Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իր բնակության վայրում չհաշվառված անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցում։ 2022 թ. հունվարին հաստատված որոշման համաձայն՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերածների ծնողները հնարավորություն պետք է ունենային վերարտադրողականության բուժօգնության և փոխնակ մոր ծառայության միջոցով երեխա ունենալ: Այդ երեխաների խնամքն արդյունավետ կազմակերպելու նպատակով ԱՍՀՆ-ն առաջարկում է դա կազմակերպել դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով:
Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախատեսում է 104 հազար դրամի սահմաններում տրամադրել աջակցություն, որպեսզի խնամքի ծառայությունները դայակի և նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպվեն:
Կարդացեք նաև
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե քանի՞ ընտանիքում են նման երեխաներ ծնվել, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ սկսած 2021 թվականից՝ զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 54 երեխա, որից ծրագրի շահառու է 32-ը: Մյուսները բուժման տարբեր փուլերում են, կան նաև հղի կանայք:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ նախքան ՀՀ կառավարության նիստի մեկնարկը հարցի վերաբերյալ քննարկում է ունեցել, որի շրջանակում պարզվել է, որ նախագծում սահմանափակում կա, ըստ որի գումարը չի կարող ստանալ անձը, որը երեխայի հետ նույն հասցեում է բնակվում: Վարչապետի կարծիքով՝ այդ սահմանափակումը պետք է հստակեցվի, քանի որ կարելի է թույլ տալ, որ երեխայի դայակ լինի նաև ընտանիքի անդամը, օրինակ՝ տատիկը: «Մեր շահառուն երեխան է, մենք ուզում ենք, որ երեխայի համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծենք, և եթե հանգամանքն այնպիսին է, որ երեխայի հարազատներից մեկը պետք է այդ գործառույթն իրականացնի, ի՞նչն է վատ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, առնվազն այս դեպքում կարող են բացառություն անել:
Վարչապետն ընդգծել է, որ երբեմն նման սահմանափակումների հետևանքով մարդիկ չեն կարողանում օգտվել նախագծերից և որոշումներ կայացնելիս՝ անհրաժեշտ է հասկանալ, մարդիկ օգտվո՞ւմ են այդ ծրագրերից. «Որոշումները մենակ զեկույցներում գրելու համար չենք ընդունում, այլ՝ մարդկանց կյանքը լավացնելու»։
Հաստատվել է Գիտական կադրերի ատեստավորման կարգը
Կառավարությունը հաստատել է Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ատեստավորման գործընթացը կարգավորվում էր 2001 թ. ՀՀ կառավարության որոշմամբ, որը բավականին հնացած էր և լիարժեքորեն չէր համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաև չէր սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ: Ըստ այդմ՝ հաստատվում է գիտական պաշտոնների տարակարգերը, դրանից յուրաքանչյուրի համար նվազագույն պահանջները, որոնք համապատասխանում են գիտության միջազգայնացման քաղաքականությանը: «Ինչպես գիտեք, էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է նաև դրա որակի և արդյունավետության մասին մտածելը։ Ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություն էր գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022 թ. հունվարի 1-ից, և դրա արդյունքում արդեն իսկ էական բարձրացում է գրանցվել՝ միջինում 174 տոկոսով 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ընդ որում, վարձատրության բարձրացումը իրականացվում է ատեստավորման գործընթացի արդյունքում, որի նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա ստացած գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին »,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ արդյունավետության պահանջներից բացի, կարգով նկարագրվում են նաև տարակարգի համար պաշտոնեական պարտականությունները՝ այդպիսով նաև սահմանելով ակնկալիքների այն շրջանակը, որը պետությունը և հասարակությունը կարող է ունենալ գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգից: Նա նշել է, որ գիտական աշխատողների արդյունավետության նոր պայմանների հաստատումը հիմք է դառնալու 2024 թ. համապետական ատեստավորման ծրագրի իրականացման հաստատման համար։ «Ամբողջական ատեստավորումը այս մեխանիզմով կիրականացվի 2026 թ.-ին, որովհետև նախորդ ատեստավորումը 2021 թվականին է եղել, և հնգամյա շրջափուլը կավարտվի այդ ժամկետում։ Եվ դա արդեն կհանդիսանա հիմք արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և արդեն իսկ այդ ֆինանսավորման վերանայման համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հայտնել է նաև, որ սահմանվել են նաև պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոններ, որոնց կարող են հավակնել տարիքային կենսաթոշակի իրավունք ստացած և այդ պաշտոններին համապատասխանող աշխատողներն՝ իրենց կամքով։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացին և հրապարակել գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման սանդղակները, որոնք նախատեսված են և՛ 2024, և՛ 2025 թվականների համար՝ դրանք համեմատելով 2018 թվականի ցուցանիշների հետ. «Մասնավորապես, լաբորանտ ճարտարագետների աշխատավարձերը 2024 թվականի հունվարի 1-ից արդեն 2018 թվականի համեմատ կբարձրանան 78 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ին այդ բարձրացումն արդեն կկազմի 105 տոկոս։ Ավագ լաբորանտի և ավագ ճարտարագետի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 105 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 135 տոկոսով։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից՝ 115 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 145 տոկոսով։ Գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից՝ 154 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 205 տոկոսով։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 203 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 246 տոկոսով։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 267 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 288 տոկոսով։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 262 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 300 տոկոսով։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 171 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 217 տոկոսով։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 218 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 238 տոկոսով։ Նորից հիշեցնեմ` տոկոսները պետք է համեմատել 2018 թվականի հետ։ Իրականում դրույքները փոխվել են 2022 թվականի հունվարի 1-ից, որովհետև մենք 2018-ից 2021 թվականները քննարկումների մեջ էինք, թե ինչ մեխանիզմ է պետք ներդնել, և ահա արդեն այդ մեխանիզմը գործում է, և մենք գրաֆիկով առաջ ենք շարժվում»։
Վարչապետն այդ համատեքստում անդրադարձել է պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելու անհրաժեշտությանը և նշել, դրան պետք է միտված լինի ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը: «Երեկ քննարկում էինք Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը: Մեր ռազմավարությունները պետք է միտված լինեն պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ Օրինակ՝ տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող գիտնականները կարող են և՛ թոշակավորվել, և՛ համապատասխան ստանդարտներով շարունակել իրենց գիտական գործունեությունը, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր որոշում է։ Ժողովրդավարության ռազմավարության առումով քննարկում էինք, որ ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը և որակավորումը։ Սա շատ կարևոր հանգամանք է, և ունենք երկու գործնական խնդիր։ Առաջինը, որ իսկապես նրանք, ովքեր որակավորմանը չեն համապատասխանում, կազմակերպությունները, այսպես ասած՝ «գերի» չընկնեն այդ կադրերի ձեռքում և երկրորդը՝ եթե համապատասխանում է որակավորման և աշխատունակության անհրաժեշտ չափանիշներին՝ մարդը թող աշխատի, դա լավ է և՛ իրեն, և՛ ընտանիքին, և՛ երկրին, և՛ բոլորին»,-շեշտել է վարչապետը և հավելել, որ այս գաղափարը նորամուծություն է, որի ներդրելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն։
Գործադիրը կփոխհատուցի ԼՂ-ից բռնի տեղահանված ևս 935 ուսանողի առաջին կիսամյակի ուսման վարձը
Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է երկու որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման վերաբերյալ: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կար ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եղել է՝ կամ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կամ էլ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես այդ ֆինանսավորման աղբյուրը հնարավոր չէ շարունակել: «Այս երկու խմբի ուսանողների համար էլ կայացվեց որոշում, որովհետև նրանց համար կրթության իրավունքի վերականգնման խնդիր չունենք, որովհետև այս ուսանողները մեր ուսումնական հաստատությունների ուսանողներ են եղել, և շարունակում են լինել: Բայց ունեինք ֆինանսական աջակցության կոնկրետ խնդիր: Երկու նախագծերից մեկով կարգն է հաստատվում, մյուսով միջոցներ են վերաբաշխվում: Շուրջ 935 ուսանողի մասին է խոսքը, որոնցից 860-ը բուհական կրթության, հետբուհական կրթության համակարգից են, 75 ուսանողը՝ ՄԿՈՒ համակարգից, որոնց մասին տեղեկատվություն է հավաքվել: Սրանով մենք փոխհատուցում ենք առաջին կիսամյակի ուսման վարձը մոտավորապես՝ 264 միլիոն դրամի չափով: Գումարը նվիրաբերության պայմանագրերով կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին, որտեղ նրանք սովորում են»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Այս համատեքստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շահառուների ուշադրությունը հրավիրել է մի հանգամանքի վրա. «Հավանական է, որ այս ուսանողների մի մասը, որոնք այսօր դարձան կառավարության աջակցության շահառու, արդեն իսկ կատարած լինեն իրենց առաջին կիսամյակի վճարները: Կխնդրեի ուշադիր լինել, որ երբ մենք այս գումարները վճարենք, բուհերը վճարված գումարները վերադարձնեն այն ուսանողներին, որոնք, չնայած դժվարություններին, ուսումը շարունակելու համար անցած 1 ամսվա ընթացքում վճարում են կատարել»:
Կառավարությունը շարունակում է կրթության և մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովումը
Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել է վերաբաշխում՝ 510,592 հազար դրամ ուղղելով մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարմանը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավմանը: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 804,641.9 հազար դրամն էլ, նախատեսվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այդ գործընթացն առաջնային և կարևոր խնդիրներից է կրթության և մշակույթի ոլորտներում պետության որդեգրած քաղաքականության պատշաճ իրականացման համար: Ըստ նախարարի՝ որոշմամբ հատկացվող գումարների շրջանակում կլուծվեն մի շարք հրատապ խնդիրներ՝ կապված ջեռուցման, տանիքի, սանհանգույցներ և այլնի հետ, և որոնց լուծման համար արդեն ապահովվել են բոլոր նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթերը։ Շինարարական աշխատանքների մասով ծախսը կկազմի 322.2 մլն դրամ, որը կվերաբերի 2 կրթական և 9 մշակութային հաստատությունների: Գույքային հագեցվածության նպատակով 3 կրթական և 4 մշակութային հաստատությունների կտրամադրվի 188.4մլն դրամ:
Գումար կտրամադրվի, մասնավորապես, հետևյալ շինարարական աշխատանքների համար՝ Երևանի հ․9 արհեստագործական պետական ուսումնարանի գազիֆիկացում, Ե. Չարենցի տուն-թանգարանի ջեռուցման համակարգի նորոգում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի սանհանգույցների նորոգում, Ռուսական արվեստի թանգարանի մուտքի դռան, պատուհանների փոխարինում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի շենքի նախամուտքի նորոգում, Հայաստանի ազգային պատկերասրահի «Զաքար Խաչատրյան և Արտաշես Հովսեփյան տուն-թանգարան» մասնաճյուղի շենքի ցանկապատում և տարածքի բարեկարգում, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցում, Հայաստանի ազգային գրադարանի սանհանգույցների նորոգում, Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տանիքի մասնակի նորոգում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի հիմնանորոգման ծավալների ավելացում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տանիքի, հուշ–տնակի նորոգում, տարածքի բարեկարգում: Գույքով կապահովվեն հետևյալ հաստատությունները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տեսահսկման համակարգ, Սյունիքի մարզային գրադարանի ազդանշանային համակարգ, Հայաստանի էստրադային ջազ-նվագախմբի բեմի համար ձայնային և լուսային սարքավորումներ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աթոռներ, Երևանի թիվ 109 ավագ դպրոցի հաշվապահություն համակարգչային ծրագիր, Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի աշակերտական գույք, մասնագիտական և համակարգչային տեխնիկա և գործիքներ, գ. Որոտանի միջնակարգ դպրոցի համար միկրոավտոբուսի ձեռքբերում:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցում ծրագրի շրջանակում վարչապետն անդրադարձել է Արտաշատ մայրաքաղաքի պահպանված հատվածի հետ կապված խնդրին: «Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված հատվածը կամ տեսանելի, երևացող հատվածը գտնվում է փշալարերից այն կողմ: Ամիսներ առաջ այցելեցի, և նաև ինձ համար հարց էր՝ ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները, օտարերկրյա զբոսաշրջիկները, դպրոցների աշակերտները պիտի հասանելիություն չունենան մեր պատմական մայրաքաղաքին: Մենք հիմա այն տարածքները, որտեղ մեր երեխաներին տանում ենք էքսկուրսիա՝ որպես Արտաշատ պատմական մայրաքաղաք, այնտեղ ոչ մի բան չկա՝ սար է, ասում ենք՝ երեխե՛ք, սա Արտաշատ մայրաքաղաքն է, 7 բլուրներից մեկն է: Բայց փշալարերից այն կողմ, նյութերը ես ինքս նկարահանել եմ, շատ պահպանված շինություններ կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնել է, որ վերջերս հանձնարարական է տվել ԱԱԾ-ին, ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի տարածքի առումով հասանելիությունն ապահովվի. «Բարեբախտաբար, ահագին բան պահպանված է և տպավորիչ է, և հիմա մենք պետք է հնարավորինս արագ այդ խնդիրը լուծենք»:
Մինչև տարեվերջ կավարտվի կրթական և մարզական 34 օբյեկտի շինարարական ծրագիր
ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի ընթացքում անդրադարձ է եղել Լոռու և Արմավիրի մարզերում մինչև տարեվերջ ավարտվող շինարարական ծրագրերին, որոնք իրականացվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվող պետական բյուջեի միջոցներով, Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը զեկուցել է, որ մինչև տարեվերջ ավարտված կլինի Արմավիրի մարզում՝ 11, Լոռու մարզում՝ 8 ծրագիր։ Արմավիրի մարզում պատրաստ կլինի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը, Արևիկ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզը և 9 դպրոցի մարզադահլիճ։ Դրանք են Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի, Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի, Արմավիրի N 6 հիմնական դպրոցի, Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման, ինչպես նաև Շահումյանի միջնակարգ դպրոցի, Փշատավանի միջնակարգ դպրոցի, Սարդարապատի միջնակարգ դպրոցի, Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցման ծրագրերը։
Լոռու մարզում մինչև տարեվերջ պատրաստ կլինեն 2 դպրոց և 6 դպրոցի մարզադահլիճ։ Դրանք են Հագվու և Մեդովկայի հիմնական դպրոցների տիպային (մոդուլային) շենքի կառուցումը, ինչպես նաև Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի, Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի, Ստեփանավանի N1 վարժարանի, Ագարակի միջնակարգ դպրոցի, Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցումը և Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցումը։
Վարչապետի հարցին ի պատասխան՝ Արմեն Ղուլարյանը նշել է, որ մինչև տարեվերջ կավարտվեն նաև Երևանում 6 դպրոցի մարզադահլիճի շինարարական ծրագրեր․ Ս. Խանզադյանի անվան N 184 ավագ դպրոցի, Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի, Սիլվա Կապուտիկյանի անվան N 145 հիմնական դպրոցի, Միքայել Նալբանդյանի անվան N 33 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի կառուցում, ինչպես նաև Մ. Սարյանի անվան N 86 հիմնական դպրոցի և N 136 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցում։
Բացի այդ, մինչև 2023թ․ վերջ կավարտվեն Գեղարքունիքի մարզի Ակունքի և Վերին Գետաշենի N 2 միջնակարգ դպրոցների մարզադահլիճների վերակառուցումը, ինչպես նաև Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգիսի դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցումը և Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը։ Եվս 4 դպրոց արդեն շահագործման է հանձնվել տարվա ընթացքում (Արմավիրի մարզի Արգինայի, Արարատի մարզի Դեղձուտի, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի և Ջրառատի մոդուլային դպրոցներ)։ Ընդհանուր առմամբ, 2023թ․տարեվերջին կավարտվեն կրթական և մարզական 34 օբյեկտի շինարարական աշխատանքները։
Կստեղծվի բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ
Գործադիրն ընդունել է նաև Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշման նպատակն է ստեղծել բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ բնակֆոնդի վիճակի մասին տվյալներ, դուրս բերել առավել վատթար վիճակում գտնվող շենքերի վերաբերյալ տվյալները: Համակարգը կլինի ազգային գեոպորտալին ինտեգրվող բաղադրիչ և կլինի օբյեկտիվ գործիք բնակարանային ֆոնդի վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականությունների մշակման, որոշումների կայացման համար։
Ներկայում բնակարանային ֆոնդի, այդ թվում՝ տեխնիկական վիճակի վերաբերյալ ամբողջական և արդիական տվյալներ առկա չեն. նման տվյալներ հավաքագրվում են մարզերից և Երևանի քաղաքապետարանից հարցումների ձևաչափով: Իսկ իրականացվող քայլերն առավելապես հիմնվում են համայնքների, մարզպետարանների, քաղաքացիների ներկայացրած դիմումների, բողոքների, ահազանգերի վրա:
Հետևաբար, միասնական տեղեկատվական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ գործիք՝ հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված առավել թիրախային քաղաքականության մշակման, ֆինանսական պլանավորման և համապատասխան ծրագրերի իրականացման համար:
Օրենսդրական նախաձեռնություններ. ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարաձգել ևս մեկ տարով
Գործադիրը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին՝ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: 2023 թվականին հավաստագրվել է 1633 ընկերություն։ Օրենքի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտ են համարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք ՀՀ-ում կգրանցեն նոր կազմակերպություն։ Նրանք ևս կարող են դիմել, ստանալ հավաստագիր և արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։ Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների թիվը 2015 թ.-ից մինչ օրս կազմում է 247 օտարերկրյա ընկերություն։ Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արտոնություն նախատեսելով միայն եկամտային հարկի 10% տոկոսի չափով:
Հավանության է արժանացել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ նախագծերը: Նախագծերի նպատակն է սահմանել կարգավորումներ, որը հնարավորություն կտա ստեղծելու բարենպաստ օրենսդրական միջավայր` ՀՀ քաղաքացի չհամարվող խաղացողների ներգրավման տեսանկյունից ՀՀ քաղաքացի չհամարվող ֆիզիկական անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն կազմակերպիչների համար բարենպաստ, հավասար մրցակցային պայմաններ, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելմանը՝ օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից ռեզիդենտ խաղացողների ներգրավման տեսանկյունից: Կստեղծվեն կազմակերպիչների համար բարենպաստ պայմաններ` ՀՀ քաղաքացի չհանդիսացող խաղացողների ներգրավման տեսանկյունից ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար: Նախագծի ընդունումը կնպաստի Խաղային ոլորտի կազմակերպությունների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացմանը: Նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ հետևյալ լրացումները. արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին կամ վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը ՀՀ տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում, ՀՀ կառավարությունը սահմանում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կամ վիճակախաղերի մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման կարգը և այլն:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է՝ կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների) արտաքին առևտուրը, ստեղծել առավել երկար արտադրական շղթաներ, խթանել թանկարժեք մետաղների վերամշակման խորացումը տեղում՝ բարենպաստ պայմաններ ստեղծել արտերկրից ներմուծումը կրճատելու և առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքներ արտադրելու և արտահանելու համար։ Նախագծով առաջարկվում է նաև ներկայացված ապրանքների արտահանման գործընթացը իրականացնել լիցենզիաների տրամադրման միջոցով և սահմանել պետական տուրք ոսկու և պլատինի ձուլակտորների, ինչպես նաև պալադիումի արտահանման լիցենզիաների տրամադրման համար։ Առաջարկվող կարգավորումները առավել արդյունավետ կդարձնեն թանկարժեք մետաղների վերամշակման գործընթացը՝ խորացնելով այն պարզ ձուլակտորներից դեպի առավել բարձ ավելացված արժեք ունեցող արտադրատեսակների արտադրությունը և արտահանումը։ Նախագծով առաջարկվող ապրանքների յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ տրամադրելու համար պետական տուրքը հաշվարկվել է այն տրամաբանությամբ (միջինը՝ միջազգային բորսայական գնի 0.75-0.8%-ի չափով), որպեսզի ապահովվի մրցակցային գներ արտահանման և տեղում վերամշակման համար։Արտահանման վերը նշված ծավալների պահպանման դեպքում պետբյուջեի կանխատեսվող մուտքերը (պետական տուրքի տեսքով) կարող են ավելանալ շուրջ՝ 1 մլրդ դրամով: Օրինագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի համար ռազմավարական համարվող թանկարժեք մետաղների վերամշակման խորացումը՝ ինչը կնպաստի առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Հավանություն է տրվել նաև ««ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը ԼՂ կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ինչպես նաև առանձին իրավաբանական (ներառյալ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական կազմակերպությունների) և ֆիզիկական անձանց հանդեպ ՀՀ ֆինանսական կազմակերպությունների դրամական պահանջների զիջման դիմաց վերջիններիս օգտին թողարկել գանձապետական պարտատոմսեր առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանակական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը և դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը: Բացի այդ, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը և հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել:
Ապահովվում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության տրամադրումը
Կառավարության որոշմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող 50000 դրամ սոցիալական աջակցության դեկտեմբեր ամսվա տրամադրումն ապահովելու նպատակով կհատկացվի 3.7 մլրդ դրամ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ծրագրի շահառու հանդիսացող 70000 անձանց 2023 թ. դեկտեմբեր ամսվա համար՝ 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի համար տրամադրվող սոցիալական աջակցության տրամադրումը: Այդ նպատակի համար պետբյուջեից կհատկացվի 3,500,000,000 դրամ:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին միանվագ դրամական աջակցություն, ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու և նրանց առաջնային սպառողական կարիքները հոգալու համար սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով: Առաջարկվող կարգավորումների կբացառեն շահառուի՝ իրենից անկախ պատճառներով սոցիալական աջակցության գումարը չստանալը: Մասնավորապես առաջարկվում են հետևյալ կարգավորումները՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում դիմումների ներկայացման ժամկետ սահմանել 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն, բոլոր 3 որոշումներում սահմանել բողոքարկման ընթացակարգեր, որպեսզի տեղահանված անձինք կարողանան վերականգնել սոցիալական աջակցություն ստանալու իրենց իրավունքը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է 6.6 մլն դրամ հատկացնել՝ ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ 6 ամսով արգելք է սահմանվել
Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության նպատակով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ. 2019 թ.-ին՝՝ 2668 տոննա, 2020 թ.-ին՝ 2345 տոննա, 2021 թ.-ին՝ 5348 տոննա, 2022 թ.-ին՝ 4700 տոննա: Դա հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում: Ըստ այդմ՝ առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել՝ համապատասխան ծածկագրերին դասվող ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ: Արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է 6 ամսով երկարաձգել ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու ժամկետը, ինչպես նաև սահմանել ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը: Որոշման նպատակն է կանոնակարգել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը և ստեղծել հավասար պայմաններ՝ տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար: Ըստ հիմնավորման՝ իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965 հազ. տոննա ցեմենտ, ինչը 20,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչն իր հերթին վկայում է ցեմենտի արտադրության ոլորտի աշխատատեղերի պահպանման մասին:
Կառավարությունն ընդունել է նաև «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում:
Կապահովվի ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի և հավելավճարների տրամադրումը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով հանրակրթական առարկաներ դասավանդող և կամավոր ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի և հավելավճարների բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ՝ «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» միջոցառման տնտեսված գումարից 15215.2 հազար դրամը կուղղվի նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման արդյունքում ընթացիկ տարում մասնակցած հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժական աշխատողների ֆինանսավորման համար:
Գործադիրն ընդունել է որոշում՝ հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքում պետբյուջեից լրավճար տրամադրելու համար: Ըստ հիմնավորման՝ ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը, և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2024 թ.-ի միջոցառումների կազմակերպվելու և անցկացվելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2024 թ.-ին ֆեդերացիայի կողմից անցկացվելու է շուրջ 50 ֆուտբոլային հանդիպում (խաղ), որի համար անհրաժեշտ է 398000 հազար դրամ: Համապատասխան որոշման ընդունումը կնպաստի ֆուտբոլ մարզաձևի զարգացմանը, մասսայականացմանը, արդյունքների բարձրացմանը և մրցանակային տեղերի գրավմանը:
Նոր հիբրիդային ուսումնական միջավայրեր՝ ուսհաստատություններում
ՀՀ տարածքում գործող ուսումնական հաստատություններում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաների անհրաժեշտությունից ելնելով՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ կրթության ոլորտում անհրաժեշտ է ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների, բոլոր ոլորտներում փորձառության զարգացման և կրթության ռազմավարության բնագավառներում՝ հետևելով արագ աճող աշխարհի նորարարություններին և ստեղծելով համատեղ ստեղծագործող անհատների համայնք։ ՖաբԼաբերը նոր տեխնոլոգիական հանգույցներ են՝ վերանայելու կրթական համակարգերը և ստեղծելու նոր հիբրիդային ուսումնական միջավայրեր բոլոր տարիքի անհատների համար: Որոշման ընդունման արդյունքում՝ կիրականացվի հեռավար և առկա հանդիպումներ «Լաբսթերի» 100+ վիրտուալ լաբորատորիաների կատալոգի միջոցով, որը ներառում է կենսաբանության, քիմիայի և այլ թեմաներ: 2023-24-ին ծրագրին կմասնակցեն 38 մենթոր դպրոցների ԲՏՃՄ առարկաներ դասավանդող 2-ական ուսուցիչ և շուրջ 10000 սովորող: 2024-2025 և 2025-2026 թթ նախատեսվում է մի քանի անգամ ավելացնել թե ուսուցիչների, թե աշակերտների թիվը: 1 տարվա ընդհանուր ծախսը կազմում է 10,000.84 եվրո, որը ներառում է ծրագրի ներբեռնումը և օգտագործումը, վերապատրաստում և ուսուցում:
Ապահովվում է Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում աջակցության տրամադրման գործընթացը
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2023 թ. ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 1,2 մլրդ դրամ, սակայն դեկտեմբերի 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 2,688 շահառու, որոնց վճարվել է շուրջ 1 մլրդ 961 մլն դրամ, որից 388-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով, 801-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով, 1499-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։ Այս ցուցանիշները պայմանավորված են ծրագրերի շրջանակում դիմումների թվի աննախադեպ աճով, այդ թվում՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրից երկրորդ անգամ օգտվող շահառուների թվով (2023 թ.-ին՝ 246), 30 տարին չլրացած 3-րդ և հաջորդ երեխա ունեցողների թվով, որի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 4 մլն դրամ (2023 թվականին՝ 47), ինչպես նաև այն հանգամանքով, որ կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում ոչ միայն նոր դիմող շահառուները, այլ նաև նախորդ տարիներին ծրագրում ընդգրկվածները։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. նոյեմբերի 1-ից հետո դիմած և չորրորդ եռամսյակում դիմող շուրջ 680 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 500,000 հազար դրամ։
Պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդով
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոցում գտնվող անշարժ գույքերը նախատեսվում է օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ գույքային միավոր: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանելով անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 847 300 000 դրամ։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Քասախ, Ռ. Սաֆարյան փողոց 10 հասցեում գտնվող 2200.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 641 800 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 32 090 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետբյուջե։
Այլ որոշումներ. 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը՝ վարժական հավաքներ
Գործադիրն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը, ներառյալ` կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց:
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ֆինանսավորման համաձայնագրով՝ ՝ 2 մլն եվրո կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը: Վերջիններս կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին և բարելավելով ծանր վթարների կառավարումը։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշման ընդունման արդյունքում՝ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների մասնակի փոխհատուցում տրամադրելու համար:
Գործադիրի որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովին դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ