Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քնար Մանուկյանի վարքագիծն էլ այնպիսին չէր, որ ճակատը պետք է համբուրեմ, դնեմ գլխիս». Աշոտ Մելիքյանը՝ լրագրողների ու մեդիա դաշտի կարգավորման մասին

Դեկտեմբեր 21,2023 14:08

«Պետության առջեւ ծառացած ամենագլոբալ խնդիրն այսօր հասարակության բեւեռացումն է: Դա գալիս է ոչ միայն քաղաքական դաշտի բեւեռացումից, այլ նաեւ մեդիա դաշտի ծայրահեղ բեւեռացումից: Պետք է փորձենք այս բեւեռացումը թուլացնենք եւ ընդհանուր խաղի կանոններ սահմանենք դաշտի համար, որպեսզի պետություն, մեդիա, քաղհասարակություն, մենք բոլորս ունենանք մի ուղեծիր ու բոլորս այդ ուղեծրի շուրջ կառուցենք հանրային կոմունիկացիա»,- այսօր «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

Ըստ նրա, այս նախագծի նպատակը մեդիա դաշտի առողջացումն է. «Կան մեդիաներ, որոնք ֆինանսական խնդրի պատճառով չեն կարողանում զարգացում ապահովել եւ նմանատիպ կարգավորումները հետագայում հնարավորություն կտան փոքր մեդիաներին առաջխաղացման, պետական մարմիններում հավատարմագրվելու»:

ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ նախագծով խթանում են, որ ԶԼՄ-ները ինքնակարգավորվեն. «ԶԼՄ-ների հասկացությունը հնացած է, ձեւակերպումները հետխորհրդային երկրների է, այս հարցում առաջ են գնացել մեր միջազգային գործընկերները, ձեւակերպել են ավելի նոր ու հստակ չափանիշներ: Մենք այս սկզբունքն ենք որդեգրել, որ փորձ ենք անում հրաժարվել ԶԼՄ-ների նախկին տերմինաբանությունից ու նոր չափանիշներ ձեռք բերել»: Նախատեսվում է ներդնել մեդիա խորհրդի կամ օմբուդսմենի ինստիտուտ, մշակել լրագրողական էթիկայի կանոններ: Դա պետք է անեն լրատվամիջոցներն իրենք:


«Freedom house»-ի փորձագետ Գենյա Պետրոսյանն ասաց, որ այս նախագիծը մշակվել է, որովհետեւ դեռեւս 2019-ին ԵԽ-ն արձանագրել է, որ մեր «Զանգվածային լրատվության մասին» օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ իշխանությունները ռեգրեսիվ օրենսդրական նախաձեռնությունների շարք մշակեցին ԶԼՄ-ների մասին, մասնավորապես, ծանր վիրավորանքի քրեականացումը, վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման եռապատկումը. «5 րոպե էր պակաս, որպեսզի ԱԺ-ն ընդուներ օրենք, որով արգելվում էր հղումը չնույնականացվող աղբյուրներին: Մեզանից մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի այդ օրինագծի հեղինակը նախագիծն ուղարկի ԵԽ, ստանա փորձագիտական եզրակացություն, որ այդպես չի կարելի, լրագրողը կարող է օգտվել ցանկացած աղբյուրից, բայց պատասխանատվությունը մնում է լրագրողի վրա: Բայց նույն օրինագծով ընդունվեց մի կետ, որով նախատեսվում է լրագրողի հավատարմագրման դադարեցում, որն ընդունելի չէր: Այս գործընթացը ստիպեց գնալ երկխոսության: Կարելի էր, իհարկե, գնալ առճակատման, բայց ի վերջո օրենսդրական փոփոխություն իրականացնում են իշխանությունները, այլ ճանապարհ չկար»:

Աշոտ Մելիքյանն էլ է գտնում, որ օրենքը, որն ընդունվել էր 2003-ին, հնացել էր տեխնոլոգիական զարգացման այս ֆոնին: Լրատվամիջոցն օրենքում ձեւակերպվում է որպես ինչ-որ մի կրիչ՝ թղթի վրա կամ հաճախականությունների: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը նույնպես ընդունվել է 2003-ին եւ ըստ նրա, նույնպես հին է, պետք է արդիականացվի, իսկ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը ընդունվեց 2020-ին եւ որեւէ լուրջ բարեփոխումների հեռարձակման ոլորտում չնպաստեց: Մելիքյանն ընդգծեց, որ նախագծով ոչինչ չի պարտադրվում, ավելի շատ հորդոր է, որ լրատվամիջոցները հետեւեն էթիկական նորմերին. «ԶԼՄ-ներն իրենք պետք է շահագրգռված լինեն հանրությանը ցույց տալ իրենց վարքականոնը, դա կբարձրացնի վստահությունը: Մենք շատ լավ գիտենք, որ հասարակության վստահությունը ԶԼՄ-ների նկատմամբ ընկել է եւ դա կնպաստի վստահության վերականգնմանը, եթե իհարկե ԶԼՄ-ն հետեւի էթիկային: Այն տեքստը, որը դրված է e-draft.am-ում, շատ հում է եւ ես բազմաթիվ դիտողություններ ունեմ՝ այդ ամենը շտկելու»:

Նա նշեց, որ այն ԶԼՄ-ները, որոնք ուզում են ունենալ վարքականոն, կարող են անդամակցել գործող ինքնակարգավորման նախաձեռնությանը, կարող են խմբագրության ներսում ունենալ ներքին օմբուդսմեն՝ ընթերցողների խմբագիր: Նման փորձեր Հայաստանում եղել են, «Առավոտն» է փորձել, «ԳԱԼԱ»-ն, պարզապես ֆինանսավորման խնդիրներ առաջացան. «Էթիկայի վարքականոնին հետեւելով՝ ասում ես՝ այ լսարան ջան, ես նրանցից չեմ, ովքեր սանձարձակությամբ են զբաղվում, ես լրատվության ջատագով եմ, ունեմ այս էթիկայի նորմը: Դա պետական մարմինների համար էլ կարող է ուղենիշ լինել՝ զատելու, թե ով է որակյալ լրատվությամբ զբաղվում, ով՝ ոչ: Հանձնաժողովի ռեեստրում գրանցվելիս ԶԼՄ-ն պետք է լրացնի, թե ինչ ինքնակարգավորման համակարգով է գործում, հղում արվի էթիկայի վարքականոնին, ցույց տա, որ ֆինանսական հաշվետվությունը հրապարակել է, ԶԼՄ-ի սեփականատերը այսինչն է: Նախատեսվում է, որ գրանցվածները ինչ-որ լոգո կարող են ունենալ՝ որպես որակյալ լրատվամիջոց: Այնտեղ գրանցված ԶԼՄ-ները անվերապահորեն հավատարմագրվում են պետական մարմիններում»:

ԵՄԱ փորձագետ Գեւորգ Հայրապետյանն ընդգծեց, որ այս նախագծով մեդիա դաշտը ոչ թե կարգավորվում է, այլ ինքնակարգավորվում, նախատեսվում է խրախուսանքի ու աջակցության միջոցներ: Բացի այդ, որեւէ ԶԼՄ-ի աշխատանք չի սահմանափակվում, չի խոչընդոտվում խոսքի ազատությունը:

«Մեդիահաբի» լրագրող Վահե Մակարյանն ասաց, որ իշխանությունները կարգավորման անվան տալ լրագրողների աշխատանքը սահմանափակելու քայլեր են անում: Նա հիշատակեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի դեպքը, որին ԱԺ աշխատակազմը զրկել է հավատարմագրումից՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին հարց տալուց հետո: Նա հարցրեց՝ հիմա մշակվող նախագիծը կնպաստի՞ այս խնդիրների կարգավորմանը, որովհետեւ վերջին շրջանի նախագծերն ուղղված են լրագրողների դեմ. «Քնար Մանուկյանն իր աշխատանքն է իրականացրել, նախկինում կարծես լրագրող աշխատած պատգամավորը, որն ԱԺ ամբիոնից զրպարտչական հայտարարություններ է արել, չի կարողացել պատասխանել Քնար Մանուկյանի հարցերին, հարձակվել է նրա վրա: Ընդ որում, զոնավորել, գոտիավորել են ԱԺ-ն, վերջին տարիներին ոնց որ հայ-ադրբեջանական սահմանը լինի, չես կարողանում միջանցքներով ման գալ հարց տալու: Ու հարց տալու համար զրկում են լրագրողին հավատարմագրումից»:

Աշոտ Մելիքյանն ասաց, որ իրենք հայտարարությամբ աջակցեցին Քնար Մանուկյանին. «Բայց Քնարի վարքագիծն էլ այնպիսին չէր, որ ճակատը պետք է համբուրեմ, դնեմ գլխիս: Եթե «Ժողովուրդն» ունենար այդ վարքականոնը, հետեւեր դրան, ինքը շատ ավելի պարկեշտ վարքագիծ կդրսեւորեր, քան դրսեւորել էր պատգամավորի հետ: Ես համարում եմ, որ լրագրողը պետք է ինքնատիրապետում ունենա եւ եթե ինչ-որ պատգամավոր իմ համար մեկ է՝ ընդդիմադիր է, թե իշխանական, իր չափերն անցնում է, անհիմն մեղադրանքներ է ներկայացնում եւ այլն, պետք է ստանա իր համարժեք պատասխանը շատ ավելի կիրթ: Եթե ինչ-որ մեկը թիվ մեկ ամբիոնը դարձնում է բակի խոսակցության տեղ, դա չի նշանակում, որ բակի ռազբորկայի ձեւով պետք է խոսակցություն գնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031