Այսօր «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ասաց. «Մի հատ թյուր կարծիք կա, որ ժողովրդավարության մեջ իշխանությունը չի ուզում, որ իրեն քննադատեն: Իշխանությունը մեծ կարիք ունի քննադատության: Առո՛ղջ քննադատության: Խնդիրն այն է, որ այն քննադատությունը, որը հաճախ մեծ «շուխուռ» է անում, դա այն աստիճանի ազդեցություն չունի հանրային կյանքի վրա, քան այն առողջ քնննադատությունը, որը մնում է ստվերում: Իշխանությունը կարիք ունի քննադատության այնքանով, որ եթե մեկին չես քննադատում, նա լճանում է եւ դառնում է «նախկիններ»: Մենք չենք ուզում դառնալ նախկիններ, ուզում ենք անընդհատ լսենք մեր սխալները եւ դրա շնորհիվ աճենք»:
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանն ասաց, որ եթե նախագիծն ընդունվի, մեդիա դաշտն ավելի է բեւեռացվելու. «Ստեղծվելու են սեւերի ու սպիտակների լրատվամիջոցներ, թիրախավորվելու են այն ԶԼՄ-ները, որոնք չեն միանալու ինքնակարգավորմանը, լինելու են իշխանությունների համար սիրելի եւ ոչ սիրելի ԶԼՄ-ներ: Ինչո՞ւ եք որոշել այս հատվածը բաց թողնել: Լինելու են լավեր ու վատեր, թիրախավորելու են, ինչի՞ է սա տանելու»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Մեր նպատակն այն է, որ այդ բեւեռեցումը հաղթահարվի մասնագիտական նորմերով»: Ըստ նրա, եթե ինքնակարգավորում չլինի, հասարակությունը շարունակելու է ականատես լինել մեր ներքին ինֆորմացիոն պատերազմին. «Հիմա ներքին ինֆորմացիոն պատերազմ է գնում տարբեր քաղաքական ուժերի եւ նրանց կողմից հովանավորվող լրատվամիջոցների: Ցանկալի է սա հաղթահարել»:
Կարդացեք նաև
Աշոտ Մելիքյանը նաեւ նշեց, որ լրագրողին հավատարմագրումից զրկելու նորմը պետք է օրենսդրությունից հանել ու այն չկիրառել: Եթե լրագրողը, որը, օրինակ հավատարմագրվել է ԱԺ-ում, խախտի էթիկայի նորմը, նրան ոչ թե պետք է զրկեն հավատարմագրումից, այլ դիմեն Դիտորդ մարմնին, որի եզրակացությունը այդ լրատվամիջոցը պարտավոր է տարածել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ