասեն․ Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, այ այդ ժամանակ… եւ դա իրականություն կդառնա: Ո՛չ, դա իրականություն չի դառնա, Հայաստանի,Ղարաբաղի ժողովուրդը իրականությունը գիտի: Ինչքան էլ կրկնեն, մեկ է, դրանից իրականությունը չի փոխվի: Կարող է իրենց մոտ ինչ-որ բան փոխվի, բայց չեմ կարծում, որ Հայաստանում կարող է փոխվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031