Անցած դարի իննսունականների մի քանի տարին ամեն ինչի պակաս կար: Հիմա դա մոռացվել է, եւ իզուր: Պիտի հիշեցվի, որ ներկա որոշում կայացնողները, որոնցից շատերն իննսունականներից հետո են ծնվել, հասկանան իրենց արածը: Երբ կարդում են սվաղած, իրենց հարմար, իրենց համար գրած պատմություններ, որտեղ ուղիղ կեսը կեղծիք է, դրանցով սնվածների որոշումներն էլ կիսովին աղավաղված եւ կեղծված որոշումներ են լինում, կամա-ակամա:
Ահա ուրեմն՝ Արցախում մի քանի տարի ձգվում էր ինքնապաշտպանությունը, Հայաստանում հաց, այլ մթերքներ դժվար էր գտնել, եղել է ժամանակ, որ ամիսներով փոխադրականները չէին աշխատում կամ շատ վատ էին աշխատում՝ բենզին չլինելու պատճառով: Եղել է, որ ոտքով աշխատանքի ենք գնացել, ոտքով վերադարձել, դա իմ դեպքում ողջ Մյասնիկյան փողոցն էր: Սական այն ժամանակ լրիվ ուրիշ տրամաբանություն էր՝ բենզին գտած ու ինչ-որ գործով մեքենա գործի գցած մեքենատերերը երբեք դատարկ չէին քշում (ի տարբերութուն այժմյան ամբարտավան-ինքնահավան մեքենատերերի), վերջին նստարանին հընթացս մի չորս- հինգ մարդու էին խցկում ճանապարհից, այնպես որ՝ երբեմն բարի վարորդների հույսին էինք մնում բացառապես:
Մի անգամ հեռուստաստուդիայից, որտեղ աշխատում էի, հերթապահ խմբին իջեցրին Աբովյան պուրակի կանգառում, հետո ինքնուրույն պիտի տուն հասնեինք: Աարսափելի մութ գիշեր էր, ոչ մի լապտեր չէր վառվում: Բայց նույնիսկ այդ մթության մեջ վախենալ չկար՝ բոլորը բախտակից էին: Այդ մի երեկոն, կամ կեսգիշերը՝ ոնց ուզում եք այն անվանեք, ընդմիշտ տպվել է ներսումս: Նայեցի- տեսա՝ մարդիկ խմբերով մթության միջով բարձրանում են Ավան եւ Նորքի զանգվածներ (երեւի օրվա հանրահավաքն ուշ էր ավարտվել): Ես էլ միացա մի հիսուն հոգանոց խմբի: Այնպիսի մութ էր, որ միայն շնչառությամբ եւ համաչափ ոտնաձայնից էինք զգում միմյանց ներկայությունը: Երբեմն ինչ-որ մեկի ձեռքին միանում էր լապտերիկը, ու այդ պահին կայծկլտում էին լուռ, առանց խոսակցելու մթության մեջ քայլող մարդկանց աչքերը: Մթության մեջ, լապտերի անսպասելի լույսի մեջ մարդկանց դեմքին կարելի էր գտնել համբերատարություն, հույս, վիճակի ըմբռնում՝ Արցախում ինքնապաշտպանությունն էր կազմակերպվում: Զարմանալի բան՝ մարդկանց մեծ մասը համակերպվում էր դրան, քանի որ գիտակցում էր՝ այլ կերպ չի կարելի, Արցախը պետք է դուրս բերել ստրկությունից, ու հենց Հայաստա՛նը պետք է անկախ երկիր դառնա:
Ինչ ասես տեսել ենք: Մի քանի տարի ջեռուցման մարտկոցները բուտաֆոր էին տներում՝ գազ չկար, հոսանքը օրը երկու-չորս ժամ էին տալիս, ու դրա անունը հովհարային անջատում էր: Ու ոնց որ թարս՝ մի երկու տարի այնպիսի սառնամանիքներ էին, որ բազմահարկ շենքերի խոհանոցներում հայտնվեցին փայտի, նավթի, սալյարկայի վառարաններ, քաղաքակիրթ ապրելու կերպը գրողի ծոցը գնաց, նորոգված բնակարանների պատերը սեւացան մրից, իսկ մթության մեջ, մոմի լույսով նստելը, դաս սովորելը կամ մի գործով զբաղվելը բոլորին արդեն հոգեբանական նոկաուտի էր ենթարկել: Իմ երեխաները խոհանոցում նստում էին վառարանի մոտ, հատակին դրված փոքրիկ աթոռակներին, մեկը դպրոցի դասերն էր սովորում, մեկը ձեռագիր դասախոսությունների վրա էր աչք քոռացնում: Ու սա հաստատապես նրանց հոգիներում խոր նստվածք է թողել, որին անծանոթ են նրանք, որ ավելի ուշ ծնվեցին: Բայց երեխաներս մեկ է՝ հասկանում էին, որ ուրիշ կերպ չի կարելի, որ երկիր կորցնել չի կարելի: Նրանց կյանքն ու երիտասարդ ծնողներիս կյանքը, փաստորեն, հարամ եղան, բայց նաեւ բոլորը գիտեին՝ հանուն ինչի այդպես ապրեցինք: Ու նույնիսկ այդ իրավիճակում տանտիրուհիներով հնար էինք գտնում՝ երեխեքի կյանքը մի քիչ գոնե քաղցրացնելու: Օրինակ՝ սովորեցինք ամենաէժանագին ձեթով հալվա պատրաստել, ձվի փոշուց՝ թխվածք, բոված ալյուրով, ձեթով ու կակաոյով (եթե ու հանկարծ ինչ-որ հրաշքով գտնում էինք կակաոյի փոշի), ինչ-որ զանգված էինք պատրաստում, լցնում կոնֆետի տուփերի մեջ եղած փոքրիկ տարաները, որ պնդանում էր, հանում էինք ու ստանում մեր շոկոլադե խորանարդիկները: Սուրճ եթե գտնվեր էլ՝ եսիմինչ որակի էր, մարդիկ կային՝ հատիկի մի քանի տեսակ էին աղում-սուրճի իմիտացիա էին ստեղծում: Հիմա կպատկերացնե՞ք այդպիսի բան:
Կարդացեք նաև
Այս բոլորը գիտեինք ինչու ենք տանում: Որ Արցախը պետութուն դառնա, Հայաստանը պետություն դառնա, երկիրը երկիր դառնա, մենք էլ անկախ պետության արժանապատիվ քաղաքացիները լինենք: Այն ինչ զգացել եւ ապրել ենք մի քանի տարի՝ բառերով չի նկարագրվում: Չնայած՝ դրանք ստորադաս են եղել այն տառապանքների համեմատ, երբ ազատամարտիկներ էին զոհվում, ընտանիքները զրկվում իրենց տան տղամարդկանցից: Մեր կենցաղային տառապանքները այս վերջինների համեմատ ոչ մի տառապանք էլ չէին նշանակում: Այդ հետո, տարիների ընթացքում հասկացանք, որ շատ ու շատ անարժաններ ուղղակի վատնեցին, փոշիացրին բոլորիս տառապանքներն ու կորսված տարիները, երբ ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում առեւտրի ոգին մի կողմ շպրտեց բոլորիս տառապանքի հանրագումար-հայրենապաշտությունը, երբ իր լավագույն՝ ուսանողական շրջանը մթի ու զրկանքների մեջ անցկացրած որդիս դեռ երկու տարի էլ Արցախում աշխատեց՝ մի ոլորտի օրենսդրությունը Հայաստանի հետ համապատասխանեցնելու սեւ աշխատանքն անելով եւ տեսնելով, թե բոլորիս տառապանքը փողի վերածողները ոնց են իրենցից արտոնյալ ձուլում, քամահրելով մեր զրկանքների ելակետն ու շարժառիթը:
Բայց դա այլ խոսակցության նյութ է, ու այս բոլորը գրեցի՝ ասելու համար, որ իմ ընտանիքի, մյուս ընտանիքների, մի ողջ սերնդի կորսված տարիները չափվում էին Արցախի գոյութամբ, իսկ Արցախը հանձնել թշնամուն, նշանակում է գերեզման դնել բոլորիս կորսված կյանքի այդ ժամանակը, թաղել մի ողջ սերնդի երազանքը:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում