Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը, պոպուլիզմը եւ իդեալիզմը

Դեկտեմբեր 22,2023 10:00

ԱՄՆ Կոլորադո նահանգի Գերագույն դատարանը որոշում է ընդունել, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող այդ նահանգում լինել երկրի նախագահի թեկնածու, քանի որ դա կհակասեր այդ երկրի սահմանադրության 14-րդ փոփոխությանը: Ըստ այդմ, անձը չի կարող պետական պաշտոն զբաղեցնել, եթե մինչ այդ մասնակցել է ապստամբությանը կամ խռովությանը: Այդպիսիք է դատարանը համարել 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունները, երբ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք:

Խոստովանեմ, որ ես Թրամփի երկրպագուն չեմ՝ ցանկացած պոպուլիզմ, որն ուղղված է մարդկանց ստորին բնազդներին, իմ սրտով չէ: Թրամփի «միջուկային ընտրազանգվածը», այսպես կոչված, «ռեդնեք»-երն են («կարմիր պարանոցավորները»), հայկական եզրաբանությամբ՝ «պողոսները», որոնք հրճվում են Թրամփի «դուխով», ժողովրդահաճո ճառերից, որոնք ուղղված են, օրինակ, միգրանտների դեմ: Կամ հավատում են, որ Հիլարի Քլինթոնը պիցայանոցում զբաղվում է երեխաների թրաֆիքինգով:

Չնայած, հանուն ճշմարտության պետք է ասել, որ ինտելեկտուալ շրջանակներում նույնպես կան Թրամփի կողմնակիցներ: Դա էլ տարօրինակ չէ. 20-րդ դարի նշանավոր փիլիսոփա Մարտին Հայդեգերը որոշ ժամանակ հիանում էր Հիտլերով, իսկ հայաստանյան մտավորականների շրջանակներում հանդիպում են Փաշինյանի անկեղծ երկրպագուներ: Մոլորություններն, ինչ խոսք, հատուկ են, հասարակությունների բոլոր շերտերին:

Բայց որքան էլ ինձ Թրամփը դուր չգա, ինձ ավելի քիչ է դուր գալիս դատարանների միջոցով քաղաքական հարցեր լուծելը: Կոլորադոն «դեմոկրատական» նահանգ է, իսկ ահա Նյու-Հեմփշիրի, Մինեսոթայի եւ Միչագանի դատարաններում նույնպիսի որոշումներ անցկացնելու փորձերը տապալվեցին: Ի դեպ, ԱՄՆ Գերագույն դատարանում, որտեղ այդ հարցը նույնպես քննարկվելու է, Թրամփի հակառակորդների շանսերը բարձր չեն. «պրո-հանրապետական» դատավորներն այնտեղ ավելի շատ են: Մի խոսքով, սա իրավական գործընթաց չէ՝ մաքուր քաղաքականություն է:

Իսկ զուտ քաղաքական հարթության մեջ կարելի է, կարծում եմ, ասել, որ եթե ոչ Թրամփի, ապա, ընդհանուր առմամբ, հանրապետական կուսակցության թեկնածուի հեռանկարներն այս պահի դրությամբ ավելի բարձր են թվում: Ոչ միայն հասարակական կարծիքի հարցումները, այլեւ ԱՄՆ-ում ազդեցիկ փորձագիտական շրջանակները վկայում են, որ «ամբողջ աշխարհում ժողովրդավարություն հաստատելու» եւ «ազատ աշխարհի լիդեր լինելու» ԱՄՆ դեմոկրատների իդեալիստական ձգտումները երկրի ներսում մեծ ժողովրդականություն չեն վայելում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ինը մեկ մեկից հետո պարզ դարձավ, որ ոչ մի սուբյեկտ պետություն չկա, նույնիսկ ամենահզորները ինչ որ տրանսնացիոնալ կառույցի օբյեկտներն են, իսկ այդ օբյեկտ պետությունների ղեկավարները տրանսնացիոնալներ են, ովքեր պետությունների ժողովուրդներին հրամցնում են կեղծ օրակարգեր եւ տուժողն ու տառապողը այդ պետությունների ժողովուրդներն են, որոնք հեշտությամբ տրվում են այդ կեղծ օրակարգերին: Առաջին հետեւությունը՝ լավ պետություն ու պետության ղեկավար չկա, դրանք բոլորն էլ տրանսնացիոնալներ են եւ տրանսնացիոնալ համակարգին են ծառայում: Երկրորդը, վատ ժողովուրդներ չկան, բայց ժողովուրդների քաղհասարակությունների մակարդակները տարբեր են եւ ում մակարդակը ցածր է, նրան ներքաշել տրանսնացիոնալների կեղծ օրակարգերի մեջ շատ ավելի հեշտ է, քան զարգացած քաղհասարակությամբ ժողովուրդներին: Հետեւություն, մենք կարող ենք մտնել զարգացած քաղհասարակությամբ ժողովուրդների ակումբ եւ դրանով փրկվել կեղծ օրակարգերի ազգակործան հետեւանքներից, մեր ամենամեծ սպառնալիքը՝ քաղաքականապես անգրագետ քաղաքացին է, որն անգիտակցաբար ծառայում է տրանսնացիոնալներին՝ վնասելով ինքն իրեն եւ իր մոտիկներին եւ իր ժողովրդին: Երրորդը, տրանսնացիոնալների կեղծ օրակարգերին կարելի է հավասարակշռել եւ այնուհետեւ հաղթել, դրա համար սամոսուդ ինքնադատաստանի փոխարեն արարում ենք վերպետական կառույց, որը մեզ համար գրում է օրենք, դատում այդ օրենքի համաձայն եւ իրագործում այդ օրենքը: Միայն անմակարդակներն ու տրանսնացիոնալներն են պատերազմներ հրահրում, գնում կապիտուլյացիայի եւ ինքնադատաստանի: Ցանկացած ժողովուրդ, եթե քաղաքական սուբյեկտ լինի, կգերադասի օրենքով լուծել միջազգային խնդիրները, այլ ոչ թե պատերազմի միջոցով, բայց քանի որ շատ ժողովուրդներ քաղաքականապես անգրագետ են, նրանց էլ ներքաշում են պատերազմի մեջ: Հետեւություն, հույս դնել ինչ որ հզոր պետության ինչ որ հզոր ղեկավարի վրա, դա հենց այն քաղաքական անգրագիտությունն է, որով շատերս տառապում ենք, դրանով ժամանակ ու շանս ենք բաց թողնում: Օր առաջ հզորացնում ենք մեր քաղաքական բանակը, միավորվում այլ ժողովուրդների քաղաքական բանակների հետ եւ միասնական ճակատով ջախջախում տրանսնացիոնալների քաղաքական բանակը՝ նրանց պարտադրելով մեր արդար օրակարգը: Կեղծ օրակարգերի պայմաններում ընտանիքներում պատերազմներ են գնում ու քայքայվում, համայնքներ ու պետություններ ու կայսրություններ են փլուզվում, իսկ արդար օրակարգերի պայմաններում ընտանիքները բազմազավակ են դառնում, համայնքները բազմաընտանիք են դառնում, պետությունները բազմահամայնք են դառնում, կայսրությունները բազմապետություններ են դառնում, մարդկությունը արդար օրենքներով է ապրում: Թող այս օրը դառնա արդար օրակարգի ծնունդը եւ շնորհավոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր: 🙂

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031