Այսօր Հայաստանի Մուայ-թահի ֆեդերացիայի ներկայացուցիչները դիմել էին մեզ՝ դժգոհելով, որ ԿԳՄՍ նախարարությունը չի կատարում իր խոստումը, հրաժարվում է ֆինանսավորել ֆեդերացիան, ինչպես նաեւ չի վճարում միջազգային մրցաշարերում հաջողություն արձանագրած մարզիկներին ու նրանց մարզիչներին, ինչը խոստացել էր։
Aravot.am-ը տարվա 10 լավագույն մարզիկներ մրցույթի քվեարկության ժամանակ հանդիպեց փոխնախարար Կարեն Գիլոյանին եւ խնդրեց պարզաբանել իրավիճակը։
«Նախ, այսպիսի բաները խոստանալով չի լինում։ Այսպիսի բաները լինում են կանոնակարգով եւ օրենքով։ Մուայ-թայի ֆեդերացիան, մասնավորապես, քիկ բոքսինգի եւ սամբոյի ֆեդերացիաների հետ միասին դարձավ օլիմպիական ընտանիքի անդամ մարզաձեւ։ Եվ նրանք ասում էին, որ իրենց մարզաձեւը 2028 թվականին արդեն պետք է դառնա օլիմպիական մարզաձեւ։ Մենք 2 մլն․դրամ նախնական նվազագույն ֆինանսավորմամբ մուայ-թայը եւ քիկ բոքսինգը ընդունեցինք ֆինանսավորվող ֆեդերացիաների ցանկ։ Սամբոն արդեն ընդգրկված էր։
Բայց հետագայում ստացվեց այնպես, որ մուայ-թայի ֆեդերացիայի նախագահը այլ դաշտում բավականին ծանր խնդիրներ ունեցավ օրենքի հետ։ Հիմա չեմ ուզում մասնավորեցնել, մանրամասնել, բայց եթե չեմ սխալվում քրեական գործը հիմա էլ կարճված չէ եւ նա գրավով է ազատության մեջ։ Իսկ օրենքն ասում է՝ խնդիրներ ունեցող ՀԿ ղեկավարի հետ պետությունը ֆինանսական գործարքներ պիտի չանի։ Եվ մենք գրությամբ ֆեդերացիայի նախագահին ասացինք․ժողով արեք, դրեք լիազորությունները այլ անձի վրա, որովհետեւ դուք եք ֆեդերացիայի ղեկավարը, դուք եք ֆեդերացիայի ֆինանսական պատասխանատուն։ Եվ այդ նոր անձը թող գա, պայմանագրերը կնքի, ֆինանսավորումը ստանա եւ բոլոր ֆեդերացիաների պես մեզ հետ համագործակցի: Պատասխանը եղավ․ «գտնում եմ ոչ նպատակահարմար։ Շնորհակալ եմ, գումարը ինձ պետք չի»։ Եվ դադարեցրեց մեզ հետ շփումը։ Հետո տարեվերջին նորից սկսեց գրել, թե մեր գումարը չեք տվել։ Բացատրեցինք, որ օրենքով չենք տվել, օրենքն էլ բացատրեցինք, հոդվածներն էլ նշեցինք։
Կարդացեք նաև
Մի խոսքով, ամբողջը օրենքի շրջանակում է, որեւէ անօրինական բան չկա։ Մենք այլ ֆեդերացիաների հետ էլ ենք նման իրավիճակ ունեցել եւ նույն կերպ ենք վարվել։ Այնպես որ անձնավորված որեւէ վերաբերմունքի մասին բառ անգամ չի կարող լինել։ Թող օրենքի հետ իրենց խնդիրները կարգավորեն, հետո գան ու մեզ հետ աշխատեն»,-պատասխանեց Կարեն Գիլոյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ