Լրահոս
Օրվա լրահոսը

«Չինաստանում եւ Ճապոնիայում Արամ Խաչատրյանն ամենակատարվող կոմպոզիտորներից է». Սերգեյ Սմբատյան

Դեկտեմբեր 21,2023 17:43

Չինաստանում առաջին անգամ անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ՝ նվիրված կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին։ Չինական կողմը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հրավիրել է նվագակցելու մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։
«Հետաքրքրությունը չինական կողմից էր, եւ մեզ առաջակվեց, որ Չինաստանում անցկացվի Խաչատրյանին նվիրված մրցույթ: Մենք դրական արձագանքեցինք այդ նախաձեռնությանը, քանի որ սա խաչատրյանական արվեստի հանրահռչակման մի յուրօրինակ եւ լավ առիթ էր: Դեկտեմբերի 17-ից մեկնարկել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված մրցույթի հատուկ թողարկումը, որն ընթանում է ջութակ մասնագիտացմամբ», – «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը՝ հավելելով, որ մրցույթը կազմակերպվել է Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի, չինական իշխանությունների, Պեկինի քաղաքապետարանի, Պեկինի ազգային օպերային թատրոնի կողմից:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ մեծ ձեռքբերում է, որ Չինաստանում՝ Պեկինի ազգային օպերայում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ է կայանում. «Չինաստանն ամենամեծ երկրներից է, որը փորձում է զարգացնել դասական երաժշտությունը, իսկ Արամ Խաչատրյանն այն խորհրդանիշն է, որը միավորում է երիտասարդ երաժիշտներին ամբողջ աշխարհից: Մենք վստահ ենք, որ Չինաստանում երաժիշտների պակաս չկա, բայց եթե այդ միտումը կա՝ ցանկանում են, որ Արամ Խաչատրյանը լինի այն հավաքական կերպարը, ուժը, որը կարողանում է դա անել, հիմնադրամի ու նվագախմբի համար դա մեծ ձեռքբերում է: Մենք ջանք չենք խնայում, որ միջազգային նոր չափանիշներ սահմանենք Արամ Խաչատրյան անվան շուրջ»: Նա հավելեց, որ Պեկինի ազգային օպերայում, բայցի խաչատրյանական մրցույթից, նաեւ կկայանան իրենց համերգները, մրցույթի երրորդ փուլ անցած ջութակահարների հետ հանդես կգա Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես մրցույթի լիիրավ եւ երկար տարիների գործընկեր:

«Նվագախմբի ելույթները Չինաստանում՝ Պեկինի ազգային օպերայում, նոր չափանիշ են, որպես երեւույթ՝ շատ ավելի մեծ են: Եվս 3 այլ համերգներ կունենանք Պեկինում: Աշխարհի լավագույն նվագախմբերը հանդես են գալիս Պեկինում, Չինաստանն ամենացանկալի կետն է շուկայի առումով, եւ մենք այնտեղ ունենք հաջողություն, ինչը թե նվագախմբի, թե հիմնադրամի, թե Արամ Խաչատրյան հավաքական կերպարի մեծ ուժն է եւ մեր այս տարվա մեծագույն ձեռքբերումը», – ընդգծեց Սերգեյ Սմբատյանը: Դիրիժորը նշեց, որ ե՛ւ Չինաստանում, ե՛ւ Ճապոնիայում Արամ Խաչատրյանն ամենակատարվող կոմպոզիտորներից է. «10 ջութակահարներից 4-ը նվագում է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031