Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ տարբեր տեղեկություններ կան, բայց 100-ից ավելի մարդ գերեւարված է». Արշակ Գասպարյան

Դեկտեմբեր 21,2023 12:16

Բաքվի բանտերում դեռ պահվող հայ գերիները չեն կարողանում պատշաճ իրավական աջակցություն ստանալ, հարազատների հետ պատշաճ տեսակցել, շփվել՝ միջազգայնորեն սահմանված չափանիշներին հարիր. այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ճշմարտության և արդարադատության կենտրոնի (CFTJ) ղեկավար Արշակ Գասպարյանը՝ հավելելով, որ սրանք մարդու իրավունքի խախտումներ են, որոնք արձանագրված են:

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը (CFTJ), ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Շուրջ երեք տասնյակ իրավաբաններ՝ ազգությամբ հայ եւ ոչ հայ, կենտրոնում աշխատանք են տանում միջազգային իրավական հենքով փաստահավաք առաքելություն իրականացնելու ուղղությամբ. կենտրոնի փաստահավաք առաքելությունն այս ընթացքում վերաբերվել է Արցախին եւ արցախցիներին: Ներկայացվել են ավելի քան 30 զեկույցներ՝ միջազգային տարբեր կառավարական եւ ոչ կառավարական մարմինների: Գերիների խոշտանգումների 10 դիմում է ներկայացվել, որոնք քննության փուլում են:

«Մեր բոլոր գերիները՝ անկախ նրանից քաղաքական, քաղաքացիական, թե զինվորական անձինք են, բոլորն անխտիր պիտի վերադառնան իրենց տներ եւ սա չպիտի լինի որեւէ շուկայական հարաբերության գործոն: Անկախ նրանից, թե ո՞ր կոնվենցիայով, ի՞նչ բնութագիր կտանք՝ ռազմագերիներ, քաղբանտարկյալներ եւ այլն, նրանք այնտեղ են, որովհետեւ հայեր են ու սա ապացուցված է: Որքան էլ հասկանալի է, որ միջազգային իրավունքը չի գործում անջատ, ինքնուրույն՝ առանց միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության, այնուհանդերձ, ամենակարեւոր գործողությունները, որ պետք է անենք բոլորս միասին՝ միջազգային կազմակերպություններ, լոկալ կազմակերպություններ, անհատներ, խմբեր, որոնք նույնպես շատ արդյունավետ աշխատում են այս ոլորտում, անել ամեն բան՝ հստակ, ուղղորդված քայլեր, բոլոր այն մարդիկ, որոնց վերաբերյալ ունենք տեղեկություններ, որ Բաքվի բանտերում են կամ չունենք տեղեկություն, բայց բռնի անհետացել են, վերադառնան: Վկաների՝ այս մասին վկայություններ տալը, թիվ մեկ առաջնահերթությունն է»,- ասաց Արշակ Գասպարյանը՝ կարեւորելով անհերքելի եւ անխոցելի ապացույցների տրամադրումը միջազգային ատյաններին: Նա հայտարարեց, որ կենտրոնի աշխատանքը մի շարք դրական լուծումներ է բերել ՀՀ-ին, այդ թվում նաեւ գերիների վերադարձի առումով:

Բանախոսը տարակուսած է նաեւ, թե ինչո՞ւ ՀՀ-ն հստակ թիվ չի հրապարակում՝ քանի՞ հայ մարդ կա Բաքվի բանտերում: Սա, ըստ նրա, ադրբեջանական կողմի համար խաղաքարտ է՝ հայերի վրա հոգեբանական ճնշում գործադրելու առումով: Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը որեւէ տեղեկություն չի տրամադրել գերեւարվածների, մահացածների մասին:

«Շատ տարբեր տեղեկություններ կան, բայց 100-ից ավելի մարդ գերեւարված է»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ այս հարցերի վերաբերյալ չպիտի դադարենք խոսել, թե միջազգային, թե ազգային՝ տեղական մակարդակում:

Բանախոսի պնդմամբ, առանցքային են վերադարձած գերիների վկայությունները, նրանց հրապարակած անունները, այդ թվում նաեւ հրամանատարների, ովքեր կարող են մասնակցություն ունենալ գենոցիդի կամ մարդկության դեմ ուղղված հանցագործության մեջ:

Այս իմաստով նա նաեւ մի փոքր ուշացած է համարում ՀՀ-ի միացումը Հռոմի կանոնադրությանը: Կարեւորում է նաեւ Կապալայի արձանագրության վավերացումը, որն արձանագրում է ագրեսիան, որպես հանցագործություն:

Իսկ գերիների վերադարձից հետո նրանց հարազատներին հորդորում է՝ լինել աչալուրջ, որպեսզի մարմինները մանրամասն զննվեն՝ բռնության հետքերի հայտնաբերման համար, առողջական վիճակի համեմատական վերլուծություն անել, որպեսզի հնարավոր լինի փաստաթղթավորում ապահովել: Բանախոսը բարձիթողի վիճակ է գնահատում հոգեբանական ցավ ու տառապանքի հաշվառման եւ գնահատման հարթությունում, իսկ հետսթրեսային խախտումները դրսեւորվելու են 1-3 տարի անց: Անհրաժեշտ է համարում ուշադրության կենտրոնում պահել նաեւ մարդկանց վերականգնումը: Այս ամենը ՀՀ-ի պոզիտիվ պարտավորությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031