«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ-պրոկտոլոգ Ալեքսանդր Ղուրբանյանը «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում ներկայացնում է պարապրոկտիտի առաջացման պատճառները, հիվանդության ախտանշաններն ու բուժման եղանակները։
Պարապրոկտիտը հետանցքի շրջանի բջջանքի սուր բորբոքում է, որն առաջանում է ուղիղ աղիքի լուսանցքից վարակի տարածման հետևանքով: Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է անսպասելի և զարգանում է 3-5 օրվա ընթացքում: Ուղիղ աղիքի խուղակը գերազանցապես սուր պարապրոկտիտի հետևանք է:
Հիվանդության պատճառները
- Քրոնիկական փորկապություններ, որոնք նպաստում են միկրովնասվածքների առաջացմանը ուղիղաղիքային գեղձերի շրջանում։
- Թութքի առկայություն, շաքարային դիաբետ։
- Քրոնիկական կոլիտների առկայություն, որոնք նպաստում են աղիքային միկրոֆլորայի փոփոխությանը:
- Միանշանակ նաև հետանցքային ճաքի առկայությունը, որի հետևանքով վարակը հեշտությամբ ներթափանցում է պերիանալ շրջանի բջջանք:
Հիվանդության զարգացմանը շատ հաճախ նպաստում է շաքարային դիաբետի առկայությունը:
Կարդացեք նաև
Գանգատներ․ սուր պարապրոկտիտ
- Ընդհանուր թուլություն
- Ցավեր ուղիղ աղիքում, շեքում և կոնքի շրջանում
- Ջերմության տատանում, ինտենսիվ քրտնարտադրություն
- Հետանցքի շրջանի այտուցվածություն
- Կղազատման խանգարում
- Հետանցքի շրջանում անհարմարության զգացողություն, որն ուղեկցվում է ուժեղ ցավով՝ հատկապես հազալու ժամանակ:
- Հետանցքի շրջանի թարախակույտ (շատ նման է «չիբանի»):
Ուղիղ աղիքի խուղակ
- Շարունակական թարախային արտահոսք պերիանալ շրջանում խուղակի անցքից
- Տհաճություն կղազատման ժամանակ
Բուժում
Սուր պարապրոկտիտների բուժումը միայն վիրաբուժական է: Վիրահատությունը պետք է կատարվի ախտորոշումից անմիջապես հետո: Արմատական վիրահատությունն ընդգրկում է թարախակույտի հատումը և դրենավորումը, ախտահարված կատարի և թարախային ուղու բացահատումը դեպի աղիքի լուսանցք: Սուր պարապրոկտիտով հիվանդների մի մասը բժշկի է դիմում թարախակույտի ինքնուրույն բացումից հետո, երբ ձևավորվում է ուղիղ աղիքի խուղակ: Ուղիղ աղիքի ձևավորված խուղակի դեպքում ևս բուժումը միայն վիրահատությունն է, որը կոչվում է խուղակի բացազատում դեպի ուղիղ աղիքի լուսանցք:
Սուր պարապրոկտիտից, ուղիղ աղիքի խուղակից և ընդհանրապես աղիքային հիվանդություններից խուսափելու համար ի՞նչ է խորհուրդ է տրվում
- Օրական խմել 1,5–2 լ հեղուկ:
- Սննդի մեջ նախապատվությունը տալ շիլաներին, թարմ բանջարեղենին ու մրգերին․ լավ է ընտրել հատկապես հարուստ բջջանյութ պարունակող մրգեր ու բանջարեղեն՝ դդում, սմբուկ, դդմիկ, սալոր, սալորաչիր, բանան, ծիրան և այլն։
- Չչարաշահել լուծողականներն ու հոգնան։
- Միջոցներ ձեռնարկել ավելորդ քաշից ազատվելու համար։
- Շատ շարժվել՝ խուսափելով սպորտի ուժային տեսակներից, ծանրություններ բարձրացնելուց։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ