Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթը

Դեկտեմբեր 21,2023 20:30

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ հարգելի պատճառով արտահերթ նիստին ներկա չէ հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է հստակեցնել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների եւ զբոսաշրջիկների իրավունքները եւ պարտականությունները, զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող պահանջները եւ զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության միջոցները:

Նախագծերի փաթեթի հիմնական նպատակներից մեկը զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումն է` սպառողների շահերի պաշտպանության եւ զբոսաշրջության զարգացման նպատակով: Նախատեսվում է տվյալ ոլորտում գործունեության որոշ տեսակներով զբաղվողների համար սահմանել որակավորման պահանջ: «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագծի համաձայն` Զբոսաշրջության կոմիտեն իրականացնում է զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների մասնագիտական որակավորում: Նախագծով սահմանվում է, որ զբոսաշրջության բնագավառում որակավորման էությունը, որակավորման ընթացակարգերը եւ կարգերը, որակավորման տրամադրման մերժման եւ որակավորումից զրկելու հիմքերը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը, փաստել է, որ այն կարգավորում է ոլորտի օրենսդրական դաշտը:

Հարակից զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Արթուր Խաչատրյանը, ինչպես նաեւ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը:

Նշվել է նաեւ, որ Կառավարության առաջարկով զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողությունը ՏԻՄ-երից փոխանցվել է Պարեկային ոստիկանությանն ու շուկայի վերահսկողությամբ զբաղվող տեսչական մարմնին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, նշելով, որ հիմնական նպատակը զբոսաշրջիկներին որակյալ ծառայություն մատուցելն է, ընդգծել է, որ օրենսդրական փաթեթում բացակայում է տնտեսական ազդեցության գնահատականը:

Այդ առնչությամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փաստել է, որ առայժմ այդ դաշտն օրենսդրորեն կարգավորված չէ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կարծիքով զբոսաշրջությունը երկրին հաղորդում է լրացուցիչ վարկանիշ: Պատգամավորն օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել էր 11 առաջարկություն, որի հիմնական մասն ընդունվել էր:

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի առաջարկով հարցի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 22-ին` ժամը 09:30-ին:

 

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031