Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամները շարունակում են մայրաքաղաքի փողոցներում «Ոչ թալանին» խորագրի ներքո բողոքի եւ իրազեկման ակցիաները։
Նրանք արդեն մի քանի օր իրենց համաքաղաքացիներին իրազեկում են, որ Երեւանի ավագանու իշխող խմբակցությունը դեկտեմբերի 26-ին կայանալիք ավագանու նիստում պատրաստվում է ընդունել 2024 թվականի հունվարի 1-ից տեղական տուրքերը եւ վճարները աննախադեպ թանկացնելու որոշում, որով անհամեմատ բարդանալու է երեւանցիների առանց այդ էլ դժվար կյանքը, ավելանալու են առօրյա հոգսերը։
Ակցիայի կազմակերպիչները մայրաքաղաքի բնակիչներին առավել մանրամասն տեղեկացնում են, թե ինչպիսի մեծ թանկացումներ են սպասվում 2024 թվականի հունվարի 1-ից սպասարկման տարբեր ոլորտներում մատուցվող, նույնիսկ չմատուցվող ծառայությունների դիմաց եւ հիշեցնում համապետական եւ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ նրա արբանյակ կուսակցությունների տված խոստումները, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, տրվում էին միայն ու միայն իշխանության գալու համար։
Ըստ «Մայր Հայաստան» դաշինքի, դա թույլ չտալու միակ եւ ամենագործուն միջոցը ավագանու նիստը բոյկոտելն է, քվորում չապահովելը։ Եվ այդ նպատակով կոչ են անում ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցություններին միանալ իրենց նախաձեռնությանը, չներկայանալ նիստին։
Կարդացեք նաև
«Մայր Հայաստան» դաշինքը նաեւ երեւանցիներին է հորդորում դեկտեմբերի 26-ի առավոտյան գալ քաղաքապետարանի մոտ եւ միասնաբար ստիպել մայրաքաղաքի իշխանությանը հրաժարվել այդ գաղափարից։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ