Եկմալյան փողոցում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության շենքին կից Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքաշինական նորմերի և հակահրդեհային կանոների խախտմամբ տրված շինարարության թույլտվության, այնուհետև շենքի կառուցումը հենց նույն շինթույլտվության պահանջների և պայմանների խախտմամբ իրականացվելու պայմաններում դրա ժամկետը երկարացնելու վերաբերյալ առկա խնդրի մասին ՀԿ-ի նախագահ Արմինե Հովհաննիսյանի կողմից Երևանի քաղաքապետարանին ուղղված բաց նամակի և դրան տրված պատասխանի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներկայացնելու հետևյալը: Նախ Եկմալյան 6/3 հասցեում «Օրրանի» հարևանությամբ գտնվող հողամասում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունը երբեք դեմ չի եղել և խոսքը չի գտնում շենք կառուցելու մասին։ Խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետարանը շենքի թույլտվությունը տվել է խախտումով և կառուցապատողին թույլ է տվել կառուցելու շենք ոչ թե այն հատվածում, ուր գործող օրենսդրության համաձայն կարելի է շենք կառուցել, այլ բոլորովին այլ դիրքով՝ 6 մետր անհրաժեշտ հեռավորության խախտումով։
«Օրրանը» որպես հարևան սեփականատեր համաձայնել է, որ կառուցապատողը շենք կառուցի, ինչի պարագայում վերջինս պետք է մշակեր նախագիծ և համաձայնեցներ նախագիծը և շինթույլտվություն ստանար օրենքով չարգելված գործունեություն կատարելու համար, մինչդեռ քաղաքաշինական փաստաթղթերը չեն մշակվել և համաձայնեցվել օրենքի պահանջների պահպանմամբ։ Ուստի քաղաքապետարանի պատասխանում ներկայացված այն տեղեկությունը, թե «Օրրանը» համաձայնություն է տվել, որ կառուցապատողը շենք կառուցի այդքան մոտ, ոչ միայն չի արտացոլում եղելությունը և չի համապատասխանում իրականությանը, այլ նաև դրանով փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը և մոլորեցնել հանրությանը։ Բացի դրանից «Օրրանը» չի համաձայնեցում շենքի նախագիծը և/կամ տալիս շինարարության թույլտվությունը, այլ դա իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, եւ տվյալ դեպքում հենց քաղաքապետարանն էր պարտավոր շինթույլտվություն տրամադրելու ժամանակ այդ փաստաթուղթը տրամադրել քաղաքաշինական նորմերը և հակահրդեհային պահանջները պահպանելով, ինչը չի կատարվել։ Այս պայմաններում գտնում ենք, որ նման խախտումներ թույլ տալուց հետո քաղաքաշինական փաստաթղթի տրամադրումը «Օրրանը» կողմից շենք կառուցելու վերաբերյալ համաձայնությամբ հիմնավորելը և համաձայնության տրամադրման նպատակը և բովանդակությունը խեղաթյուրելը վկայում այն մասին, որ գործ ունենք հովանավորչության հետ։
Բացի դրանից, ինչպես նշել ենք, շինարարության թույլտվության տրամադրումը իրականացվում է քաղաքապետարանի կողմից և տեսչական մարմինը շինթույլտվություն տալու իրավասություն չունի, հետևապես տեսչական մարմնի կողմից նախագծի և շինթույլտվության տրամադրման հարցում նախապես մասնակցություն ունենալը վկայում է նաև այս մարմնի կողմից կառուցապատողին և քաղաքապետարանին աջակցելու և շահագրգռվածության մասին»,-Aravot.am-ին փոխանցեցին «Օրրանից»։
Հասարակական կազմակերպության պատասխանում նաեւ նշվում է. «Հատկանշական է, որ փաստացի տեղում «Օրրանի» և կառուցվող շենքերի միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 1․6 մետր, իսկ անօրինական կերպով համաձայնեցված նախագծով այն պետք է լիներ 2․2, սակայն այս հանգամանքը քաղաքապետարանը փորձում էր նախ չնկատել, իսկ այդ մասին մեր կողմից հրապարակայնորեն բարձրաձայնելուց հետո իր անօրինականությունը հիմնավորել նրանով, որ «միգուցե «Օրրանի» շենքն պետք է ավելի հեռու լիներ կառուցված»։ Փաստորեն ստացվում է, որ քաղաքապետարանը կարող է այսուհետ ցանկացած շենքի պատուհանների առջև առանց լուսավորության թափանցելիության, հեռավորության, հակահրդեհային պահանջների և քաղաքաշինական նորմերի պահպանման կառուցապատողի տրամադրել շինթույլտվություն և այդ դեպքում կառուցվող շենքի հարևանությամբ գտնվող շենքի սեփականատերը պետք է ապահովի անհրաժեշտ հեռավորությունը։
Կարդացեք նաև
Տարակուսանք է առաջացնում նաև այն հանգամանքը, որ համաձայն օրենսդրության կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը առաջացնում է տուգանքի նշանակում, մինչդեռ տվյալ դեպքում կառուցապատողը խախտել է նաև անօրինական տված շինթույլտվությամբ սահմանված ժամկետը, սակայն քաղաքապետարանի կողմից այս մասով միջոցներ ձեռնարկված լինելու վերաբերյալ նույնպես որևէ տեղեկություններ չկան, իսկ համայնքին ուղղված հարցմանը պատասխան դեռ չի տրվել։
Իր պատասխանում քաղաքապետարանը, համայնքին վերապահված գործառույթների կատարումից խուսափելով, դիտարկել և ակնարկել է դատական կարգով իրավունքի պաշտպանության հարցի լուծում տալու տարբերակը, ինչը վկայում է նրա մասին, որ քաղաքապետարանը հրաժարվում է կատարել հանրության առջև ստանձնած պարտականությունները, իսկ դատական կարգով ապօրինության դեմ պայքարելու ուղին առանց քաղաքապետարանի էլ հայտնի է։
Ստեղծված իրավիճակում գտնում ենք, որ պատշաճ կլինի առնվազն ընդունելու հանրությանը ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հանգամանքը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու Երևանի քաղաքապետարանի կողմից խախտումով տրամադրված շինթույլտվությունը վերացնելու, կառուցապատողին պատասխանատվության ենթարկելու և իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ»։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ