Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաբունապետ․ Իսրայելը դեռ դեսպանություն չի բացում Երեւանում, փորձում ենք աշխատել, թեեւ լուռ ենք, չենք սկսում դրոշներ թափահարել, մինչեւ չենք հասնում որոշակի լուրջ որակի․ «Ազգ»

Դեկտեմբեր 22,2023 10:45

Մեր զրույցը Հայաստանի գլխավոր րաբբի Գերշոն Բուրշտեյնի հետ

-Երեւանի սինագոգի վրա հարձակման մասին առաջինը Բեռլինում Ադրբեջանի դեսպանի գրառումից տեղեկացա: Ինչպե՞ս են իրենք առաջինն իմացել:

-Այո, իրենք են առաջին լուրերը տարածել: Պիտի հարցնել ՀՀ Ազգային անվտանգությանը:

-Չպարզեցի՞ն՝ ո՞վ է կատարողը:

-Ոչ: Դեռ չեն ասել, բայց ընդհանրապես պիտի հասկանալ՝ ինչպե՞ս է հնարավոր նման գործողություն անել. պարզ է, որ Հայաստանի բնիկ ժողովուրդը չի անում, իմ համոզմունքն է: Իմ կյանքի փորձը, 25 տարվա այստեղի շրջապատի փորձը համոզում է, որ նման բան չի կարող լինել: Երկրորդը՝ եթե վերցնում ենք պայքարի ձեւ, ապա ավելի շատ պիտի լուսաբանել այստեղի կյանքը: Օրինակ՝ Հանուկայի տոնն է, Առաջին ալիքը կարող է լուսաբանել:

-Ինձ Բաբաջանյան համերգասրահում անցկացված ազգային փոքրամասնությունների տոնական երեկոյին հրավիրեց հրեական համայնքը: Շատ շնորհակալ եմ: Ափսոսում եմ, դրա մասին լավ չեն իրազեկում, այլապես շատերը կմասնակցեն:

-Երեւանում ապրած հրեաների մասին էլ չի հիշատակվում: Իսկ Ադրբեջանում նշվում է: Տարբերությունը մեծ է: Մահմեդականների արեւելյան դիվանագիտությունը միշտ մի շեշտ ունի՝ ճիշտ է, թե սխալ, կարեւոր չէ, այլ՝ իրենց օգտին լինի: Իսկ հայկականը միշտ հետ է ընկնում: Ինչպես տարիներ առաջ՝ 2005-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը, անցկացված միջոցառուման ժամանակ: Մասնակցում էին ԱՄՆ-ի ճանաչված ոչ հրեաներ, որ օգնում են հրեական համայնքներին: Այդ ժամանակ Վաշինգտոնում էր Ղարաբաղի ներկայացուցիչը, որին փորձում էի հրավիրել, բայց պարզվեց, նա այլ կարեւոր հարցեր ուներ: Երբ այստեղ առաջարկում էինք օգնություն, բոլորը շատ կարեւոր հարցեր էին ունենում եւ չէին հանդիպում:

-Դուք ճիշտ նկատեցիք, միշտ հապաղում ենք՝ մեր պատմության մասին ժամանակին հրատարակություններ էլ չենք լույսընծայում: Արցախի, Նախիջեւանի, այսօր Ադրբեջանի սահմաններ համարվող հայկական պատմական տարածքներում դարեր ի վեր իրար հետ ապրող հայերի ու հրեաների մասին կա՞ որեւէ հրատարակություն:

-Չկա: Այսօր չեն արձագանքում Երեւանի տարածքում ապրած հրեական համայնքի մասին տեղեկություններ ստանալու մեր խնդրանքին:

՞ւմ եք դիմել:

-Կառավարությանը կից ազգային փոքրամասնությունների հարցերով պաշտոնյային: Ասաց՝ բարդ է, մեծ ծավալների դրամ է պահանջում: Հասկանո՞ւմ եք, մենք չպիտի շահագրգիռ լինենք պատմությունը զարգացնելու, այլ՝ պետությունը: Այս կենտրոնն էլ կառավարության օգնությամբ չի եղել: Փառք աստծո, եղել է մի հոգի, որ Մոսկվայում լավ հարաբերությոսններ ուներ, գնել ենք որպես հրեական կիրակնօրյա դպրոց, ոչ թե մշտական հրեական կենտրոն:

-Իսրայելում սփյուռքի նախարարությունը գաղտնի շրջաբերական է տարածել, ըստ որի Հայաստանում հրեաների հանդեպ հնարավոր են բռնություններ: Ինչի՞ վրա են հիմնված նման տեղեկությունները, եթե Դուք բողոք չեք ներկայացրել:

-Ես չեմ ընկնում էշերի հետեւից: Ինձ համար կարեւոր է, որ այստեղ եկած հրեաները մտածեն, որ խորթ վայր չեն եկել: Մյուս հարցերն ինձ չեն հետաքրքրում:

-Հայաստանում հրեաներն ապրել են վաղնջական ժամանակներից, հայերը Հին քաղաքում հայտնվել են քրիստոնեության դավանանքն ընդունելուց հետո:

-Ի տարբերություն այդ համայնքի, մենք այստեղ սեփականություն չունենք, չնայած որ ապրել ենք ավելի երկար ժամանակ: Ուզում եմ ասել, որ ըմբռնում եմ Ձեր հաջորդ հարցը, որ կապված է այլ պետության ներքին հարցերին: Կան խնդիրներ, որ կապված չեն տարածքային հարցերի հետ, եղել են մի քանի անշնորհքներ, որ իրենց լկտի ձեւով էին պահել հայ հոգեւորականների հանդեպ: Եղել է իմ պատասխանն այնտեղ, որտեղ պետք է լիներ: Անպայման չէ, որ հիմա այստեղ հրապարակենք:

-Դուք Իսրայելում եք հրապարակել Ձեր վրդովվմունքը: Դրանից հետո փոխվե՞լ է այդ մարդկանց վերաբերմունքը:

-Առաջինը՝ առանց իմ խոսքի, կառավարության համապատասխան մարմինները մարդկանց տույժի ենթարկեցին: Ուլտրաօրթոդոքսների փոքր մարգինալ խմբեր են, որոնք այսօր չեն ճանաչում Իսրայելը՝ որպես պետություն: Ես չպետք է նրանց հետ ճակատ զարկեմ, տարբեր է մեր մոտեցումը, չենք առչնվում այդպիսի խմբակների հետ:

-Չեմ կարծում, թե երբեւէ կվտանգվի Սուրբ հողում հայերի ներկայությունը, իսկ Դուք նման վտանգ զգո՞ւմ եք:

-Ոչ: Իսկ իրենք զգո՞ւմ են:

-Այո:

-Ումի՞ց եք դա լսել:

-Հոգեւորականներից, որոնք ամեն օր նստած եկեղեցապատկան տարածքում պաշտպանում են իրենց ունեցածը:

-Նախ՝ եղել է առուվաճառքի պայմանագիր: Լավն է, վատն է, ազգի դավաճան է, թե ոչ, երկրորդական է: Եթե մի բան գնել եմ, իրավունք ունեմ վերցնելու: Ուրիշ բան, որ երեւի այդպիսի գործարքներում չպիտի լինեն մարդիկ, որոնք այդքան էլ պարկեշտ չեն: Բայց եթե պարկեշտ չէին մինչեւ այդ օրը, եւ դա ձեռնտու էր մնացածներին, ի՞նչ ասեմ: Օրինակ, եթե վաճառեմ այս շենքը, որեւէ մեկը, ասենք Ռիման (նկատի ունի Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Վարժապետյան—Ֆելլերին- Ան. Հ.) ինչ կարող է անել: Մի քիչ անկյունը ծռվում է: Հայելու մեջ աջն ու ձախը փոխվում են տեղերով, այդպես էլ երբեմն կյանքում է լինում: Տեսնելով եղած տեսանյութերը, ինձ չի թվում, թե այնտեղ եղել են ուլտրաօրթոդոքս խմբակների ներկայացուցիչներ, այլ՝ անթրաշ գյադեք, որոնք հնարավոր է Ադրբեջանի ծագմամբ հրեաներ են: Հայկական թաղամասը բուֆեր է: Այսօր կան հրեաներ, որ ասում են՝ պաղեստինցիներին պետք է տալ իրենցը:

-Իսկ Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-Ոչ, դրանք մեր հողերն են, որ պիտի մեզ վերադառնան:

-Դուք ՀՀ քաղաքացի եք: Հայաստանը ռեզիդենտ դեսպան չուներ Իսրայելում, հիմա ունի: Դա ամրապնդո՞ւմ է երկու երկրների բարեկամությունը, ինչպե՞ս:

-Շնորհակալ եմ հարցի համար: Սա Նիկոլ Փաշինյանի ջանքերով է եղել:

Ո՛չ Լեւոն ՏերՊետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի ժամանակ չի եղել: Հիմարություններ են տարածում, որ Սորոսի եւ Փաշինյանի լավ հարաբերություններով են բացատրում: Ասում եք Տեր -Պետրոսյանի կինը հրեա էր, կարող էին այդ ժամանակ հարաբերություններն ակտիվացնել, բայց այդ ժամանակ մեր եւ պետության միջեւ եղել են ամենասառը հարաբերությունները:

-Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը համայնք չէ՞ր գալիս, չի՞ գալիս:

-Ոչ առաջ, ոչ էլ հիմա: Իրեն ընդունել է որպես հայ կին, նույնիսկ հայուհիներից առավել հայուհի: Երբ եկավ Քոչարյանը, ստեղծվեց նախագահին կից ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կառույցը, շարժ սկսվեց: Բայց կարող էր ավելին լինել:

-Բայց 2008 -ին Ազատության հրապարակում կանգնած Տեր -Պետրոսյանի գլխավորած հանրահավաքի ժամանակ Իսրայելի դրոշն էր երեւում:

-Նա շատ «դիշյովի» (էժան) քայլ արեց, որ իբր իսրայելական կողմն իրեն պաշտպանում էր: Նույնիսկ գիտեմ դրոշը որտեղից էր վերցվել: Շատ ծիծաղելի էր նայվում մեր կողմից: Պետք չէ աստծո մասին հիշել այն ժամանակ, երբ դու դժվար կացության մեջ ես կամ փոսում: Լավ օրերին պիտի հիշես: Եւ ոչ միայն տիրոջը, այլ նրանց, որ քեզ ձեռք էին մեկնում: Ես դրականորեն զարմացած եմ, որ Փաշինյանի ժամանակ բացվեց դեսպանություն, երբ Իրանում հայ համայնքը բացասական տրամադրված մեծ հանրահավաք էր անում, այրում Իսրայելի դրոշը: Բայց, կրկնեմ, էշերի արձագանքին չենք հետեւում: Հասկանում եմ իր զգացումները, երբ հետ կանչեց առաջին դեսպանին: Մենք էլ էինք դիմել Նեթանյաուհին՝ երբ պատերազմ է, չի կարելի հարձակողական զինատեսակներ վաճառել, այդ ժամանակ Իսրայելում այդ քաղաքականության դեմ, ի պաշտպանություն Հայաստանի բողոքի բազմաթիվ միտինգներ անցկացվեցին: Իսկ այսօր ուրախ եմ, որ ներկայիս դեսպան Հակոբյանը շատ կիրթ է, Մերձավոր Արեւելքի հարցերում գիտակ, Հայաստանում արեւելագիտականում եբրայերենի բաժնի հիմնադիրն է, եբրայերեն սովորելու երկհատոր ձեռնարկի հեղինակ է, եւ իր առաջին ուսանողներից մեկը եղել է Տեր-Պետրոսյանի ոչ թե որդին, այլ՝ հարսը: Ցավոք սրտի, Իսրայելը դեռ դեսպանություն չի բացում Երեւանում, փորձում ենք աշխատել, թեեւ լուռ ենք, չենք սկսում դրոշներ թափահարել, մինչեւ չենք հասնում որոշակի լուրջ որակի:

-Իսրայելը չի՞ ուզում բացել:

-Մենք աշխարհաքաղաքական շատ բարդ կետում ենք գտնվում: Այսօր Իրանը Հայաստանի հետ բարեկամական հարթակում է, Իրանը այն պետությունն է, որ ֆինանսավորում է ահաբեկչական գործողություններն Իսրայելում, ժողովրդի մասին չեմ ասում, խոսքը կառավարության մասին է, այսօրվա այաթոլա Խոմեյնին այն մարդն է, որ ասում է, թե Իսրայելը չպիտի գոյություն ունենա: Ինչպե՞ս պիտի վերաբերվել այսպիսի հայացք ունեցող պետության ղեկավարներին, որոնք կենտրոնացած են ատոմային ռումբ զարգացնելու վրա: Նույն ձեւով պիտի վերաբերվել այսօր Էրդողանի ասածներին, երբ խոսում է Պաղեստինի մասին:

-Նախորդ դեսպանի՝ Արմեն Սմբատյանի կինն էլ հրեուհի է, համայնք չի՞ գալիս:

-Ոչ եւ չի եկել: Նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի կինն էլ հրեա էր եւ չէր գալիս, շատ էր ուզում լինել Իսրայելի դեսպան, բայց երբ Իսրայելը ձեռք էր մեկնում Հայաստանին, եւ ինքը որպես քաղաքապետ կարող էր գոնե հանդիպել…նախագահը, լավ, չի հանդիպում, շատ խոշոր գործիչ է, եւ իրեն չի համապատասխանում ոչ նախագահների հետ հանդիպումը, բայց քաղաքապետը կարող էր, նա էլ չհանդիպեց:

-Բաքվում կար Իսրայելի դեսպանատունը, իսկ վերջերս Ադրբեջանինը բացվեց Իսրայելում: Ըստ որոշ աղբյուրների, ասում են, Բաքվում Իսրայելի դեսպանը հայ է:

—Հա՞յ: Չգիտեմ: Ազգային պատկանելիությունը այդքան կարեւոր չէ: Արգենտինայում ազգությամբ ոչ հրեան սկսեց դավանել մեր կրոնը, ի՞նչ անենք, ծափ տա՞նք, դա իր անձնական ընտրությունն է: Այսօր աշխարհում կան շատ ադրբեջանցիներ, որ պաշտպանում են հայերին:

-Ճի՞շտ լսեցի՝ ադրբեջանցիներ, որ հայերի՞ են պաշտպանում:

-Այո, եթե հաճախ մտնեք ցանցեր, կտեսնեք: Այսօր քննադատում են Ալիեւի քաղաքականությունը:

-Ասո՞ւմ են, որ Արցախը հայկական է:

-Ինչպե՞ս կասեն, եթե հայն ասում է, որ հայկական չէ:

-Հայը չի ասում, որ հայկական չէ: Պետական պաշտոնյան ձեւակերպում է, որ Ադրբեջանի տարածք է: Իսկ Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-Բոլոր նախագահները՝ թե՛ Տեր -Պետրոսյանը, թե՛ Քոչարյանը, թե՛Սարգսյանը հնչեցրել են, որ դա Ադրբեջանի տարածք է: Քոչարյանն ասել է, որ այս տարածքները կմնան մեր վերահսկողության տակ, մինչեւ ռազմական հակամարտության վերջը, որից հետո դրանք բնականաբար կտրվեն Ադրբեջանին:

-Դա անվտանգության գոտու մասին է: Արցախն ազատագրողներից մեկն ինչպե՞ս նման բան կասեր: Խոսքը 5+2-ի մասին է:

-Դուք չեք ընդունում այն, ինչ հնչել է, ազատ դրված է Youtube-ում:

-Չեմ կարող դա չիմանալ, քանի որ երկար ժամանակ եմ լրագրությամբ զբաղվում:

Դուք ակնարկեցիք ազատագրական պայքարի մասին, ասացիք՝ եթե հողը պատկանում է այդ ժողովրդին, նրան պիտի վերադարձնել, ես դրա կողմնակիցն եմ, ուրեմն մենք համախոհներ ենք:

-Գուցե:

-Ձեր կարծիքով հայ ժողովուրդը կորցրե՞լ է իր հոգեւոր արժեքները, նյո՞ւթն է գերակա: Դրա՞ համար պարտվեցինք:

-Չգիտեմ, բայց երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ կցանկանաք հայ ժողովրդին, միշտ ասում եմ՝ Հայաստանը դառնա այնքան հզոր, որքան Իսրայելն է: Տա աստված ես դա տեսնեմ, իմ հնարավորության չափով նպաստեմ:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031