Ermenihaber. Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Հեյդար Ալիևի անվան կենտրոնում, Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության (AZPROMO) և «Թուրքիա-Ադրբեջան գործարարների և արդյունաբերողների միության» (TUIB) համագործակցությամբ մեկնարկել է «Ադրբեջան-Թուրքիա ներդրումային համաժողովը»:
Համաժողովի բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, նախագահականի ֆինանսական աշխատակազմի նախագահ Գյոքսել Աշանը, գլխավոր հանրային աուդիտոր Շերեֆ Մալքոչը, Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայըլ Ջաբարովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիփ Բաղջըն, TUIB-ի նախագահ Հուսեյն Բյույուքֆըրաթը, AZPROMO-ի տնօրեն Յուսուֆ Աբդուլլաևը և այլք:
Ջաբարովը բացման արարողության ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառության ծավալներին:
Նրա խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի երկրորդ հիմնական առևտրային գործընկերն է և 2023-ի առաջին 11 ամսում երկկողմ առևտրաշրջանառության ծավալները 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 33 տոկոսով՝ կազմելով 7.2 մլրդ դոլարի:
Կարդացեք նաև
Ադրբեջանի տնտեսության նախարարը հայտնել է նաև, որ Ադրբեջանը Թուրքիայում ընդհանուր առմամբ կատարել է 19.9 մլրդ դոլարի ներդրում, իսկ Թուրքիան Ադրբեջանի նավթային ոլորտից դուրս այլ ոլորտներում ներդրում արած երկրների շարքում առաջինն է:
Ապա նաև հավելել, որ Ղարաբաղում մեկնարկած շինարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են թուրքական ընկերությունները:
Համաժողովի ընթացքում AZPROMO-ի և TUIB-ի միջև ստորագրվել է 2024-ի գործողությունների ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ:
Նշենք նաև, որ TUIB-ի նախագահը Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը հայտնել է, որ համաժողովը լինելու է ամենամյա։