Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դեպքին, որ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացու են ձերբակալել։ Հարցին, որքանո՞վ ն է իրավաչափ, որ օտար երկրի ոստիկանական ուժերը գործողություն են իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքում, Անահիտ Մանասյանը հստակ պատասխան չտվեց։
«Այս խնդրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց անմիջապես հետո, երբ ստացվել է տեղեկատվությունը, ես անմիջապես դիմել եմ իրավասու մարմիներին՝ շեշտադրումը կատարելով մարդու իրավունքներին վերաբերելի հարցերի վրա։ Այս պահին ես դեռեւս չեմ ստացել խնդրին վերաբերելի ամբողջական տեղեկատվություն։ Օրինակ՝ արդյոք անձը տեղափոխվե՞լ է ՌԴ, ի՞նչ գործընթացի շրջանակներում է դա տեղի ունեցել, ես դրա վերաբերյալ տեղեկատվություն չունեմ։ Բայց եթե մարդու իրավունքներին վերաբերող խնդիր արձանագրվի, այսինքն՝ եթե ստանանք հստակ պարզաբանումները եւ պարզ լինի, որ մեր պետական իրավասու մարմինների տեսակետից խնդրահարույց որեւէ իրավիճակ կա, բնականաբար, կմիջամտենք»,- ասաց նա։
Հարցին, որ ՀՀ-ում ռուս ռազմական ոստիկանները մարդ են ձերբակալում, դա ինքնին մարդու իրավունքների խախտում չէ՞, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Հենց որ ես ստանամ այնպիսի տեղեկատվություն, որը ինձ հնարավորություն կտա հստակ եզրահանգումներ խոսել, ես անմիջապես հստակ եզրահանգումներով կխոսեմ։ Հակառակ պարագայում, կարող է ստացվել իրավիճակ, որ ես ասեմ մի բան, վերջում պարզվի, որ իմ ասածն ընդհանրապես իրավաչափ չէ»։ Մանասյան ասաց, որ այս հարցով ինքը դիմել է ԱԱԾ-ին եւ Գլխավոր դատախազությանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ