Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսները հիմա երազում են, որ հայերից ոմանք վերադառնան Արցախ ու իրենք արդարացնեն խաղաղապահների ներկայությունը»․ քաղաքագետ

Դեկտեմբեր 21,2023 20:20

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մնում են Արցախում և խաղաղության միակ երաշխավորն են, քաղաքագետ Գագիկ Համբարյանը համարում է աբսուրդ։

Aravot.am-հետ զրույցում մեկնաբանելով այս խոսքերը՝ Գագիկ Համբարյանն ասաց․ «Որոշ ժամանակ առաջ նույնաբովանդակ հայտարարությամբ նաև հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Սա անտրամաբանական մեկնաբանություն է, բոլորի համար էլ պարզ է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջից ի վեր, ինչ ընդամենը 3 օրվա ընթացքում 100 հազարից ավելի հայ դարձան գաղթական, իսկ մինչ այդ էլ 20-25 հազար հայ էին գաղթել Արցախից բլոկադայի ժամանակաշրջանում, ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում և նրանց խաղաղապահ կոչելն անհասկանալի է։ Խաղաղապահ կարող է լինել մի տարածաշրջանում կամ մի վայրում, որտեղ կա խնդիր երկու կամ ավել էթնոսների միջև, ու այդ զինվորական ստորաբաժանումները խաղաղություն են ապահովում։

Հիմա թե ռուս խաղաղապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջից ինչով են զբաղված Արցախում, ենթադրաբար պաշտոնական Մոսկվան միայն գիտի։ Իրենք այնտեղ ամեն ինչ կարող են լինել՝ բացի խաղաղապահից։

Խաղաղապահի բարձր պատիվը ռուս խաղաղապահներն ուղղակի գետնով տվեցին և պոստ ֆակտում Արցախի հայաթափությունից հետո սկսեցին ամեն ինչ բարդել Նիկոլ Փաշինյանի վրա՝ մեղադրելով նրան, որ դեռ 2022 թվականի գարնանը նա Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Շատ լավ, եթե Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, և ռուս խաղաղապահները, ինչպես գյումրեցիներն են ասում՝ մեխի արժեք չունեին այդտեղ, ինչո՞վ էին այդ պահը զբաղված։

Ինչո՞ւ ենք մենք Արցախի հայաթափումից հետո նոր միայն ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունով իմանում, որ իրենց խաղաղապահներն այնտեղ զրո կարգավիճակ ունեն։

Ընդհանուր առմամբ, Արևմուտքը և Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ ձևով են փչացնում Ռուսաստանին և, իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին և այն, ինչ տեղի է ունենում Արցախում հիմա, ուղղակիորեն պատմության մեջ չգրված և չտեսնված մի երևույթ է, երբ որ ասենք իրեն խաղաղապահ համարող պետությունը պահպանում է իր զինված ստորաբաժանումները մի տարածքում, որտեղ գրեթե բնակչություն չկա։

Եվ եթե ռուսները համարում են, որ այնտեղ մնացած 5-10 կամ լավագույն դեպքում 15 հայի համար իրենք 2500 հոգանոց ստորաբաժանում են պահում և կոչում են այդ ստորաբաժանումները խաղաղապահներ, իրենց խնդիրն է»։

Քաղաքագետը նշում է, թե խաղաղապահները հայերի բռնագաղթի ժամանակ իրենք իրենց անվտանգությունը չկարողացան ապահովել, ուր մնաց հայերի ու հիշեցնում է վեց ռուս բարձրաստիճան խաղաղապահների գնդակահարումը ադրբեջանցիների կողմից, որը, սակայն, ՌԴ-ն փորձում է կոծկել՝ նշելով, թե զոհվել են։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիներն ուղղակիորեն գնդակահարել էին վեց ռուս խաղաղապահի, այդ թվում նաև խաղաղապահ ստորաբաժանման ղեկավարի տեղակալին։ Գնդակահարվածներից 5-ը բարձր կոչում ունեցող զինվորականներ էին, իսկ մեկը եղել է նրանց վարորդը։

Ռուս խաղաղապահները նախ փորձեցին դա կոծկել և միայն հայկական կողմի բարձրաձայնումներից հետո ընդունեցին, որ նման դեպք է տեղի ունեցել։ Ի դեպ, դիտավորյալ նաև կեղծում էին ժամանակահատվածը, թե երբ էին կոնկրետ ադրբեջանցիները գնդակահարել ռուս խաղաղապահներին։

Սա մեկ, երկրորդը՝ մեկ ներողությամբ ամեն ինչ ջրվեց, գնաց, և սա այն դեպքում, երբ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը չներեց վրացիներին Հարավային Օսյայում տեղակայված ռուս խաղաղապահների ստորաբաժանումը գնդակոծելու և մեկ շարքային զինվորականի մահվան պատճառով։ Դա վերածեցին մեծ պատերազմի և ծնկի բերեցին վրացիներին։
Մեր պարագայում խաղաղապահները՝ ՌԴ-ի գլխավորությամբ, փորձեցին կոծկել սպանությունները, ռուս խաղաղապահներն ուղղակիորեն գնդակահարվել են ադրբեջանցի զինվորականների կողմից։

Վերջերս, եթե հիշում եք, ռուսները Իվանյանում հուշակոթող էին բացել և այդ հուշակոթողի վրա առանց ամոթի գրել են, որ այդ վեց ռուս խաղաղապահները զոհվել են։ Այսինքն՝ կրկին պրոադրբեջանական զառանցանքներ են լսվում պաշտոնական Մոսկվայից, որ այդ խաղաղապահները ոչ թե սպանվել են ադրբեջանցիների կողմից, այլ զոհվել են։

Իսկ Հայաստանում շատ շատերը գիտեն՝ ինչի համար են նրանք սպանվել, արցախցիներն ավելի լավ գիտեն, նրանք բավական մանրամասն պատմում են, թե ինչ հանգամանքներում են ռուս խաղաղապահները գնդակահարվել ադրբեջանցիների կողմից, բայց ռուսները շարունակում են կոծկել։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մնալ-չմնալուն, ըստ մանդատի՝ իրենք ունեն իրավունք այնտեղ մնալու մինչև 2025 թվականի նոյեմբերի 9-ը, բայց էլի եմ կրկնում՝ նրանց մնալու իմաստը մինչև հիմա անհասկանալի է այն պարագայում, երբ Ռուսաստանն այնքան թույլ է, ի վիճակի չէր ապահովել արցախահայության անվտանգությունը։ Հիմա ենթադրաբար երազում է, որ ինչ-որ քանակությամբ հայեր կվերադառնան այնտեղ, և ինքը կփորձի բացատրել իր այսպես կոչված խաղաղապահների ներկայությունն այնտեղ՝ այդ հայերին պաշտպանելով։

Բայց նույն Ռուսաստանը շատ սխալ է պատկերացնում Արցախում տեղի ունեցող գործողությունները, որովհետև Արցախի հայաթափումը տեղի է ունեցել պաշտոնական Երևանի և Բաքվի անմիջական ակտիվ մասնակցությամբ և համաձայնությամբ, և Նիկոլ Փաշինյանը, ում 2018 թվականին համապատասխան ուժերը իշխանության բերեցին, կատարում է իր պարտականությունը։

Իսկ իր պարտականությունը որևէ ձևաչափով Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության հետ կապված չէ, իրեն իշխանության բերածներն ավելի գլոբալ խնդիր են լուծում՝ չկա արցախյան հարց, չկա Ռուսաստանի ներկայություն Հայաստանում։

Եվ եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի կապիտուլյացիոն ակտով Ռուսաստանին հաջողվեց խաղաղապահներ մտցնելով՝ կանխել այդ գործընթացը, իսկ Մոսկվայում լավ գիտեին, որ 44 օրյա պատերազմն անմիջականորեն կապ ունի իր և իր շահերի հետ Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում, ապա 3 տարի անց Արևմուտքը, Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հմտորեն Ռուսաստանին թողեցին խայտառակ վիճակում։

Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը ճանաչած լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որքան էլ պրոթուրքական թեզերով առաջնորդվի, ռուս խաղաղապահներն Արցախում ունեին բավական լայն լիազորություններ, բայց իրենք չկատարեցին, չցանկացան դրանք օգտագործել և վերջնարդյունքը եղավ այն, ինչ մենք հիմա ունենք։

Ուղղակի ծիծաղելի է, որ պաշտոնական Մոսկվան այդպիսի բարձր մակարդակով, ինչպիսիք են արտգործնախարար Լավրովը կամ պաշտպանության նախարար Շոյգուն, հայտարարություններ է անում ռուս խաղաղապահների գործունեության մասին Արցախում և հպարտանում։

Հետաքրքիր է՝ ո՞ւմ անվտանգությունն են ապահովում Արցախում, կամ ո՞ւմ միջև են խաղաղություն ապահովում։ Իրենք այնքան անպիտան ուժեր են, որ Ստեփանակերտում թուրքերը պղծում են մայր տաճարը, վրայից պոկում են խաչերը, վնասում են պատմական հուշարձանները, այդ ռուս խաղաղապահները նույնիսկ չեն կարող այդ հուշարձանների անվտանգությունն ապահովել, ուր մնաց մարդկանց անվտանգությանը»։

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև ՌԴ բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի քիչ առաջ արած այն հայտարարությանը, թե ռուս խաղաղապահներն ապահովել են ԼՂ բնակչության անվտանգ մեկնումը Հայաստան։

«Այդ բնակիչների մեջ, որքան հասկանում եմ, չեն մտել Արցախի նախկին նախագահները և այլ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց թուրքերը ռուս խաղաղապահների քթի տակից գերեվարեցին ու տարան Բաքու»,-ասում է քաղաքագետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031