Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր կառավարությունը չի դիտարկո՞ւմ, որ այս ամբողջի հիմնական մեղավորը՝ մեր թշնամի Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի»․ Թադեւոս Ավետիսյան

Դեկտեմբեր 22,2023 12:48

«Ձեր զեկույցում չասացիք, որ փաստորեն 210 մլրդ դրամով պետական պարտք եք ավելացնում։ Արդյոք այս լուծումը, որը բերվում է այս ձևով, էական ռիսկեր չի առաջացնի՞ պետական պարտքի, մասնավորապես, ներքին պարտքի կառավարման իմաստով»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նշենք, որ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Վահե Հովհաննիսյանն ասել էր, որ Արցախի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ անհնար է դարձել։ Նախագծով առաջարկվում է վերոնշյալ շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70 եւ 30 համամասնությամբ։ Նախագծով առաջարկվում է նաեւ թույլատրել ՀՀ կառավարությանը՝ թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչեւ 225 մլրդ դրամ անվանական արժեքով։

Թադեւոս Ավետիսյանի հարցին ի պատասխան Վահե Հովհաննիսյանն ասաց․ «Ինչ վերաբերում է պարտքին, ապա դուք ճիշտ եք։ Բնականաբար, պարտքի վրա ազդեցություն ունի սա։ Կարծում ենք, որ սա ամենաօպտիմալ լուծումն էր՝ այդ հարցը լուծելու համար։ Ձեզ տեղեկացնեմ, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության վրա դա կունենա 2,4 տոկոսային կետով ազդեցություն։ Այսինքն՝ եթե հիմա 47 տոկոս պարտք-ՀՆԱ հարաբերակցություն ունենք, ապա դա կդառնա 49,4 տոկոս»։

Թադեւոս Ավետիսյանը հարցրեց․ «Ձեր կառավարությունը չի դիտարկո՞ւմ, որ այս ամբողջի հիմնական մեղավորը՝ մեր թշնամի Ադրբեջանը որեւէ կերպ պետք է պատասխանատվություն կրի, եւ միջազգային մեխանիզմներ կան։ Այս լուծումը, որ բերում եք, ժամանակավոր է։ Ի՞նչ քայլեր է այս ուղղությամբ իրականացվում ի վերջո, որ նաեւ այդ հատուցման եւ փոխհատուցման խնդիրները կարգավորվեն։ Սա էապես կարեւոր է հիմա արձանագրել։ Այնպես չէ, որ այդպես էլ պիտի լիներ, եւ ՀՀ կառավարությունը եւ ժողովուրդը պիտի դա փոխհատուցեր»։

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ մնացած հարցերը, որոնք վերաբերում են միջազգային կամ այլ հարցերի ուսումնասիրությանը, հետագա գործընթացների խնդիր է։ «Եվ վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ջանքեր է իրականացնելու՝ այդ գումարների առնվազն մի մասը վերականգնելու ուղղությամբ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031