Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում փետրվարի 27-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ Ալեն Սիմոնյանի հայցի`ընդդեմ Անժելա Թովմասյանի:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջում է «Հայելի» ակումբի հիմնադիր, hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանից բռնագանձել 3 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, 590 000 դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000-ը փաստաբանի վարձատրության գումար, 110 000 դրամն էլ՝ պետական տուրքի գումար։ Իսկ վիրավորանքի հիմք է հանդիսացել «պոռնիկ» բառի գործածումը:
Aravot.am-ի հետ զրույցում Անժելա Թովմասյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ բացի մնացած հանգամանքներից, իրենք պնդում են, որ հայցվորը բաց է թողել դատարան դիմելու մեկամսյա ժամկետը, ու պատասխանի մեջ ներկայացված է այդ հիմքով հայցը մերժելու միջնորդություն:
Փոխհատուցման աննախադեպ չափի մասին էլ փաստաբանը նշեց. «Նման թիվ, նույնիսկ դրան մոտիկ թիվ՝ վիրավորանքի համար, դատական պրակտիկայում երբեւիցե չի եղել: Միգուցե Ալեն Սիմոնյանը համարում է, որ իր բարոյական ապրումներն ավելի ծա՞նր են, քան ուրիշներինը…Չգիտեմ, թե ինչով է առաջնորդվել: Ես ուղղակի կուզեի հիշեցնել բոլորին, այդ թվում՝ հայցվորին, որ պետական պաշտոնյաները ոչ թե ավելի շատ են պաշտպանված վիրավորանքից եւ զրպարտությունից, այլ՝ ընդհակառակը: Եվրոպական դատարանը շատ վաղուց պրակտիկա է սահմանել, որ շարքային անձինք վիրավորական, զրպարտչական խոսքից պաշտպանված են ավելի բարձր մակարդակով, քան պետական պաշտոնյաները:
Կարդացեք նաև
Այսինքն, վերջիններս պետք է շատ ավելի հանդուրժող լինեն իրենց հասցեին հնչած նույնիսկ վիրավորական արտահայտությունների նկատմամբ, խոսքը վերաբերվում է օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներին եւ հանրային անձանց: Հիմա եթե այս չափանիշն ենք ընդունում, ապա Ալեն Սիմոնյանը ոչ թե ուրիշ քաղաքացիներից պետք է ավելի շատ պահանջեր որպես վնասի հատուցում, այլ ուսումնասիրեր դատական պրակտիկան եւ եղած թվերից անհամեմատ ավելի ցածր թիվ պահանջեր»:
Ինչ վերաբերվում է ԱԺ նախագահին վիրավորած այն արտահայտությանը, որը գեղարվեստական գրականության մեջ եւս օգտագործվում է, Վարուժանը, Չարենցը եւ այլ դասականներ օգտագործել են, այս մասին էլ Հայկ Ալումյանը նշեց. «Բացառված չէ, որ մարդու համար կարող են վիրավորական լինել նաեւ գրական լեզվով ասված արտահայտությունները, սակայն այս պարագայում մեր պաշտպանության հիմքում այդ հանգամանքը չի դրված: Մենք այդ հիմքով չենք պատրաստվում պաշտպանվել Ալեն Սիմոնյանի հայցից: Մենք ունենք որոշակի նկատառումներ, բայց առաջին հերթին դատարանը պետք է քննության առնի այն հանգամանքը, որ հայցվորը ակնհայտորեն բաց է թողել դատարան դիմելու ժամկետը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ