«Եթե ինչ-որ մեկն ուզում է, որ բանկային գաղտնիքը պահպանվի, թող տանի այդ վարկը մարի, իսկ ով ուզում է, որ այս նախագծով իր վարկը Հայաստանի Հանրապետության կառավարության ու ՀՀ քաղաքացիների փողերով մարվի, թող ստորագրի համապատասխան համաձայնագիրը, որ համաձայն է այդ բանկային գաղտնիքը բացելուն»,- Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նշենք, որ այս նախագծով Արցախի պարտքը վերակառուցվում է ՀՀ-ում, այդ թվում՝ բանկերը պետք է որոշում կայացնեն Արցախի իրավաբանական ու ֆիզիկական անձանց պարտքերը ներելու հարցով։
Վահագն Ալեքսանյանն ասաց, որ եթե ՀՀ քաղաքացիներն են մարելու այդ վարկերը, պարտավոր են իմանալ՝ ինչ վարկեր են դրանք։ «Ես առաջարկում եմ անպայման այդ փոփոխությունը մտցնեք, որ օրենքի ընդունումից անմիջապես հետո այդ բոլոր վարկերի ցուցակը ենթակա է լինելու հրապարակման։ Հակառակ պարագայում այստեղ խնդիր կա։ Որ նայում ես մամուլի ու սոցիալական ցանցերի հրապարակումները, 1 մլրդ-ից պակաս փող չկա։ Ու որը նայում ես, նույն մարդիկ են, նույն շրջանակն է, նույն դեմքերն են։ Այդ բոլորի վարկերը հատ առ հատ պետք է ուսումնասիրվի մաքսիմալ խստագույնս։ Մարդը 2 մլրդ դրամ վարկ է կորցրել, բայց Հայաստանում մի 15 մլրդ-ի շինարարություն է անում։ Իսկ կարո՞ղ է պետք չէ այդ վարկը մարել, կարո՞ղ է ավելի լավ կլինի, որ հենց ինքն իր 2 մլրդ-ը մարի։ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին էլ է դա մտահոգում, որ մեկ-մեկ խոսակցություն է գնում, ասում են՝ մենք պատկերացում չունեինք, որ մեր պաշտոնյաները սենց վարկեր են վերցրել։ Ես պնդում եմ, որ այդ բանկային գաղտնիք կոչվածը վերանա այս օրենքի ընդունումից հետո։ Ով ուզում է, որ իր վարկն ընկնի սրա տակ, ինքը պետք է համաձայնություն տա իր բանկային գաղտնիքը հրապարակելուն»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ