«Հասարակ քաղաքացին հիփոթեքային վարկ էր վերցրել ու Ստեփանակերտում բնակարան ձեռք բերել։ Այդ մարդու ճակատագիրը բանկն է որոշելու, թե՞ Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Անձամբ ես այդ խնդրով հինգ դիմում եմ ստացել, ուրեմն, այդ խնդրով հետաքրքրվող մարդկանց թիվը շատ է»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Հիփոթեքային վարկերը, որոնցով Լեռնային Ղարաբաղում տներ են գնվել, մտնում է 315 մլրդ դրամի մեջ։ Դրա գումարը կազմում է 14 մլրդ դրամ։ Ինչ վերաբերում է այն վարկերին կամ այն պարտավորություններին, որոնք չեն մտել դրա մեջ, դա, օրինակ, վերաբերում է նրան, որ մարդիկ Լեռնային Ղարաբաղում վարկ են վերցրել, սակայն բիզնեսը Հայաստանում է, Լեռնային Ղարաբաղում վարկ են վերցրել, բայց գրավն է Հայաստանում։ Այնպիսի վարկերը, որոնց հետեւից բանկերը կարող են գնալ եւ ապահովել դրանց հետագա սպասարկումը, դրանք դուրս են բերվել։ Այնպիսի բիզնեսներ, որոնք գտնվել են ԼՂ տարածքում, եւ գրավն էլ եղել է այնտեղ, մտել են 315 մլրդ դրամի մեջ, որովհետեւ հասկանում ենք, որ դրանց հարցը հնարավոր չէ լուծել։ Այդ 315 մլրդ-ի մեջ չեն մտել նաեւ անգրավ վարկերը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Գեղամ Նազարյանն ասաց, որ կոնկրետ մեկ օրինակ է բերում, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն․ «Մարդը վերցրել է 100 հազար դոլարի հիփոթեքային վարկ, ինքը պետք է շարունակի 30 հազար դոլարը վճարե՞լ, թե այդ 30 հազար դոլարն էլ բանկն է իր կողմից ներելու։ Թե՞ բանկն արդեն իր որոշումը կկայացնի՝ կամ կների, կամ չի ների»։
Ֆինանսների նախարարն ասաց․ «Եթե հիփոթեքային վարկի է վերցվել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բնակարան գնեն, ոչ։ Եթե Ստեփանակերտի մասին է խոսք գնում, ապա այդ իրավունքն ամբողջությամբ անցնում է ՀՀ կառավարությանը։ Եվ ուսումնասիրության արդյունքում, եթե պարզվի, որ այդտեղ որեւէ կեղծ գործարք է տեղի ունեցել, ապա մենք պահանջը կներկայացնենք, եթե նորմալ գործարք է տեղի ունեցել, ինչպես սովորական դեպքերում, եւ մարդիկ իրենց տունը կորցրել են, այլեւս չեն կարող սպասարկել այդ հիփոթեքային վարկը, ապա այդ գումարն ամբողջությամբ կներվի»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ