Սրտի խոր կսկիծով և ցավով հայտնում ենք ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս, ԲԳԹ, դոցենտ Գաղթուհի Կարապետի Հանանյանի/Հաննեյանի կյանքից հեռանալու լուրը: Նա Կարապետ և Մելինե Հաննեյանների ավագ դուստրն էր:
Գաղթուհի Հանանյանը տաղանդավոր գիտնական և վաստակաշատ մանկավարժ էր, ով իր մնայուն ավանդը բերեց հայ բանասիրության ոլորտում:
Գաղթուհին ծնվել է 1939թ. Լաթաքիա քաղաքում՝ պապենական Մուսալեռից գաղթելու ճանապարհին (այստեղից էլ անվան ծագումը) 1946թ. ընտանիքը հայրենադարձվում է Մայր Հայաստան:
1956թ. ավարտել է Երևանի թիվ 48 միջնակարգ դպրոցը:
1956-61թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) բանասիրական ֆակուլտետում:
1963թ. աշխատանքի է անցել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում նախ՝ ընդհանուր և համեմատական լեզվաբանության, ապա՝ Հայոց լեզվի պատմության ամբիոններում:
ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի (ԳԱ) ակադեմիկոս Էդուարդ Աղայանի ղեկավարությամբ 1988-1991թթ. սովորել է ասպիրանտուրայում և 1991թ. պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Սվեդիայի բարբառը (Խտրբեկի խոսվածք)» թեմայով, որի համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Բանասիրական գիտությունների թեկնածու է 1991 թվականից: Նա իր երկար ու արգասաբեր աշխատանքային գործունեության ընթացքում կրթել է ԵՊՀ բազմաթիվ սերունդների: 1974-2017թթ. ներառյալ համալսարանի տարբեր ֆակուլտետներում դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, գրաբար (Հայ բանասիրության պատմության, արևելագիտության, աստվածաբանության ֆակուլտետներում), Հայ բարբառագիտության հիմունքներ, Հայ բարբառների համեմատական քերականություն, Կիլիկյան բարբառներ, Հայերենի պատմական հնչյունաբանություն, Հայոց լեզվի պատմություն (Հայ բանասիրության ֆակուլտետ): Մասնակցել է հայրենիքում և արտերկրում կազմակերպված միջազգային գիտաժողովների և հանդես եկել զեկուցումներով, որոնք հրապարակված են համապատասխան գիտական ժողովածուներում: Նա բացառիկ պահանջկոտությամբ էր վերաբերվում իր գործին:
Արմատներին հավատարիմ մնալով՝ իր գիտական աշխատանքի զգալի մասը նվիրել է Մուսա լեռան բարբառների ուսումնասիրությանը՝ տպագրելով բազմաթիվ հոդվածներ և մենագրություններ: Հեղինակ է հայերենագիտական տարբեր հիմնախնդիրներին նվիրված ուսումնասիրությունների, որոնցից հատկապես նշելի են հետևյալները. «Սվեդիայի բարբառը (Խտրբեկի խոսվածք)» Երևան 1995թ., «Առկայացման քերականական կարգը Անտիոքի տարածքի հայ բարբառներում» 1985թ., «Դերանվանական ինքնատիպ ձևեր Անտիոքի տարածքի հայ բարբառներում» Փարիզ 1999թ. Հայագիտական միջազգային 6-րդ գիտաժողով, «Forms et valeures dans les dialects Armeniens de la region d՚Antioche», Slovo, Actes du Sixieme Colloque international de Lenguistique Armenienne Volume 26-27, 2001-2002թթ., «Գրաբարի խոնարհման մի անկանոնության մասին» 2007թ. Բանբեր Երևանի պետական համալսարան N 3, «Հին հայերենի բայական զարտուղությունների հետագա դրսևորումները» 2015թ., «Հայ բարբառների բազմահատկանիշ դասակարգումը» 2016թ.: Խմբագրել է գիտական մենագրություններ, հրապարակել հոդվածներ, հանրապետական գիտական հանդեսներ, գրախոսել մասնագիտական ուսումնասիրություններ՝ «Քեսապի բարբառը» Հակոբ Չոլաքյան 2009թ., հոդված՝ «Աղայանը բարբառագետ» և այլն:
Կազմել է «Բարբառագիտության հիմունքներ», «Հայ բարբառների համեմատական քերականություն», «Կիլիկյան բարբառներ» ուսումնական դասընթացի ծրագրեր:
Ցավոք չհասցրեց տպագրված տեսնել իր վերջին աշխատությունը՝ «Սվեդիայի բարբառի բառարանը»:
Բազմաթիվ են ջերմ հիշողությունները նրա մասին՝ պարուրված նրա վառ անհատականության, մեծահոգության, ղեկավարման ու հոգածության մասին հույզերով: Նա կարծես ընտանիքի նահապետը լիներ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ մեծ կարևորություն ուներ նրա համար: Նա բոլորինս էր՝ առանձին-առանձին և միաժամանակ իր մեծ սրտով ու ապավեն լինելու կարողությամբ: Նրա շուրջն էինք համախմբվում թե՛ ուրախության, թե՛ խնդիրների պահին: Նրա ապրած կյանքը սեր էր ու նվիրում… և դեռ երկար այդ բացը կզգանք:
Հիշատակդ անմար լինի սիրելի քույր, մորաքույր, հորաքույր… խոնարհվում ենք Քո լուսավոր հիշատակի առջև:
Կան բացեր, որ չեն լրացվում… բայց մեր սրտերում միշտ ներկա կմնաս քո հմայիչ, գորովագին ժպիտով ու մայրական հոգածությամբ:
Թող քո գործն ու ավանդը շարունակական լինեն…
Աստղիկ Հաննեյան, Հայկանուշ Մելիքյան, Սոնա Փանաջյան, Հասմիկ Մինասյան, Արփինե Մինասյան, Մելինե, Անի, Մարիամ, Լիլիթ Հանայաններ, Վարուժան Մարդանյան