Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարիքային կենսաթոշակ ստացող գիտնականները կարող են ե՛ւ թոշակավորվել, ե՛ւ շարունակել իրենց գիտական գործունեությունը»․ կառավարության նոր որոշումը

Դեկտեմբեր 21,2023 12:47

«2021 թվականից սկսել ենք գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման գործընթաց, որն այս փուլում շարունակվելու է մինչեւ 2026 թվականը։ Եվ մենք որոշել էինք, որ ինչպես մի շարք այլ դեպքերում, գիտաշխատողների դեպքում էլ ատեստավորման արդյունքում տեղի կունենա աշխատավարձերի բարձրացումը։ Բայց նաեւ մյուս կողմից, մենք արձանագրել ենք, որ նախկինում գոյություն ունեցած ատեստավորման չափանիշները մեր ընթացիկ նպատակների հետ համապատասխան չեն, եւ մենք հիմա լավարկում ենք ատեստավորման այդ չափանիշները»,- կառավարության այսօրվա նիստում Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նոր չափանիշներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարից, բայց պարտադիր կիրառությունը 2026 թվականից կլինի։ Ըստ նրա՝ այսօրվանից արդեն պետք է գիտաշխատողները պատրաստվեն այդ ատեստավորմանը, քանի որ լուրջ որակական պահանջներ են դրված։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացման հարցին։ Ըստ նրա՝ լաբորանտ-ճարտարագետների աշխատավարձերը 2024 թվականին 2018 թվականի համեմատ կբարձրանան 78 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ին այդ բարձրացումը կկազմի արդեն 105 տոկոս։ Ավագ լաբորանտի եւ ճարտարագետի աշխատավարձը 2018 թվականի համեմատ 2024 թվականի հունվարի մեկից կբարձրանա 105 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 135 տոկոսով։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 110 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 145 տոկոսով։ Գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 154 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 205 տոկոսով։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 203 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 246 տոկոսով։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 267 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 288 տոկոսով։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 262 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 300 տոկոսով։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 171 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից, 217 տոկոսով։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 218 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 238 տոկոսով։

«Երեկ մենք քննարկում էինք ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը եւ քննարկում էինք նաեւ, որ մեր ռազմավարությունները պետք է միտված լինեն պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ Եվ, ահա, այս որոշման մեջ տեսնում ենք նման մի կոնկրետ օրինակ, երբ տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող գիտնականները կարող են եւ թոշակավորվել, եւ համապատասխան ստանդարտներով շարունակել իրենց գիտական գործունեությունը։ Մենք քննարկում էինք, որ ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը եւ որակավորումը»,- ասաց նա։ Ըստ Փաշինյանի՝ հետագայում էլ աշխատավարձերի շարունակական մեխանիզմ կներդրվի, որպեսզի գիտական գործունեությունը պատշաճ գրավչություն ունենա երիտասարդների եւ ոչ երիտասարդների համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031