Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեր «մեծ եղբայր» թուրքը մի հատ ծակ անի, սաղ ջուրը գնա, ով ա ստեղ նստած լավ տղերքից գնալու ձեռքը բռնի, թող կանգնի, ասի՝ ես կարող եմ ձեռքը բռնել. ձկնաբույծ

Դեկտեմբեր 22,2023 14:02
Sevan

«Մենք մեր ընդերքի թշնամին չենք, բայց փաստն այն է, որ կառավարությանը հետաքրքիր չէ ջուրը, եթե հետաքրքիր լիներ, կփակեին հազարավոր ապօրինի հորերը, հիմա, եթե մենք փակենք, էդ ապօրինի հորերից ավելի շատ ջուր է թափելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց այսօր վաղ առավոտից բողոքի երթի դուրս եկած ձկնաբույծներից մեկը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ձկնաբույծները բողոքի երթի են դուրս եկել: Միակողմանի փակել են Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը, ավելի ուշ քայլերթով շարժվել  դեպի Կառավարութան շենք։

«Հիմա, եթե մենք փակենք, կրճատենք 40 չէ, 100 տոկոս փակենք, տիրազուրկ հորերից չի հոսե՞լու, սաղ գնալու է էնտեղ: Մեր ձկնաբուծարանների ջուրը, եթե փակենք, ընդամենը Թուրքիա հոսող ջուրն է ուժեղանալու, ուրիշ ոչ մի էֆեկտ չենք ունենալու: Նպատակը ջուր փակելը չէ, նպատակը ձկնաբուծարանները վերացնելն է, ես այսպես եմ հասկանում»,-շարունակեց մեկ այլ ձկնաբույծ` Արթուր Հովհաննիսյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե կառավարությունից ասում են՝ փակվում եք, փակվեք, մեզ շանտաժ մի արեք, Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Էդ ասողները գալիս ու գնում են, իսկ 2007 թվից մենք դաշտում կենդանիների ու բնության հետ պայքարի մեջ ենք: Ինչ է նշանակում՝ փակվում եք, փակվեք, դա ընդամենը մի մարդու ցանկություն է, չես կարում, մի կառավարի, ես էլ դա եմ ասում, ուր է մասնագետը, ես  մասնագետ եմ ուզում: Ճղվեցինք ասելով՝ մի մասնագետ բերեք, թող ասի, որ ջուրը փակես, խնդիրը լուծվելու է, ես իրեն հարց տամ, ինքը պատասխանի, բայց հարց ես տալիս մարդկանց, բանից խաբար չեն: Ընդերքը սահման չի ճանաչում: Եթե մեր սահմանից 100 մետր այն կողմ մեծ եղբայր թուրքը մի հատ ծակ անի, սաղ ջուրը գնա, ով ա ստեղ նստած լավ տղերքից գնալու ձեռքը բռնի, թող կանգնի, ասի՝ ես կարող եմ ձեռքը բռնել»:

Հիշեցնենք նաեւ՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին  վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Օրինագիծը ներկայացնելիս Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Հիշեցնենք, որ ձկնաբույծները բողոքի ցույցի էին դուրս եկել նաեւ նոյեմբերի 23-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031