Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Աղեկյան․ «ՔՊ-ն «Ասեք-անեք»-ը դարձրել է «Կասենք-կանեք»

Դեկտեմբեր 21,2023 23:43

«Ոչ թալանին» բողոքի ակցիայի Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը իրազեկման քայլերթի ընթացքում Aravot.am-ին ասաց․ «Մենք արդեն երրորդ օրը ամենօրյա ռեժիմով Երեւան քաղաքի բնակիչներին շատ հստակ ներկայացնում ենք, թե քաղաքապետարանում իշխանությունը կոնկրետ ինչ թանկացումների «ամանորյա նվեր» է պատրաստվում մատուցել ինչպես կենտրոնի, այնպես էլ վարչական մյուս շրջանների բնակիչներին։

Մասնավորապես, եթե Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոմեքենան մինչեւ մեկ ժամ կայանելու համար քաղաքացին վճարում է 200 դրամ,  նախագծով նախատեսվում է վճարել 300 դրամ։ Նույն ավտոկայանատեղիում ժամը 24։00-ից մինչեւ 09։00-ն կայանելու համար ներկայիս 500-ի փոխարեն  նախատեսված է վճարել 2500 դրամ, 30-օրյա ժամանակահատվածում 08։000-ից մինչեւ 20։00-ն կայանելու համար 15000 դրամի փոխարեն պետք է վճարել 20000 դրամ»,- ասաց Սոնա Աղեկյանը եւ նշեց, որ այլ ավտոկայանատեղիներում ու բոլոր գլխավոր փողոցներում  եւ հատուկ տարածքներում եւս, այդ թվում նաեւ Կենտրոն վարչական շրջանից դուրս, մեքենայի կամ կցորդը կայանման վարձավճարը սկսած կրկնակիից մի քանի անգամ բարձրանալու է։

Ավագանու ընդդիմադիր անդամը նաեւ տեղեկացրեց, որ թանկացումներ սպասվում են գիշերային առևտրի կենտրոններում, որտեղ որպես կանոն իրենց քնից ու հանգստանալուց զրկելով աշխատում են մարդիկ, որպեսզի մի կերպ կարողանան իրենց ընտանիքի հոգսերը հոգալ։ «Բայց հետաքրքիր է, որ դառը քրտինքով աշխատող երեւանցու համար սպասվում են ահռելի թանկացումներ, բայց, ցավալիորեն գների բարձրացումները խաղատներին, շահումով  խաղերով զբաղվողներին նման վտանգ չի սպառնում։

Մենք ոչ թե ասում ենք կազինոների ու դրանց նման բաներով զբաղվողների համար էլ բարձրացրեք կամ տուգանքներն ավելացրեք, այլ հարցնում ենք, թե ինչու են տարբերակված թանկացումներ անում։ Այսինքն, եթե թանկացումներ լինեն, օրենքը պետք է հավասար տարածվի բոլորի վրա, առավել եւս, որ կազինոները եւ վճարովի խաղերով զբաղվողները գերշահույթներ են ստանում։ Մենք ուզում ենք, որ երեւանցիները լավ հիշեն ու չմոռանան քարոզարշավի ընթացքում Տիգրան Ավինյանի եւ նրա կուսակցության կարգախոսը․«Ասեք-կանենք»։ Ու ինչ եղավ նրա՝ քաղաքապետ դառնալուց հետո։ Կարգախոսը 180 աստիճան փոխվեց ու դարձավ «Կասենք ու դուք կանեք», ինչպես նրանց պարագայում լինում է միշտ»․-ասաց տիկին Աղեկյանը։

Նա նաեւ հենց երեւանցիների համար ասաց, որ թանկացումները ոչ միայն խիստ անհարմարություններ  են ստեղծելու կենտրոնի բնակիչների համար, որոնց բակերում մեքենաների մեծ կուտակումներ են առաջանալու, այլեւ  խնդիրներ են ստեղծելու մյուս վարչական շրջանների բնակիչների համար։ «Մշակութային օջախները՝ թանգարանները, կինոթատրոնները, , թատրոնները, ցուցասրահերը, համերգասրահները, զբոսայգիները, սրճարանները հիմնականում գտնվում են մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում։ Հիմա պատկերացրեք, մյուս վարչական շրջանների բնակիչները եթե ցանկանան իրենց փոքրիկին բերել, ասենք, տիկնիկային թատրոն, մանկական զբոսայգի, ընտանիքով ցանկանան ժամանակ անցկացնել որեւէ սրճարանում, գնալ համերգասրահ, մեքենան կայանելու համար որքա՞ն լրացուցիչ գումար  պետք է ծախսեն։ Պարզ է չէ՞, ոչ ոչ բոլորը իրենց նման շռայլություններ  կարող են թույլ տալ։ Հետեւաբար,, կզրկվեն այդ ամենից»,-զգուշացրեց Սոնա Աղեկյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031