Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որքան էլ անկման ցուցանիշները բնատնտեսական պայմաններով պայմանավորեն՝ 5 տարի շարունակ չեն կարող վատ կլիմայական պայմաններ լինել. Վարդան Ալեքսանյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 22,2023 10:38

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Անվտանգության խորհրդի նիստ էր գումարել, որի ժամանակ քննարկվել էր նաեւ պարենային անվտանգության հարցը։ «Հրապարակի» տեղեկություններով, Հայաստանում այս տարի 30 տոկոսով կրճատվել է հացահատիկի արտադրությունը, եւ, առհասարակ` կրճատվել են մշակվող ցանքատարածությունները: Հացահատիկի հետ կապված ճգնաժամի մասին զրուցել ենք տնտեսագետ-գյուղատնտես Վարդան Ալեքսանյանի հետ։

Արցախի կորո՞ւստն է ազդել Հայաստանի հացահատիկի պաշարների վրա։ Որքա՞ն էինք ցորեն ներկրում Արցախից։

– Մոտ 100 հազար տոննա հացահատիկ էր Արցախից ներկրվում Հայաստան։ Մեր ցորենի տարեկան սպառումը մոտ 350 հազար է կազմում, կարելի է ասել՝ մեր սպառման 1/3-ն այն լավ տարիներին Արցախից էր ներկրվում։ Արցախի օկուպացիայի հետեւանքով հիմա այդ ներկրումը չկա, եւ դրան էլ եթե գումարվում է վերջին տարիներին հացահատիկի ցանքատարածությունների կրճատումը, բերքատվության կրճատումը, ունենում ենք այսօրվա խայտառակ պատկերը, ըստ որի` տարեկան 100 հազար տոննա հացահատիկ, ավելի ճիշտ՝ ցորեն, հազիվ ունենում ենք։ Հացահատիկի բերքը, որ 4-5 տարի առաջ կազմել է 350 հազար տոննա, վերջին տարիներին 150-200 հազարը չի գերազանցում, այսինքն՝ 2.5 անգամ կրճատվել է։

Գյուղատնտեսության հարցերով զբաղվում են էկոնոմիկայի նախարարության որոշ վարչություններ։ Փաստորեն, աշխատանքը բավարար չէ այս հարցերի լուծման համար։

– Էկոնոմիկայի նախարարությունն է զբաղվում, բայց կարեւորագույն վարչությունները եւ, ընդհանրապես, գյուղատնտեսության ոլորտի կառավարման պետական լիազոր մարմինն այսօր, ըստ էության, փակ է։ Աշխարհում՝ Երկիր մոլորակի վրա միակ պետությունն ենք դարձել, որ գյուղատնտեսության նախարարություն չունի։ Շատ պետություններ գյուղի եւ գյուղատնտեսության նախարարություն են ունենում, մենք եղածն էլ փակեցինք, բերեցինք, մի 4-5 վարչության տեսքով մտցրինք էկոնոմիկայի նախարարություն՝ օպտիմալացման անվան տակ, բայց խորհրդատվական համակարգն ամբողջությամբ ձախողվեց, ջլատեցին: Գիտեք` նախարարը հպարտանում էր, որ մեկ օրում 50-60 խորհրդատու էին կրճատել, եւ դրանից հետո արձանագրվեցին այդ անկման ցուցանիշները։ Այսինքն՝ մի գործոն չէր։ Որքան էլ դա բնատնտեսական պայմաններով պայմանավորեն, մի բան կարող ենք ասել, որ 5 տարի շարունակ չեն կարող վատ կլիմայական պայմաններ լինել։ Հարց է առաջանում․ եթե 10 տարի շարունակ ոլորտն աճում է, դրանից հետո 5 տարի անընդհատ անկում է ապրում, ըստ Ձեզ, կարո՞ղ է այնպես լինել, որ 10 տարի միայն լավ կլիմա լինի, իսկ դրան հաջորդող 5 տարիները` վատ։ Շատ էլեմենտար ձեւով եմ փորձում բացատրել։ Ակնհայտ է, որ քաղաքականության մեջ ինչ-որ բան այն չէ։ Այս տարվանից էլ վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը փակվեց, այսինքն՝ այն գյուղացիական տնտեսությունները, որոնք կարողանում էին գյուղաշխատանքների կազմակերպման հարցերը լուծել, 3 միլիոն, 5 միլիոն վարկ էին վերցնում, պետությունը գտավ, որ պետք չէ, ու այդ ֆերմերները փաստի առաջ կանգնեցին։

Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են, եթե հանկարծ ՌԴն սահմանափակի ցորենի վաճառքը Հայաստանին, ի՞նչ կկատարվի մեզ մոտ։

– Հարցն ավելի շատ քաղաքական դաշտում է, բայց մի բան ակնհայտ է՝ բոլորս էլ հասկանում ենք, որ եթե, Աստված չանի, բանը հասնի դրան, ապա Հայաստանի Հանրապետությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Ես անձամբ փորձում եմ չհավատալ, որ կհասնենք այդ կետին, դա կլինի չափազանց աղետալի մեր երկրի եւ պետականության համար եւ մեր պարենային անվտանգության համար կլինի իրական սպառնալիք։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031