Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ ամփոփաթերթը կհանձնվի անկախ փորձաքննության. ԿԳՄՍ փոխնախարար

Դեկտեմբեր 22,2023 13:30

«Կրթության ոլորտում մեծածավալ բարեփոխումներ են իրականացվել տարվա ընթացքում, որոնց արդյունքներն այսօր հնարավորություն ունենք ամփոփելու»,-տարեվերջյան ասուլիսում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը եւ ներկայացրեց որոշ տվյալներ:

«Նախադպրոցական կրթության ոլորտին անդրադառնալիս՝ ուզում են ընդգծել, որ ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ այս ոլորտում շարունակվել են բովանդակային զարգացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես նախադպրոցական պետական չափորոշչի ներդրման շրջանակում աշխատանքները շարունակվել են 180 մանկապարտեզում, իրականացվել են կարողությունների զարգացման գործընթացներ՝ ինչպես ղեկավար անձնակազմի, այնպես էլ նախադպրոցական հաստատությունների մանկավարժների: Մասնակցել են ավելի քան 2500 մասնագետներ:

Հանրապետության ողջ տարածքում նախադպրոցական կրթության հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու նպատակով արդեն իսկ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, ինչի շրջանակում ունենք 1000-ից ավելի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնք հաճախում են մանկապարտեզներ»,-ասաց Արաքսիա Սվաջյանը:

Նա հավելեց, որ այս տարվա սեպտեմբերից զինծառայողների երեխաները եւս կարող են անվճար հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ հաջորդ տարվանից պլանավորվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթությունն իրականացնել նույն սկզբունքով՝ պետության միջոցներով:

Ի թիվս այլնի, նա անդրադարձավ նախադպրոցական կրթական հաստատությունների ղեկավարների հավաստագրման գործընթացին: Հավելեց, որ օրենքի հստակ դրույթ է սահմանվել, ըստ որի՝ մինչեւ 2024թ հունիսի 1-ը բոլոր տնօրենները պետք է հավաստագրված լինեն, այլապես իրենց գործունեությունը չեն կարողանալու շարունակել :

Փոխնախարարն ասաց, որ հանրակրթության ոլորտում աշխատանքները շարունակվել են 3 ուղղություններով՝ բովանդակության զարգացման, մասնագիտական կարողությունների զարգացման եւ ենթակառուցվածքների ապահովման: Նա տեղեկացրեց, որ այս տարվա սեպտեմբերից 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը հաջորդ տարվանից ընդլայնվելու է եւս 4 դասարաններում: Այս տարի առաջին անգամ նոր դասագրքերի ստեղծման եւ տպագրության գործընթաց իրականացվեց, ինչի արդյունքում 30 անուն դասագիրք ստեղծվեց»,-ասաց Արաքսիա Սվաջյանը: Ընդգծեց, որ 30 տոկոսի չափով մեկ դասագրքի ստեղծման արժեքը նվազել է:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած եւ նրա կնոջ՝ Մարիամ Կարապետյանի խմբագրած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին, որը արժանացել էր քննադատությունների, տարբեր մասնագետներ կարծիք էին հայտնել, որ այն չի բավարարում դպրոց մտնելու պայմանները եւ լի է աղաղակող սխալներով:

Արաքսիա Սվաջյանն այդ մասին հետեւյալը նշեց. «Բոլոր դասագրքերի վերաբերյալ մենք հավաքագրում ենք տեղեկատվություն: Բոլոր հեղինակները հանձնարարական էին ստացել հավաքագրված տեղեկատվության համաձայն պատրաստել ներդիրներ, որպեսզի խմբագրական որոշակի շտկումներն իրականացվեն: Հայոց պատմության դասագիրքը բոլորովին այլ ընթացակարգով է գնում. թե ակադեմիական շրջանակում, թե հանրության շրջանում բավականին մեծ արձագանք էր եղել դասագրքի վերաբերյալ: Մենք մի շարք հանդիպումներ ենք նախաձեռնել, լսել ենք տարբեր մարդկանց կարծիքներ: Բոլոր հանդիպումներին հրավիրել ենք նաեւ դասագրքի հեղինակին եւ դասագիրք ստեղծող կազմակերպությանը:

Վերջին մեր հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել բոլոր հետաքրքրված մարդկանց հետ, որոնք կարծիք են հայտնել, բոլոր այդ կարծիքները, դիտողությունները, դիտարկումները հանձնվել են դասագրքի հեղինակին, որը ամփոփաթերթի տեսքով նախարարությունը կներկայացնի, թե յուրաքանչյուր դիտարկման վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի: Եվ իրենք էլ ներդիրով պատրաստվում են շտկում իրականացնել, ինչի հետ է հեղինակը համաձայն, ինչի հետ՝ ոչ, որից հետո այդ ամփոփաթերթը կուղարկենք գաղտնի, անկախ փորձաքննության, որպեսզի հասկանանք, թե հեղինակի կողմից ընդունված կամ չընդունված դիտողությունները ինչ ազդեցություն կարող են ունենալ դասագրքի հետագա կիրառման վրա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031