«Մտահոգություններ կան, որ Լեռնային Ղարաբաղում ծախսված միջոցների մի մասը կարող են այլ նպատակներով ծախսված լինել։ Մասնավորապես, Հայաստանում կամ արտերկրում։ Եվ այս առումով ես նաեւ ցանկանում եմ իրավապահ համակարգի ուշադրությունը գրավել եւ խնդրել, որպեսզի հընթացս ունենան ուսումնասիրություններ, եւ նման բացահայտված դեպքերը հօգուտ ՀՀ նույնպես պիտի բռնագանձվեն եւ օգտագործվեն ի օգուտ ՀՀ-ի»,- այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց․ «Ճիշտ եք, եւ այս օրենքի նախագիծը հենց դա էլ նախատեսում է, որ ամբողջ պարտավորության գումարի, այսինքն՝ 315 մլրդ դրամի նկատմամբ ՀՀ-ն ստանում է դրա իրավունքը։ Այսինքն՝ պահանջի իրավունքները զիջվում են Հայաստանի Հանրապետությանը։ Եվ մենք կարողանալու ենք հետագայում գնալ այդ գումարների հետեւից։ Եվ եթե բացահայտվեն որոշակի խնդրահարույց դեպքեր, ապա մենք կկարողանանք այդ գումարների պահանջ ներկայացնել»։
Ֆինանսների նախարարը տեղեկացրել էր, որ Արցախի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ անհնար է դարձել։ Այս նախագծով առաջարկվում է այս 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70 եւ 30 համամասնությամբ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ