Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, երեքդ էլ կենդանի եք, լսե՛ք՝  մինչեւ մահ պայքարելու եմ, երեխայիս սպանողը պիտի պատասխան տա, կլինի գեներալ, թե՝ ոչ»․ Գոհար Սարգսյան

Դեկտեմբեր 22,2023 13:38

«Տղաս Ռուսաստանից եկավ, որ պարտքը կատարի, բայց Հայաստանի Հանրապետության հայ գեներալները շքախմբով սպանեցին որդուս։ Պարոն վարչապետ, ես փոխել եմ երեք կառավարություն, տղայիս սպանել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, երեքդ էլ կենդանի եք, լսե՛ք՝ ես մինչեւ մահ բողոքելու եմ, պայքարելու եմ, իմ երեխային սպանողը պիտի պատասխան տա, կլինի գեներալ, թե․․․ ով էլ լինի»,-ոչ մարտական պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն այսօր «Հոդված-3» ակումբում նման հայտարարություն արեց։  Մոր ներկայացմամբ՝  որդուն սպանել են 2007 թվականին, Կարճաղբյուրի զորամասում․«Սպանել են առեղծվածային հանգամանքներում, առեղծվածային է  պետության համար»։

Մեկ տասնամյակից ավելի է՝ խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողները պայքարում են իրենց որդիների քրեական գործերի արդար քննության համար, պարբերաբար բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի մոտ։

Մոտ երկու տարի առաջ վարչապետ Փաշինյանի որոշմամբ ստեղծել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների քրեական գործերը։ Ծնողները դժգոհ են աշխատանքային այս խմբի աշխատանքից։

Գոհար Սարգսյանի պատմելով՝ 2022-ի օգոստոսին Նիկոլ Փաշինյանն ընդունել է ծնողների, եւ ասել՝ քանի որ Աննա Վարդապետյանը նշանակվել է գլխավոր դատախազ, ես ձեռքերս լվանում եմ, բոլոր գործերը տեղափոխում եմ Վարդապետյանի ենթակայութան տակ․«Վարդապետյանը լավ տեղյակ է քրեական գործերից, 150 էջանոց ապացույցներն իր ձեռքով է գրվել եւ հաստատվել։ Դա խորհրդատվական եզրակացություն էր, բայց դրանք դատարաններում իրավական գնահատական են ստացել, կասեցված գործերը եզրակացության հիման վրա  վերաբացվեցին։ Աննա Վարդապետյանը մեզ խոստացավ, որ նպատակին կհասնի»։

Սարգսյանի ներկայացմամբ՝  սակայն  այն դատախազներն ու քննիչները, որոնք այս քրգործերով խախտումներ են թույլ տվել կամ կեղծել գործերը, որոնք Վարդապետյանի օրոք չպիտի շարունակեին աշխատել  համակարգում, այսօր էլ աշխատում են։

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ փաստաբան, իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանն էլ ներկայացրեց ծնողների եւ իրավահաջորդների հետ համատեղ կազմած հայտարարությունն՝ ուղղված վարչապետին եւ գլխավոր դատախազին։

Հայտարարությամբ ասվում է, որ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների իրավահաջորդների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ եթե ներկայացվեն խախտումներ թույլ տված պաշտոնյաների մասին հավաստի տվյալներ, ապա մեղավորները կպատժվեն։ «Մենք իրավախախտում կատարած պաշտոնյաների ցուցակներ ենք հրապարակել այս տարի գարնանը։ Սակայն Փաշինյանի խոստումն անկատար մնաց։ Իրավախախտներից որոշներին Փաշինյանն անձամբ կամ իր թիմը ավելի բարձր պաշտոնների է նշանակել։ Դատախազությունն ու Քննչական կոմիտեն  դարձել են հանցագործների իրավատերերը։ Դատախազության եւ Քննչական կոմիտեի անգործության պատճառով ԵԽ նախարարներ կոմիտեն դեկտեմբերի 5-7-ի նստաշրջանի ժամանակ փաստացի քաղաքական դիրքորոշում է հայտնել Հայաստանում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների քրգոծերի քննության արդյունավետության բացակայության մասին։ Նախարարների կոմիտեն հայտարարել է՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների քրեական գործերի քննության տեւականության պատճառով անցնում են վաղեմության ժամկետները եւ կորցնում են ապացույցները»,-ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ 2007-2023-ի ընթացքում դատախազներ են փոխվել, սակայն այս գործերով արդյունք չի գրանցվում, իսկ վերջին այս մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքը ընդամենը համակարգչային մեկ էջ փաստաթուղթն է, որոշ գործերով տասը վկայի հարցաքննությունը բավարար չէ։

«ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարություն էլ․․․ ավելի անպատվաբեր բան Հայաստանի մասին չէր կարող լինել։ Սա Ամանորից առաջ քննիչների եւ դատախազների «պարգեւավճարն» է եւ աշխատանքի գնահատականը։

Մանրամասն՝ տեսանյութում

Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան, ՀԿ-ի փաստաբան, իրավահաջորդների ներկայացուցիչ Նինա Կարապետյանցն էլ հավելեց՝ չնայած ոլորտի պատասխանատուները հայտարարում են, թե մեծ առաջընթաց ունեն դատաիրավական ոլորտի բարեփոխումների աշխատանքում, բայց իրականությունն այն է, որ 16 տարվա  քրգործեր կան, որոնք դետալացված տեղեկություններ են, դրանց մասին տեղյակ են վարչապետն ու գլխավոր դատախազը․«Միակ բանը, որ գնում է իր գծով, դա այս գործերով վերաբերմունքն է։ Արդյոք սա չէ՞ համակարգված կոռուպցիան։ Մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, քրգործերը կեղծվում են, ապացույցները ոչնչացվել են, եւ այդ մարդիկ ինչպես նախկինում են պաշտոններ զբաղեցրել, այնպես էլ՝ այսօր։  Այս ծնողները ինչպես նախկինների ժամանակ են բողոքի ցույց արել կառավարության շենքի մոտ, այնպես էլ Փաշինյանի ժամանակ են կանգնում  կառավարության շենքի մոտ, սա է չափանիշը։ Այդ գործերի ուսումնասիրության համար հանձնաժողովի ստեղծման նպատակն էլ այն էր, որ՝  դե, քանի որ մենք քննում ենք այդ գործերը, դուք կառավարության շենքի մոտ բողոքի ցույց չանեք, զուտ այդ պատկերը ստանալու համար էր»։

Կարապետյանցի ներկայացմամբ՝ գլխավոր դատախազը այս քրգործերից մանրամասն տեղեկացված հանցագործության մասին 150-180 էջանոց զեկույց է ներկայացվել․«Այսօր Վարդապետյանը հաջողությունների մասին է խոսում։ Բայց կոռուպցիան սա է, ինչպես նախկինում են կարողացել ապահովել անվտանգությունը այն իրական հանցավոր անձանց, ովքեր ուսադիր են ունեցել, բարձր պաշտոն են զբաղեցրել, այսօր էլ  նույն համառությամբ նույն մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվում»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031