Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում երեկ ձկնորսության արգելքի դեմ բողոքող նորատուսցիները համակերպվել են կառավարության որոշման հետ, որ ձկնորսությունն այս պահին թույլատրելի չէ; Այս մասին Aravot.am-ին ասաց Նորատուս համայնքի ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը:
«Նորատուսցիներն այսօր արդեն ցանցերն են հանում, համակերպվել են ձնորսության արգելքի հետ, համատարած գնացել են ցանցերը հանելու»,- ասաց համայնքապետը:
Նրա խոսքով, նախօրեին պարեկների ու նորատուսցիների միջեւ միջադեպը թյուրիմացության արդյունք է եղել. «Իրենք սաղ էլ հասկացող ժողովուրդ են, ուղղակի թե ինչ էր լինում, առավոտյան վարչապետի կամ մարզպետի հետ պայմանավորվում էին, որ ցանցերը պիտի հավաքեն, հաջորդ օրը գնում էին, տեսնում էին Ազգային պարկի պարեկները ցանցերը հավաքել են, դրանից սկսեց էլի սաղ: Բնակիչները սաղ էլ ադեկվատ ժողովուրդ են: Ձկնորսության արգելքը կոմունիստների ժամանակից եղել է մինչեւ այսօր, էդտեղ ոչ Փաշինյանն է մեղավոր, ոչ էլ ուրիշը, ժողովուրդը միշտ էլ համակերպվել է, բնականոն գործընթաց է»:
Համայնքապետն ասաց, որ իր տեղեկություններով, նախօրեին ձերբակալված 26 նորատուսցիներին մեղադրանք է առաջադրվել, բայց չեն կալանավորվելու, այսօր ազատ են արձակվելու:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ իրավապահները հատուկ գործողություններ իրականացնելու արդյունքում Նորատուսցի 26 ձկնորսի են ձերբակալել: Ձկնորսները նախօրեին ոստիկանների հետ միջադեպ են ունեցել ձկնորսության արգելքի պատճառով: ՔԿ-ն միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12.40-ին, Գեղարքունիքի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նավակներով մոտեցած անձանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ