Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Միասին» թատերախմբի պատանի դերասանները Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում հանդես են եկել «Ջրաշուշանի ճամփորդությունը» ներկայացման առաջնախաղով:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել է պատանի դերասաններին առաջնախաղի առթիվ և վստահություն հայտնել, որ թատերախումբը դեռ երկար ճանապարհ է անցնելու՝ հանրապետության տարբեր բեմերում, հանդիսատեսին փոխանցելով դրական հույզեր։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ողջունել է թատերախմբին՝ արժևորելով ստեղծագործական խմբի, ՀՄԿ թիմի և ծնողների նվիրվածությունն ու սերտ համագործակցությունը։ Նա իր երախտիքի խոսքն է ուղղել բոլոր գործընկերներին, մասնավորապես Հայ օգնության ֆոնդին (FAR), որի աջակցությամբ կյանքի է կոչվել այս ներկայացումը։
Ներկայացման հերոսների հիանալի և էմոցիոնալ խաղը, որն ուղեկցվում էր գեղեցիկ երաժշտական ձևավորմամբ, հեղինակային երգերով և գունազարդ տեսարաններով, իրապես գրավել է հանդիսատեսին և արժանացել ջերմ ծափահարությունների։
Կարդացեք նաև
Ակտիվ մասնակցության համար փոքրիկ դերասանները և թատերախմբին աջակցող կամավորներն արժանացել են պատվոգրի։
Նշենք, որ «Ջրաշուշանի ճամփորդությունը» պատմություն է դժվարություններից չընկրկող փոքրիկ սերմիկների մասին, որոնք բազմաթիվ աշխարհներ անցնելով, բազում վտանգներ հաղթահարելով, իրավիճակներից ելքեր գտնելու վճռականությամբ զինված և հոգում պահած գանձերին ապավինելով` հասնում են իրենց երազանքին։ Գանձերի պահապանը նրանց է հանձնում բարությունը, ճշմարտությունը և համբերությունը՝ որպես պայքարի, դժվարին իրավիճակները հաղթահարելու բանալիներ։
Տեղեկացնենք նաև, որ «Միասին» թատերախումբը ստեղծվել է 2022 թ․ և իր գործունեության երկու տարիների ընթացքում հասցրել է հանդես գալ մի շարք ներկայացումներով՝ «Ավելի ուժեղ, քան թվում է», «Սուրբ Ծննդյան ծառը», «Խաղաղ մանկություն» և այլն։ Հյուրախաղերով ներկայացել է մայրաքաղաքի և մարզերի հանդիսատեսին՝ արժանանալով ջերմ ընդունելության։
Թատերախմբի միջոցով շարունակվում է երեխաների և, առհասարակ, հասարակության համար բազմազանությունը որպես արժեք ձևավորելու, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում իրական ներառում ապահովելու գործընթացը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ