Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի արցախցի այն ուսանողների ուսման վարձը, որոնք նախկինում արդեն սովորում էին հայաստանյան բուհերում

Դեկտեմբեր 21,2023 13:08

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման վերաբերյալ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կառավարությունը կփոխհատուցի արցախցի այն ուսանողների ուսման վարձը, որոնք նախկինում արդեն սովորում էին հայաստանյան բուհերում, բայց ուսման վարձը վճարվում էր կամ ԼՂ իշխանությունների, կամ ուսանողների ծնողների կողմից։

«Այս երկու խմբի ուսանողների համար էլ կայացվեց որոշում, որովհետեւ նրանց համար կրթության իրավունքի վերականգնման խնդիր մենք չունենք։ Այսինքն՝ այս ուսանողները մեր ուսումնական հաստատությունների ուսանողներ են եղել։ Շուրջ 935 ուսանողների մասին է  խոսքը, որոնցից 860 հետբուհական կրթության համակարգից են, եւ 75 ուսանող ՄԿՈւ համակարգից է։ Սրանով մենք փոխհատուցում ենք առաջին կիսամյակի ուսման վարձը՝ մոտավորապես 264 մլն դրամի չափով։ Եվ գումարը նվիրաբերության պայմանագրերով կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին»,- ասաց նա։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել, որը վերաբերում էր այն ուսանողներին, որոնք սովորում էին ԼՂ ուսումնական հաստատություններում եւ հայտնվելով Հայաստանում՝ կրթության շարունակության խնդիր ունեին։

«Իսկ հիմա իրենք տեղավորվե՞լ են մեր քոլեջներում, բուհերում։ Չնայած ես այդպիսի մի դեպքի անձամբ եմ ականատես եղել, որ ԼՂ-ում քոլեջում սովորող ուսանողն արդեն մեզ մոտ սովորում է, աշխատում է։ Նրանք, ովքեր ցանկացել են շարունակել ուսումը, շարունակո՞ւմ են, ունե՞նք այդ վիճակագրությունը»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Ժաննա Անդրեասյանն ի պատասխան ասաց, որ այսօրվա դրությամբ ավելի քան 1800 արցախցի ուսանողներ են սովորում Հայաստանի բուհերում։ Եվ ավելի քան 1100 արցախցի սովորում են հայաստանյան քոլեջներում ու ուսումնարաններում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031