Նորվեգիայի սոցիալական ապահովության պատմությունը սկիզբ է առնում դեռեւս 19-րդ դարի վերջերից, երբ երկիրը սկսեց բարեփոխումներ իրականացնել սոցիալական պաշտպանության եւ բարեկեցության ոլորտում, եւ ստեղծվեց ոլորտը համակարգող նախարարությունը:
Առաջին կարեւոր բարեփոխումներից մեկը աշխատողների հիվանդության նպաստի համակարգի ներդրումն էր 1909 թ., որն առաջին քայլն էր երկրում սոցիալական պաշտպանության համակարգի ստեղծման ուղղությամբ։
Արդեն 1936-ին ստեղծվեց պետական կենսաթոշակային համակարգը, ինչը հնարավորություն տվեց երաշխավորել աշխատողների կենսաթոշակները ծերության շրջանում:
1930-ականներին, Մեծ դեպրեսիայի ժամանակ, Նորվեգիան բախվեց տնտեսական եւ սոցիալական լուրջ խնդիրների, որին ի պատասխան կառավարությունը ձեռնարկեց մի շարք միջոցառումներ՝ ուղղված գործազրկության եւ աղքատության դեմ պայքարին, եւ որի արդյունքում կյանքի կոչվեցին տարբեր ծրագրեր` անապահով ընտանիքներին տարաբնույթ, այդ թվում` գործազրկության նպաստ եւ այլ աջակցություն տրամադրելու համար։
Կարդացեք նաև
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նորվեգիան շարունակեց զարգացնել իր սոցիալական քաղաքականությունը, ինչի արդյունքում 1960-ականներին ներդրվեցին պարտադիր բժշկական ապահովագրության եւ երեխաների խնամքի նպաստների համակարգերը, իսկ արդեն 1970-ականներին գործարկվեց սոցիալական ապահովության ունիվերսալ համակարգը, որը ներառում էր բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները, այդ թվում` գործազրկության եւ հաշմանդամության:
Նորվեգիայում սոցիալական ոլորտի քաղաքականություն մշակող լիազոր մարմինը երկրի աշխատանքի եւ սոցիալական գործերի նախարարությունն է, որի պատմությունը սկիզբ է առնում դեռեւս 1885 թվականից: Նախարարության կազմում գործում է Նորվեգիայի աշխատանքի եւ սոցիալական ապահովության վարչություն գործակալությունը` հանրահայտ NAV-ը /Norwegian Labour and Welfare Administration/, որը հանդիսանում է նախարարության մշակած քաղաքականության իրականացնող մարմինը եւ տնօրինում է երկրի բյուջեի շուրջ մեկ երրորդը` տրամադրելով գործազրկության, հիվանդության, երեխայի, հաշմանդամության, սոցիալական նպաստները, իրականացնում է որակավորման ծրագրեր գործազուրկների համար, տրամադրում ժամանակավոր կացարաններ եւ առողջապահական ծառայություններ անապահովներին:
Նորվեգիայի սոցիալական քաղաքականությունը հիմնված է մի քանի հիմնական սկզբունքների վրա, որոնք ուղղված են բոլոր քաղաքացիների հավասարության, արդարության եւ բարեկեցության խթանմանը.
1.Բազմակողմանիություն, ինչը նշանակում է, որ Նորվեգիայի բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն օգտվելու սոցիալական ծառայություններից եւ ծրագրերից՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, եկամուտից եւ այլ գործոններից,
2.Համերաշխություն, ինչը ենթադրում է, որ ավելի հարուստ քաղաքացիները պետք է նպաստեն հանրային բարեկեցությանը` հարկային համակարգի եւ սոցիալական հիմնադրամներին պարտադիր վճարումների միջոցով,
3.Մարդու իրավունքների սկզբունք, ինչը նշանակում է, որ բոլոր քաղաքացիներն ունեն արժանապատիվ կյանքի, աղքատությունից ազատվելու եւ հիմնական սոցիալական ծառայություններից, ինչպիսիք են` առողջապահությունը, կրթությունը եւ կացարանը, օգտվելու իրավունք,
4.Գործընկերության սկզբունքը ենթադրում է պետության, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների համագործակցությունը սոցիալական քաղաքականության մշակման եւ իրականացման գործում:
Կենսաթոշակային համակարգ: Նորվեգիան ունի զարգացած կենսաթոշակային համակարգ, որը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ պետական կենսաթոշակ եւ լրացուցիչ կենսաթոշակ։ Պետական կենսաթոշակը հիմնական կենսաթոշակ է, որը երաշխավորվում է բոլոր քաղաքացիների համար եւ հաշվարկվում է աշխատած տարիների քանակով։
Լրացուցիչ կենսաթոշակ տրամադրվում է խնայողական կենսաթոշակային ֆոնդերի միջոցով, որտեղ քաղաքացիները կատարում են իրենց կենսաթոշակային վճարումները:
Կենսաթոշակային տարիքը բոլորի համար սահմանված է 67 տարին, սակայն առանձին դեպքերում գործատուի հետ պայմանավորվելով, կարող են անցնել թոշակի 62 տարեկանում, կամ աշխատել մինչեւ 70 տարեկանը եւ ստանալ ավելի բարձր կենսաթոշակ:
Միջին կենսաթոշակի չափը ներկայումս այստեղ կազմում է մոտ 1800 եվրո ամսական:
Նորվեգիայում կա կենսաթոշակի երեք տեսակ` պետական, անհատական, մասնագիտական:
Պետական կենսաթոշակ ստանում են այն քաղաքացիները, ովքեր աշխատել են երկրում 16-ից մինչեւ 67 տարեկանը եւ մշտապես բնակվել են Նորվեգիայում 40 տարի:
Մասնագիտական կենսաթոշակը ձեւավորվում է գործատուի նախաձեռնությամբ ամսական վճարումների միջոցով: Այն հնարավորություն է տալիս որոշակի գումար կուտակել՝ դրանով իսկ մեծացնելով սոցիալական նպաստների միջին չափը ծերության շրջանում։ Դա անելու համար քաղաքացին պետք է լինի կենսաթոշակային ծրագրի մասնակից, որն ընտրում է գործատուն եւ պահումներ անում աշխատավարձից: Պահումները կուտակվում եւ վճարվում են 67 տարեկան դառնալուց հետո:
Անհատական կենսաթոշակի դեպքում քաղաքացին ինքնուրույն որոշում է լրացուցիչ խնայողություններ անել։ Դրա համար նա պայմանագիր է կնքում ապահովագրական ընկերության հետ եւ կատարում պայմանագրով սահմանված պահումները:
Զբաղվածություն: Նորվեգիայում պետությունը աշխատանք կորցրած անձանց որպես առաջին աջակցություն տրամադրում է գործազրկության նպաստ, որը կարող են ստանալ գործազուրկ եւ NAV-ում հաշվառված անձինք` իրենց վերջին աշխատավարձի 60-80%-ի չափով, եւ որը միջինում կազմում է ամսական մոտ 1500 եվրո: Այս նպաստը վճարվում է մինչեւ 104 շաբաթ:
Սակայն այստեղ չեն սահմանափակվում գործազուրկ անձանց միայն նպաստ վճարելով, եւ ունեն բավականին հարուստ գործիքակազմ` գործազուրկ անձանց վերստին զբաղված դարձնելու համար, եւ որը ներառում է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են օրինակ՝ աշկերտությունը, վերապատրաստման ֆինանսավորումը, մենթորությունը, աշխատանքային հարաբերությունների հետ կապված ծախսերի փոխհատուցումը, աշխատավայրի սարքավորումների ծախսերի փոխհատուցումը կամ մասնագիտական վերապատրաստման դասընթացների ուղղորդումը:
Իհարկե, վերոհիշյալ աջակցություններից օգտվելու համար անհրաժեշտ է, որ շահառուն բավարարի գործող օրենսդրության համապատասխան պահանջներին, օրինակ` լինի քաղաքացի կամ ունենա օրինական կացության թույլտվություն, ինչպես նաեւ` վերջին օրացուցային տարում ունեցած լինի աշխատանք:
Սոցիալական աջակցություն եւ նպաստներ: Երկրում գոյություն ունեցող հիմնական նպաստներն են.
Հիվանդության նպաստ, որի դեպքում շահառուին վճարվում է իր աշխատավարձի 100%-ի չափով` մինչեւ 52 շաբաթ տեւողությամբ:
Ընտանեկան նպաստ, որը տրվում է Նորվեգիայում մշտական բնակության իրավունք եւ երեխաներ ունեցող ընտանիքների` յուրաքանչյուր երեխայի համար, մինչեւ երեխայի 18 տարին լրանալը:
Երեխայի խնամքի նպաստ, որը տրվում է այն անձանց, ովքեր խնամում են հիվանդ կամ հաշմանդամ երեխային: Նպաստի չափը կազմում է աշխատավարձի 100%-ը, եւ վճարվում է մինչեւ 312 շաբաթ:
Սոցիալական նպաստ, որը ստանում են այն շահառուները, ովքեր չունեն բավարար միջոցներ կյանքի հիմնական կարիքները հոգալու համար, ինչպիսիք են բնակարանը, սնունդը եւ հաշիվները:
Ծնողական նպաստ, որը տրվում է նորածին երեխային խնամող ծնողին` իր աշխատավարձի մինչեւ 100%-ի չափով, որը վճարվում է մինչեւ 59 շաբաթ տեւողությամբ:
Հաշմանդամության նպաստ, որը տրվում է 18-67 տարեկան անձանց, որոնց դեպքում հիվանդության կամ վնասվածքի պատճառով աշխատունակությունը իջել է 50 տոկոսից: Հաշմանդամները ստանում են նաեւ վերականգնողական բուժում, օգտվում տարբեր ծրագրերից:
Բացի վերոնշյալը, գոյություն ունեն նաեւ նպաստներ, որոնք տրամադրվում են այրիներին, ծնողազուրկներին, ընտանիքի հիվանդ անդամին խնամողներին եւ այլն:
Հարկ է ընդգծել, որ Նորվեգիայում սոցիալական նպաստների համար դիմելու գործընթացը բարդ է: Պահանջները կարող են տարբեր լինել՝ կախված յուրաքանչյուր անձի անհատական հանգամանքներից: NAV-ը հաշվի է առնում բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են ընտանիքի անդամների թիվը եւ կյանքի արժեքը, ներառյալ բնակության վարձավճարը, կոմունալ ծառայությունների, հագուստի, մթերային ապրանքների եւ դեղերի գները: Նախքան սոցիալական օգնություն տրամադրելը NAV-ը նաեւ գնահատում է, թե արդյոք կան սոցիալական աջակցության այլ տարբերակներ, որոնք կարող են օգնել դիմողին: NAV-ը կարող է նաեւ պահանջել հայտատուից կանխիկացնել իր ակտիվները, բնակարանը փոխարինել ավելի համեստ բնակարանով կամ կատարել այլ փոփոխություններ, որոնք կնվազեցնեն կյանքի ծախսերը ճգնաժամի ժամանակ: Ըստ էության, NAV-ը անում է հնարավորը, որպեսզի տրամադրվող աջակցությունը լինի առավելագույն հասցեական:
Այսպիսով, սոցիալական աջակցություն ստանալու հնարավորությունը կախված է դիմողի անհատական հանգամանքներից եւ կարիքներից, ինչպես նաեւ սոցիալական աջակցության այլ ձեւերի առկայությունից:
Նվազագույն պահանջները ինքնաբերաբար չեն երաշխավորում սոցիալական աջակցության ստացումը, եւ NAV-ը աջակցության այս ձեւը դիտարկում է որպես վերջին միջոց:
Նորվեգիայի սոցիալական ապահովության համակարգում կարեւոր դերակատարություն է վերապահված սոցիալական աշխատողի ինստիտուտին, որն ունի հետեւյալ հիմնական սկզբունքները.
- 1.Անհատական մոտեցում /Individual approach/. սոցիալական աշխատողները ձգտում են հասկանալ եւ բավարարել յուրաքանչյուր շահառուի անհատական կարիքներն ու նպատակները եւ որոնց հիման վրա կազմում են անհատական աջակցության ծրագիր,
- 2.Հաղորդակցություն /communication/ եւ համագործակցություն /cooperation/. սոցիալական աշխատողները ոչ միայն ակտիվորեն շփվում են հաճախորդների, այլեւ այլ մասնագետների եւ կազմակերպությունների հետ՝ ապահովելու համապարփակ աջակցություն եւ ծառայությունների մատուցում,
- 3.Կանխարգելում /prevention/ եւ վաղ միջամտություն /early intervention/. Նորվեգիայի սոցիալական աշխատողները շեշտը դնում են սոցիալական խնդիրների կանխարգելման եւ վաղ միջամտության վրա՝ կանխելու դրանց վատթարացումը եւ առավելագույն արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար:
Սարգիս ՀԱԿՈԲՅԱՆ
Միասնական սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային կենտրոնի տնօրեն,
ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական
«Առավոտ» օրաթերթ
21.12.2023